2020 թվականի նոյեմբերից եւ հատկապես 2023-ի սեպտեմբերից հետո բազմաթիվ հայեր գտնվում են ծանր սթրեսային վիճակում: Իմ տպավորությամբ, այդպիսի մարդիկ (որոնց թվին նաեւ ես եմ պատկանում) Հայաստանում, համենայնդեպս, մեծամասնություն չեն կազմում: Դա, իհարկե, վատ նշան է: Ենթադրենք, մարդը վարակվել է մահացու հիվանդությամբ, բայց նրա մարմնի ոչ մի օրգան ցավ չի զգում: Դա նշանակում է, որ օրգանիզմը դիմադրելու որեւէ ներուժ չունի եւ այդպես էլ մահանալու է:
Բայց նրանք, ում օրգանները (ներառյալ ուղեղը) դեռեւս վերջնականապես չեն անզգայացել, այդ մարդկանցից շատերը փորձում են հասկանալ, թե որտեղ են իրե՛նք սխալվել: Դա, գոնե իմ դեպքում, նման չէ «բոլորս ենք մեղավոր» բովանդակազուրկ բանաձեւին: Եթե խոսքն Արցախը, ինչպես նաեւ ՀՀ տարածքի առնվազն 150 քառակուսի կիլոմետրը թշնամուն հանձնելու մասին է, ապա այստեղ մեղավորները հայտնի են: Դա ռուս-թուրքական ալյանսն է եւ այդ դաշինքի կամակատար Նիկոլ Փաշինյանն՝ իր թիմով: (Այն հանգամանքը, որ Փաշինյանն, իր սահմանափակ ընկալումներով, փորձում է ինչ-որ «խաղեր տալ», իրավիճակը չի փոխում):
Իսկ թե ինչու է Հայաստանի հասարակության մեծամասնությունն այդ ամենի հանդեպ անտարբեր, այստեղ ես տեսնում եմ նաեւ իմ մեղավորությունը: 90-ականների երկրորդ կեսին եւ 2000-ականներին ես ինչ-որ չափով նպաստել եմ այն նիհիլիզմին, որը տիրում է մեզանում այսօր: Հակադրվելով կեղծավորությանը, երեսպաշտությանը՝ քմծիծաղով եմ վերաբերվել, երբ մարդիկ խոսում էին ազգային արժեքների եւ հավատքի մասին:
Այստեղ անհրաժեշտ էր թացը չորից զանազանել: Նշված ժամանակահատվածում մարդիկ շատ էին կուրծք ծեծում՝ իրենց «ազգային գործիչ» կամ «հավատացյալ» անվանելով, բայց պարզ էր, որ նրանք ձեւեր էին թափում, զբաղված էին իրենց բարեկեցությունն ապահովելով: Այդ մարդիկ, ինչ խոսք, արժանի էին հեգնանքի: Բայց այդ հեգնանքը, գուցե իմ կամքից դուրս, տարածվում էր իսկական, ճշմարիտ արժեքների վրա:
Կարդացեք նաև
2020 թվականին ես զգացի, որ իմ համաքաղաքացիները «հոգին անզգայացնելու» չափից դուրս մեծ բաժին «թմրամիջոց» են ընդունել՝ գուցե նաեւ իմ այդ անտեղի հեգնանքի պատճառով: Այժմ սխալներն ուղղելու ժամանակն է, առողջանալու եւ առողջացնելու ժամանակը: Բնականաբար, չէր խանգարի, որ ամեն մեկս սկզբի համար տա այն հարցը, որը դրված է այս հրապարակման վերնագրում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան, համաձայն եմ, բայց այլ հարց ունեմ: Հայերենում ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ բառ կա՞՞ Մեղք բառն ունենք: Նկատել եմ, որ այս սխալը լայնորեն տարածված է բոլոր լրատվամիջոցներում:
Մարդ կա իր կյանքն է զոհաբերում հանուն հայրենիքի,
մարդ էլ կա իր կյանքը վայելում է այդ զոհաբերության հաշվին:
… սա Հայաստան է և պայքար, պայքար մինչև վերջը:
