Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնն անձամբ է հետեւում

Հոկտեմբեր 25,2023 12:00

Փարիզը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հայ ժողովրդի պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ է

Հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիա:

Այս տարվա հունիսի 20-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Պապիկյանը, երբ հանդիպել էր Լըքորնյուի հետ, նրանք քննարկել էին 2022թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Օրերս Ֆրանսիայի պաշտպանության նախարարը «Le Parisien»-ի հետ զրույցում հայտնեց, որ Երեւանն ու Փարիզը ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր: Հաստատելով, որ ընդունելու է Հայաստանի իր պաշտոնակից Սուրեն Պապիկյանին՝ Լըքորնյուն ասել էր. «Վաղը մենք պաշտոնապես կձեւակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը, մասնավորապես՝ կստորագրենք պայմանագիր, որը Հայաստանին թույլ կտա ապահովել իր երկնքի պաշտպանությունը»: Պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը, նախարարը նկատել էր. «Շատ կարեւոր է հնարավորություն տալ Հայաստանին պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը եւ ապահովելու իր սահմանների պաշտպանությունը»: Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չի կարծում, որ Փարիզը կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Ֆրանսիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները։ Այն, որ պաշտոնական Փարիզը համաձայն է Երեւանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման պայմանագիր, Հայաստան այցի ժամանակ հայտնել էր նաեւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Այսպիսով, Փարիզը հստակ արձանագրել է, որ ուսումնասիրում է Երեւանի պաշտպանական կարիքները, եւ որ դիտարկում են Հայաստանից եկող պահանջները, որպեսզի մեր երկիրը կարողանա պաշտպանել իրեն։ Ավելին, Ֆրանսիայի Պնախարարը հայտնել էր մի առիթով, որ իր երկրի նախագահն անձամբ է հետեւում այդ հարցին, որը կարեւոր է Ֆրանսիայի, շատ ֆրանսիացիների համար: Փարիզը միաժամանակ շարունակաբար ընդգծում է, որ պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ որ հայ ժողովրդի պաշտպանությունը Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան Երեւանում ՀՀ ԱԳ նախարարի հետ ասուլիսում հայտնեց, որ Փարիզը համաձայն է Երեւանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր. «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկայի տրամադրումը Հայաստանին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել, պարզ է, որ առայժմ չեմ կարող մանրամասնել այս հարցը: Ես նաեւ պաշտոնապես գրավոր դիմել եմ Եվրամիության ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին դիտորդական առաքելությունը ընդլայնելու ու մանդատը հզորացնելու համար, որ կարողանան է՛լ ավելի օգտակար լինել Հայաստանին։ Ես նաեւ առաջարկել եմ ներառել Հայաստանը խաղաղության Եվրոպական մեխանիզմի մեջ, ինչպես օրինակ՝ ծրագիրը, որ իրականացվում է Մոլդովայի համար»։

Ֆրանսիացի նախարարը Երեւանում հույս հայտնեց, որ «ԵՄ-ն եւ դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ, որ կարող ենք մեր հույսը դնել նաեւ այլ գործընկերների եւ բարեկամների վրա, մասնավորապես, նկատի ունեմ նաեւ ԱՄՆ-ին»։

Փարիզի ուշադրությունը Հայաստանի նկատմամբ դրսեւորվեց նաեւ մեկ այլ որոշմամբ, երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիան Սյունիքում կունենա պատվո հյուպատոս: Այս որոշման հիմքում Հայաստանի համար այդ կարեւոր տարածաշրջանում Ֆրանսիայի ներկայությունն ամրապնդելուն ուղղված քայլն էր: Կոլոննան այս առիթով ընդգծել էր. «Սա մի ձեւ է ցույց տալու, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմամբ ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ»։

