Նոր հետազոտությունը զգուշացնում է, որ աղտոտված օդի՝ անգամ կարճ ժամանակով ազդեցությունը մեծացնում է մոտակա մի քանի օրերին կաթվածի առաջացման վտանգը։ Այս եզրակացությանը հանգել են Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում անցկացված 110 հետազոտությունների ամփոփիչ զեկույցում։
Դիտարկվող աղտոտիչի բնույթից կախված՝ կաթվածի վտանգը մեծանում է 5-28 %-ով՝ աղտոտված օդի առաջին ազդեցությունից սկսած առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Նաև նշվել է, որ մթնոլորտային օդում սահմանային թույլատրելի խտությունները գերազանցող աղտոտիչների ազդեցությունից հետո մահվան վտանգի կտրուկ բարձրացում է նկատվել։ Ընդ որում, այդ ռիսկը տատանվում է 2-60 %-ի սահմանում՝ կախված աղտոտիչի տեսակից, քանի որ որոշ տեսակներ ավելի վտանգավոր են։
Կաթվածն աշխարհում տարեկան մոտ 5 միլիոն մարդու կյանք է խլում․ նշվում է Neurology ամսագրի սեպտեմբերյան համարում։
Նշված հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է կաթվածի ռիսկի և օդի մի քանի առանցքային աղտոտիչների ազդեցության կապը, ներառյալ՝ ազոտի երկօքսիդի, օզոնի, ածխածնի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ հետազոտությունում դիտարկվել է իշեմիկ կաթվածի 18 միլիոն դեպք, երբ դադարում կամ խաթարվում է ուղեղի արյան շրջանառությունը։
Զեկույցի համաձայն՝ ազոտի երկօքսիդի ազդեցությունը 28 տոկոսով մեծացնում է կարճ ժամանակում կաթվածի զարգացման վտանգը և 33 տոկոսով՝ կաթվածից մահվան վտանգը։
Ածխածնի երկօքսիդի, ծծմբի երկօքսիդի և օզոնի բարձր խտությունները կապվել են կաթվածի վտանգի բարձրացման հետ 26%, 15% և 5%-ով համապատասխանաբար։ Ծծմբի երկօքսիդի ազդեցության պատճառով կարճ ժամանակում կաթվածից մահվան վտանգը շատ բարձր է եղել՝ կազմելով 60%։
Հետազոտությունում նաև ուսումնասիրվել է հարաբերական ռիսկը, որն առաջացնում է օդն աղտոտող շատ մանր մասնիկների կարճաժամկետ ազդեցությունը՝ համեմատած ավելի խոշոր մասնիկների ազդեցության հետ։
Օրինակ, օդի որոշ աղտոտիչներ, որոնք կոչվում են PM1, 1 միկրոնից պակաս տրամագիծ ունեն և անզեն աչքով անտեսանելի են․ համեմատության համար նշենք, որ մարդու մազը կազմում է մոտ 70 միկրոն։ Օդի այլ աղտոտիչները, այդ թվում ավտոմեքենաներից, գործարաններից արտանետվող գազերի մասնիկները, անտառային հրդեհների պատճառով առաջացող աղտոտիչներն ավելի խոշոր տրամագիծ ունեն (PM2,5), ավելի մեծ չափսերով են առանձնանում PM10 աղտոտիչները՝ ներառելով ճանապարհների ու շինարարական հրապարակների փոշին։
Ըստ այդմ PM1 աղտոտիչների ազդեցությունը մեծացրել է կաթվածի վտանգը 9%-ով, PM2,5 աղտոտիչները 15% ով մեծացրել են կաթվածի զարգացման և 9%-ով կաթվածից մահվան վտանգը։ PM10 աղտոտիչները կաթվածի ռիսկի հետ կապվել են 14%-ով, իսկ կաթվածից մահվան վտանգի հետ՝ 2%-ով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է օդի աղտոտվածությունն առաջին հերթին մեծացնում կաթվածի վտանգը, հետազոտողները նշել են մի շարք պատճառներ, որոնց թվում են զարկերակային ճնշման բարձրացումն ու թրոմբների առաջացման վտանգը, արյունատար անոթների թաղանթների ամբողջականության խաթարումն ու սրտի ռիթմի խանգարումները։
Ելնելով այս տվյալներից՝ փորձագետները զգուշացնում են՝ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գոտում գտնվող մարդիկ հատկապես պետք է տեղեկացված լինեն աղտոտված օդի ազդեցության վտանգների մասին՝ հաշվի առնելով այն փաստը, որ աղտոտված օդի հետ անգամ կարճաժամկետ շփումը կարող է ճակատագրական լինել։
Եթե մարդը ստիպված է գտնվել աղտոտված օդի ազդեցության գոտում, ապա փորձագետները խորհուրդ են տալիս գոնե կրել N95 պաշտպանիչ մակարդակով դիմակներ։
Այդ դիմակները, որոնք լայն տարածում գտան համավարակի շրջանում, այսօր էլ արդիական են, և թեև դրանք իդեալական չեն, բայց օդի որոշ աղտոտիչներ կարող են ֆիլտրել՝ կանխելով դրանց ներթափանցումն օրգանիզմ։ Փորձագետները նաև զգուշացնում են, որ շինությունների ներսում ևս օդը կարող է աղտոտված լինել, և օդի որակի մասին տեղեկությունը թույլ կտա մարդուն վերահսկել իր առողջությունն ու դրա հետ կապված ռիսկերը։
Հասկանալու համար, թե որքանո՞վ են վերոհիշյալ ռիսկերը վտանգում հայ հասարակության առողջությունը, ծանոթացանք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի»՝ ՀՀ մարզերում և Երևանում մթնոլորտային օդի որակի մասին պատմող վերջին տվյալներին, որոնց համաձայն՝ Երևանի կոնտրոնում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը, ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում և Շենգավիթում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մի քանի օր շարունակ։ Փոշու պարունակության սահմանային թույլատրելի խտության խախտումներ էին առկա նաև Գյումրիում, Արարատում, Վանաձորում և այլուր։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