Շնորհակալ եմ Արամ Աբրահամյանին անկեղծ և ազնիվ դրսևորման համար։ Այո բոլորս ունեցել ենք մեր մեղքի բաժինը, բայց սեփական մեղքը գիտակ
Ես իմ կողմից շնորհակալ եմ Արամ Աբրահամյանին անկեղծ և ազնիվ դրսևորման համար։ Այո, բոլորս ունեցել ենք մեր մեղքի բաժինը, որ Հայաստանում հանդուրժել ենք իրար հաջորդող մի քանի ապազգային իշխանությունների, բայց դրա ընթացքում սեփական մեղքը գիտակցելը և հրապարակային խոստովանելը դա ազնիվ և ուժեղ մարդանց
հատկանիշն է։
Սա առաջ տանող մոտեցում է և առաջիկայում
գուցե ուրիշներն էլ ?հետևեն հեղինակին և անկեղծանան թեկուզ իրենք իրենց մեջ։ Համոզված եմ, որ դրանից երկրում դեպի դրականը շատ բան է փոխվելու։ Գոնե այս հարցում թշնամին մեզ ոչնչով չի կարող խանգարել։ Ապագայում միշտ հաղթում են ազնվությամբ բյուրեղացած ու հայրենասիրությամբ տոգորված ազգային էլիտայից սերված առաջնորդները և նրանց ետևից գնացող հասարակությունները։
Պետք է խոստովանել, որ դուք չեք փոխել ձեր սկզբունքները, բայց սկզբունքներն իրենք են փոխվել, և դուք դա ժամանակին չեք նկատել։
Հիմա փորձեք հասկանալ մի մարդու, ով չէր սխալվել, համոզված էր, որ ներկայիս վիճակը բացարձակապես անխուսափելի է, և այն եկել է։ Չնայած այն ամենին, ինչ տեղի ունեցավ 35 տարի շարունակ։ Այս վիճակը, հավատացեք, պակաս ողբերգական չէ։ Պարզվում է, որ այդքան խեղված ճակատագրեր, զոհողություններ ու դժվարություններ են պահանջվել, որպեսզի անխուսափելին տեղի ունենա։
Հավանաբար գիտեք հայտնի անեկդոտն այն մասին, թե ինչպես է Աստված դիտել հայերի պահվածքը և եկել այն եզրակացության, որ
հայերը “հույսը դրել են իր վրա”։ Սա ձեր այն վիճարկվող թեզին է, որ «բոլորս ենք մեղավոր»։
Nimar, բայց քո սիրելի նիկոլը ոչ թե ինչ-որ բան է հասկացել ու փրկել ազգին, այլ կատարել է օտարների պատվերը, դավաճանելով մեր ազգին, ուրացել է Արցախը և այդ տարածքում ճանաչել ադրբեջանի ինքնիշխանությունը։ Քո նման նիկոլապաշտներն արդեն փոքրամասնություն են մեր երկրում, այնպես որ ձեր մոտ չի ստացվի դավաճանի իմիջը փրկելը։
Նախ ձեզի հաւաստիացնեմ որ, Աւանդական Սփիւռքի մէջ, այն հայերու պարագային որոնք սերունդներէ ի վեր կ’ապրին որպէս հայ, *ծանր սթրեսային վիճակը* պատած է, զգետնած է՝ բոլորին: Ոչ թէ մեծամասնութեան, այլ բոլորիս: Զիրար տեսնելու, իրարու հետ խօսելու իսկ սիրտ չունինք: Ամէն մէկը կծկուած է իր անկիւնը, եւ չի գիտեր թէ ինչպէս պիտի շարունակէ իր կեանքը:
Իսկ այդ հաւաքական, ծանրագոյն սխալը որուն կ’ակնարկէք, հետեւեալն է:
Մօտաւորապէս 1980ական թուականներէն սկսեալ, Հայութեան մէջ ուսեալ, զարգացած անձերը, իրենք իրենցմէ ցած, իրենց մտային մակարդակից ստոր ու ստորին համարեցին՝ ազգայնական գաղափարաբանութիւնը:
Եւ այ՛դ պատճառով է որ այդ գաղափարաբանութիւնը դարձաւ՝ անգէտ, անխելք, անարժան մարդոց, մենավաճարը: Բառին փոխաբերական եւ տառացի իմաստներով:
