Մեծ նպատակները գերի են դառնում կազմակերպիչների անձնական ամբիցիաներին ու տապալվում
1988թ.-ից մինչ այսօր հայ ժողովրդի մոտ միայն մեկ անգամ՝ նույն տարվա փետրվարի 20-ից սկիզբ առած Համազգային շարժման ընթացքում տեսա նպատակներ ու սկզբունքներ, որոնց հետեւանքով այդ շարժումը պսակվեց հաջողությամբ: Դրանից հետո, բազմաթիվ անգամներ հայերը հայտնվել են տարբեր ճակատագրական իրավիճակներում եւ նրանց մոտ լուրջ նպատակների ի կատար ածման եւ սկզբունքների գործածման լուրջ քայլեր չտեսա: Միշտ ականատես եմ եղել միայն դրանց տեսական լուրջ ձեւակերպման եւ անձնական ամբիցիաների պատճառով դրանց կյանքի չկոչվելու՝ գործի չվերածվելու իրողությանը, որն առ այսօր շարունակվում է ճիշտ նույն կերպ, առանց գործնական արդյունքներ արձանագրելու: Եթե նույնիսկ հարցը վերաբերում է երկրի, հայրենիքի, պետության լինել-չլինելուն, ապա դրանց կազմակերպիչների անձնական ամբիցիաները թույլ չեն տալիս միասնական գործել եւ նպատակներն ու դրանց միտված գործողությունները կեսից տապալվում են: Մեծ նպատակները գերի են դառնում կազմակերպիչների անձնական ամբիցիաներին ու տապալվում: Այդպիսի տպավորություն է թողնում Արցախի փրկության հիմքի վրա ձեւավորված, իշխանափոխության համար ձեւավորված հինգ հոգանոց ազգային կոմիտեն, որը մի քանի հանրահավաք կազմակերպելուց հետո, կածես գնում է ինքնալուծարման՝ մի կողմ թողնելով ժողովրդին հղած խոստումները եւ այն վերածում ձայն բարբառո հանապատի: Ժողովրդի եւ պետության հավաքական սխալներով կորցրինք ամենաթանկը՝ Արցախը եւ խելքի չեկանք, ի՞նչ է, հիմա էլ պատրաստվում ենք Հայաստանը կորցնե՞լ …
Ասեմ, որ նման շարունակության դեպքում, հավանաբար, այդպես էլ կլինի: Հազար անգամ կյանքը ցույց է տվել, որ մենք մշտապես առաջնորդվում ենք «գնա մեռի, արի գովեմ» սկզբունքով, այսինքն՝ միշտ ուշացած եւ այս անգամ էլ հավանաբար՝ Հայաստանի հարցում եւս կուշանանք: Բոլորը մշտապես եւ ամենուրեք խոսում են երկրի փրկության մասին, կարծես համարյա ամեն ինչ տեսականորեն ճիշտ են վերլուծում, սակայն հենց գալիս է գործի հերթը, ապա եթե ուրիշ ոչինչ, ապա նրանց մեջ գլուխ են բարձրացնում անձնական ամբիցիաները, որն ավելի բարձր են դասում, քան պետության ու ժողովրդի շահերը եւ արագ փչացնում նախկին որոշումները՝ երկիրը մատնում զոհաբերության: Ցավոք, այդ անձինք իրականում՝ առանձին-առանձին վերցրած, շատ հայրենասեր են, սակայն հենց հերթը հասնում է իրենց էգոյին, ապա ոչ մի քայլ չեն զիջում եւ գործում են Կռիլովի հայտնի առակի հերոսների նմանությամբ եւ փչացնում ամեն ինչ: Մնում է լոկ մի ճանապարհ. միասնական ուժերով որեւէ նպատակի հասնելու համար, նրանք պարտադիր պետք է նախապես պայմանավորվեն, որ իրենց նպատակը պետք է լինի՝ զուտ այդ նպատակին հասնելը, որից հետո իրենք պետք է հեռանան այդ գործընթացից եւ շարունակությունը կյանքի կոչեն այլ կարող անձինք, ովքեր առանց ցնցումների կարող են պլանավորված գործերը նպատակասլաց տանել առաջ, լրիվ կողքի դնելով անձնական ամբիցիաները, հավակնությունները, սեւեռվելով միմիայն հայրենիքի ու պետության նպատակների իրականացման վրա: Պարզվում է, որ հայը կոլեկտիվ պայմաններում միայն այս կերպ կարող է հասնել ուզած նպատակին եւ գրանցել նորմալ շարունակություն: Մի՞թե արցախյան վերջին իրադարձությունները մեզ դաս չեղան, որպեսզի մի կողմ թողնենք անձնական ամբիցիաները եւ սկսենք լրջմիտ զբաղվել երկրի գործերով: Ստացվում է, որ հայի տեսակը կարող է հաջողություններ գրանցել լոկ նման պարագայում, այլապես համարյա միշտ ուշանում ու սխալվում ենք եւ լոկ նպաստում ենք արտաքին եւ ներքին թշնամիների ծրագրերի իրականացմանը: Եթե անգամ այսքանից հետո էլ չենք հասկանում դա, ապա Աստծո պատվիրաններում պարզորոշ նշված է, որ հպարտությունը եւ անձնական ամբիցիաները մեծ մեղք են եւ դադարեցնենք ամեն կերպ դրանք առաջ մղելը: Վերջապես, պետք է մի օր մենք էլ հասկանանք, որ պետք է առաջնորդվենք զուտ պետական ու ազգային շահերով եւ երբեք անձնական շահերը չշփոթենք դրանց հետ, քանզի առանց պետական ու ազգային շահերի հաջողության, որեւէ մեկի մոտ անձնական հաջողություն գրանցել անկարելի է: Եթե չեն հասկանում, ապա կարող եմ բարձրաձայնել, որ անձնական շահն ու ամբիցիան զրո են՝ ոչինչ են, եթե չկա հաղթանակած պետական ու ազգային շահ: Անձնական շահը դավաճանության պես մի բան է, որի պտուղները «վայելեցինք» ու շարունակում ենք «վայելել» արցախյան վերջին իրադարձությունների ամբողջ ընթացքում՝ մինչ այսօր ու դեռ շարունակ՝ բավականին երկար ժամանակ:
Մենք համոզվեցինք նաեւ, որ ոչ մի տեսակ սկզբունք չկարողացանք կիրառել անգամ նենգ թշնամու դեմ եւ ամեն ինչ կորցրինք:
Կարդացեք նաև
Իրականում, հենց սա ենք մենք:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի արտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2023