Պաշտոնական Բաքուն բավական ջղաձիգ է ընդունում Փարիզի կողմից Հայաստանի նկատմամբ դրսեւորվող հավատարմության հստակ քայլերն ու գործողությունները: Վերհիշենք, թե ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիեւը չեղարկեց իր մասնակցությունը Գրանադայի բանակցություններին: Հոկտեմբերի սկզբին X-ի իր էջում Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն գրեց` «շրջափակման» եւ «բռնի տեղահանվածների» մասին Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունները Երեւանում «չեն նպաստում խաղաղությանը… Նրա հայտարարություններն այն մասին, որ «Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է» վերջնականապես հանեցին Ֆրանսիայի՝ բարեխիղճ եւ չեզոք միջնորդ լինելու դիմակները»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անգամ հարկ համարեց առանձին հայտարարությամբ հանդես գալ, եւ անընդունելի համարեց` «Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը, քանի որ դա տարածաշրջանում անվտանգության ռիսկեր է պարունակում»։ «Անընդունելի է Հայաստանին ամեն կերպ զինելու, նրան կրկին ագրեսիայի եւ ռազմական արկածախնդրության ներքաշելու Ֆրանսիայի ցանկությունը: Ֆրանսիան պետք է հասկանա, որ այդ ջանքերը, ինչպես նաեւ մեր տարածաշրջանում միջամտելու պատմականորեն ձեռնարկվող փորձերը, ձախողվելու են», – ասվում էր մի երկրի գերատեսչության հայտարարությունում, որը շարունակում է զինվել ու Թուրքիայի հետ պարբերաբար զորավարժություններ է անցկացնում։

Այնուհետեւ, Գրանադայի հնգակողմ հանդիպումը չեղարկելուց բառացիորեն ժամեր անց Բաքուն հայտարարեց, թե պատրաստ է շարունակել քննարկումները Բրյուսելում, բայց՝ եռակողմ՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Եվ չնայած Ալիեւի հետ հանդիպումը չեղարկվեց, Փաշինյանը մեկնեց Գրանադա։ Պաշտոնական Բաքուն բացեիբաց հայտարարեց մասնակցությունից հրաժարվելու պատճառների մասին, այն է` Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին հայտարարած Ֆրանսիային կողմնակալ են համարում, բացի այդ, շեշտում էին, թե Թուրքիայի մասնակցության հարցով համաձայնություն ձեռք չի բերվել։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունեց Եվրամիության առաջնորդներին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի մասին համատեղ հայտարարությունում նշվեց, որ նախկինի պես հանձնառու են մնում՝ առաջ մղելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն հաստատելու գործընթացը՝ հիմնված միմյանց ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու վրա։ Ադրբեջանին կոչ արվեց ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացած կամ իրենց տները վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Բոլոր կողմերին նաեւ կոչ է արվել ձեռնպահ մնալ ուժ կիրառելուց կամ ուժի դիմելու սպառնալիքներից։

Այսպիսով, հոկտեմբերի 23-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանը եւ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրեցին:

Աջակցություն օդում եւ գետնի վրա․ այսպես է ֆրանսիական կողմը մեկնաբանում Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը։ Ֆրանսիական մամուլն անմիջապես հայտնեց, որ Փարիզը Երեւանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաեւ կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայերենով է մանրամասնել՝ ինչպես են օգնելու Հայաստանի պաշտպանությանը։ Դրա համար Փարիզն առաջիկայում Երեւան կգործուղի իր սպայական կազմի ներկայացուցիչներից մեկին, որը խորհուրդներ կտա ՀՀ ՊՆ-ին, կաշխատի սպայական եւ ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ՝ լեռնային պայմաններում պայքարի հմտությունները բարելավելու համար։ «Մենք պահպանում ենք մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, թեեւ նույն ռազմական եւ քաղաքական դաշինքներին մաս չենք կազմում։ Դրանք հիմնված են մի պարզ սկզբունքի վրա՝ պետք է կարողանալ ինքդ քեզ պաշտպանել», ասել է Լըքորնյուն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031