Եւ որքան որ այդպէս եղաւ, որքան որ տգէտների, շարլաթանների եւ յիմարները ձեռքը մնացին ազգային արժէքները, նոյնքան՝ լաւ մարդիկը, խելացի, բանիմաց, եւ իսկական կարողութիւններ ունեցող մարդիկը, հեռացան այդ արժէքներից, եւ սկսան զանոնք ծաղրել ու հեգնել:
Եւ այս է, այո, էական պատճառը, որ մեզ հասցուց այժմու վիճակին:
Այն ինչ որ ես յատկապէս չկրցայ հասկանալ այն է որ, ապազգային կամ ուղղակի հակաազգային դիրքեր բռնած այդ բոլոր, մինչդեռ ուսեալ եւ/կամ զարգացած մարդիկը, ինչպէ՞ս չէին սորված – կամ մոռցան – այն ամենապարզ իրողութիւնը, որ Հայ Ազգի Գաղափարին ծնունդ տուողները, ու Հայութեան համար այդ փրկարար յղացքին վրայ հիմնուած, Հայոց Զարթօնքը իրականացնողները՝ մտաւորականներն էին: Ամենաբարձր որակի եւ մակարդակի, Մտքի մարդիկ: 1930ական թուականներէն սկսեալ: Անո՛նք է որ, անէութեան ընդմէջէն, տեսական հանգրուանէ մը ետք՝ կարծր գետնի վրայ, ծնունդ տուին Հայոց Ազատագրական Պայքարին, Հայ Ազգի զինեալ, մարտական վերականգնումին: Առանց որուն, երբեւիցէ գոյութիւն չէր ունենար՝ այժմու Հայաստանի Հանրապետութիւնը: Ոչ ալ կրնայինք ազատագրել Արցախը:
Մ. Հայդուկ Շամլեան
*1830*ական թուականներէն սկսեալ պիտի գրէի, անշուշտ, մեր ազգային Զարթօնի ակունքներու առնչութեամբ
այս erratum-ի առիթով, նաեւ ըսեմ որ Ձեզանից շատ, շա՜՜՜տ առաջ, շատ ուրիշներ կան, Հայաստանի եւ Սփիւռքի մէջ, որոնք պէտք է նախ կատարեն իրենց mea culpa-ն, ուղղակի այս նոյն նիւթին առնչութեամբ… բայց անշուշտ բան մըն ալ չեն ըներ, անոնք…
Հա, իսկ ընդառաջելով խմբագրականի վերջին տողերում ձեր քաղաքավար հրաւէրին՝
. Ես սխալուեցի, հաւատալով այն քարոզչութեան – քառորդ դար տեւողութեամբ -, որ մենք ունինք կարողութիւնը՝ յաղթելու, որեւէ պարագային որ թուրքերը յարձակին:
Այն աստիճան, խոր միամտութեամբ, հաւատացի այդ կոթողային սուտին, որ կը կարծէի թէ թուրքերը չեն յարձակվում, հենց այդ պատճառով:
. Սխալվեցի նաեւ, կարծելով որ նոյնիսկ եթէ Հայութեան մէջ փոքրամասնութիւն էին ազգային ուժերը, այդ փոքրամասնութիւնը իսկ բաւարար կը հանդիսանար առաջքը առնելու այն ծայրագոյն Աղէտին, որ սակայն տեղի ունեցաւ, եւ տակաւին չէ աւարտած:
Հարգելի Հ.Շ.
Շատ դիպուկ ու համապարփակ շարադրել եք էությունը։ Միանգամայն համաձայն եմ, որ սրանք այն հիմնական սխալ պատկերացումներն էին, որոնք հանգեցրին այսօրվա իրավիճակին: Բայց պարտություններից կարելի է դասեր քաղել ու առաջ գնալ։ Ավելի վստահ, խոհեմ՝ հենվելով ոչ թե պաթոսի վրա, այլ սթափ գնահատելով սեփական հնարավորությունները և աշխատելով դրանք մեծացնելու ուղղությամբ։
Այդ տեսակ յաղթանակին յաջորդող՝ այս տեսակ պարտութիւն մը, որեւէ տեղ չի թողեր, *առաջ գնալու համար* : Ոչ, ոեւէ հասուն մարդու համար:
Կը մնայ միայն որ ձեւը գտնենք ապրելու, այս ցաւն ալ՝ մեր մէջը:
Իսկ ըսածներս որեւէ ձեւով չեն քաւեր աններելի մեղքերը ՀՀ այժմու վարչակարգին: