«Պինգվինի քայլը» իտալական կատակերգություն է, որտեղ գլխավոր դերերում են Էդոարդո Լեոն, Անտոնելլո Ֆազարին, Ռիկի Մեմֆիսը եւ Էնիո Ֆանտաստիչինին: Ռեժիսորը Կլաուդիո Ամենդոլան է։
Պատմությունն անհաջողակ Բրունոյի մասին է, ով իր «հիմար» գաղափարների պատճառով անընդհատ անախորժությունների մեջ է ընկնում: Ֆիլմի բուն սյուժեն պտտվում է Բրունոյի այն գաղափարի շուրջ, որ պետք է կյորլինգի թիմ հավաքել եւ մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին: Այս իր գաղափարը նա արդարացնում է այն փաստով, որ կյորլինգն այնքան «անհասկանալի» եւ «անհետաքրքիր» խաղ է, որ հազիվ երկու-երեք թիմ կարող է հավաքվել ամբողջ աշխարհից:
Բրունոյին հաջողվում է թիմ հավաքել, որի մեջ մտնում են ինքը, իր ընկերը, նախկին տուգանք գրող ոստիկանը եւ Նենոն, ով վիրտուոզ բիլիարդ խաղացող է: Բրունոն ընտանեկան խնդիրներ ունի, որոնք հիմնականում կապված են տան վարձի հետ, իսկ այդ վարձի գումարով՝ որն ի սկզբանե նախատեսված էր իր տղայի համար, նա կյորլինգի պարագաներ է ձեռք բերում: Կինը նրան դուրս է վռնդում տանից, ինչից հետո Բրունոն որոշում է լրջանալ եւ նոր աշխատանք փնտրել: Արդյունքում՝ ինչպես հրամայում է ժանրը, Բրունոն եւ իր կինը բարիշում են եւ նա մասնակցում է կյորլինգի խաղերին, մասնակցելն այս պարագայում չակերտավոր է ասված, քանզի իր թիմը խաղի ընթացքում միավորներ չի կարողանում վաստակել, միայն վերջում է Բրունոյին հաջողվում միավոր շահել եւ ֆիլմն ավարտվում է:
Գլխավոր հերոսի կերպարն այս ֆիլմում առաջին հայացքից կարող է տհաճություն առաջացնել: Այո, նա անհաջողակ է, ով իր տղայի համար նախատեսված գումարը վատնում է իր մանկական հիմար գաղափարի վրա, անպատասխանատու մարդ է, ով ստում է իր կնոջը եւ անիմաստ հույսերով կերակրում, բայց պետք է հիշել, որ սա կատակերգություն է եւ այստեղ պատմությունը կառուցված է ուռճացվածության վրա:
Ֆիլմը ունի շատ պարզ եւ մասսայական հանդիսատեսին հասանելի փիլիսոփայություն՝ ձգտիր հասնել երազանքին, բայց հաշվի նստիր սիրելի մարդկանց հետ: Գլխավոր հերոս Բրունոն ֆիլմի սկզբում եւ վերջում ամբողջովին այլ մարդ է, պատմության ընթացքում նա փոխվում է, հասկանալով իր սխալները եւ հետեւություններ անելով դրանց վրա: Այս կատակերգությունը փորձում է հանդիսատեսի համար տհաճություն առաջացնել գլխավոր հերոսի հանդեպ, բայց այնպես է անում, որ դիտողը արդյունքում կարեկցի հերոսին եւ ցանկանա, որ նա հաջողություն ունենա, իսկ արդյունքում ցույց է տալիս, որ հաջողությունը միայն հաղթանակի տեսքով չէ, որ հանդես է գալիս: Բացի գլխավոր հերոսի սյուժետային կամարից, այստեղ մյուս բոլոր կերպարներն իրենց խնդիրներն ունեն, որոնք չնայած այն փաստին, որ գտնվում են հետին պլանում, միեւնույն է` փակվում եւ հանգուցալուծվում են արդյունքում: Գլխավոր հերոսի ընկերն ունի հայր, ով հոգեկան հիվանդություն ունի, եւ ով ձկնորսություն է անում երեւակայական կարթով: Թիմի մյուս երկու անդամները նախկինում թշնամիներ են եղել, որտեղ մեկի գործողությունների արդյունքում երկրորդը բանտում է հայտնվել: Այս բոլոր երկրորդական սյուժետային կամարներն աշխատում են, որպես ընդմիջումներ:
Ֆիլմը պահպանում է հստակ հավասարակշռություն կոմեդիայի եւ տրագեդիայի միջեւ, որտեղ, իհարկե, գերակշռում է կատակերգական բաժինը, բայց չի անցնում այն երեւակայական սահմանը, որի անցումը կհանգեցներ հանդիսատեսի կողմից ֆիլմի սխալ ընկալման:
Ամփոփելով կարելի է ասել, որ այս ֆիլմը ընտանեկան կոմեդիա է, որտեղ առկա են պարզագույն մարդկային խնդիրներ, որոնց հերոսների կողմից լուծման աբսուրդի ժանրին պատկանող լուծումները ժպիտ կարող են առաջացնել, այս ֆիլմը ներկայացնում է իր փոքր աշխարհի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը, որը ընկալելի եւ հասկանալի կարող է լինել թե մեծահասակների, թե փոքրերի համար:
Գարեգին ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կինոգետ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2023