Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական գալա համերգ եւ օգնություն արցախահայերին

Հոկտեմբեր 25,2023 12:30

Օրերս Լոնդոնի Լորդերի Պալատի հարեւանությամբ գտնվող Սուրբ Ջոն Սմիթ Սքուեր համերգասրահում կայացավ գալա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Համերգի կազմակերպիչն էր բրիտանահայկական «Քլինգեն» երգչախումբը եւ մշակութային ասոցիացիան՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության եւ Միացյալ Թագավորության Հայկական Համայնքային Խորհրդի հովանու ներքո: Ներկա էր 400-ից ավելի հանդիսական, երեկոն վարում էր անվանի դերասանուհի Ջոանա Զորյանը։

ՄԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը իր ելույթում ներկայացրեց Արամ Խաչատրյանի կյանքն ու միջազգային ձեռքբերումները։ Իր գոհունակությունը հայտնեց «Քլինգեն» երգչախմբին, մշակութային ասոցիացիային եւ գեղարվեստական ղեկավար Սիփան Օլահին՝ համերգի նախաձեռնության համար։

Համերգի ընթացքում հնչեց «Խաչատրիանա» սյուիտի բրիտանական պրեմիերան՝ «Գայանե», «Դիմակահանդես» եւ «Սպարտակ» բալետներից հատվածների պոպուրի, այնուհետեւ «Լեզգինկան», որը կատարեց Լոնդոնի Քլինգեն կամերային նվագախումբը՝ դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ:

Համերգի առաջին բաժինը եզրափակվեց Խաչատրյանի «Գարուն Երեւան» երգով, որը կատարեց անվանի տենոր Սիփան Օլահը՝ նվագախմբի հետ։

Նշենք, որ նվագախմբային ստեղծագործությունների գործիքային փոխադրումները կատարել էր մաեստրո Սիփան Օլահն այս համերգի համար։

Միջոցառման երկրորդ հատվածում հնչեցին Խաչատրյանի հանճարեղ գործիքային եւ վոկալ ստեղծագործությունները՝ Անի Բատիկյանի՝ ջութակ, Պոլինա Շարաֆյանի՝ ջութակ, Յուլիա Չապլինայի՝ դաշնամուր, Մարիա Փալազյանի՝ դաշնամուր, Ջեք Հակոբ Մուրադյանի՝ հոբոյ, Հայարփի Եղիկյանի՝ սոպրանո, Սիփան Օլահի՝ տենոր, կատարմամբ։

Խաչատրյանի երկու երգերի «Ուռենու Երգ» եւ «Կենաց Երգ» երգչախմբային մշակումները կատարեց «Քլինգեն» երգչախումբը՝ Սիփան Օլահի ղեկավարությամբ։

Համերգի ավարտին դեսպան Ներսիսյանը փոխանցեց ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգիրը՝ հասցեագրված Սիփան Օլահին՝ արտերկրում հայ մշակույթի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Համերգի ընդմիջմանը ՄԹ-ում Հայկական Համայնքային Խորհրդի կողմից տեղադրված էր նվիրատվությունների արկղ՝ բռնի տեղահանված արցախահայությանը օգնելու նպատակով։

«Առավոտ» օրաթերթ
24.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031