Ինչպես է պատահում, որ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո մեր դատավորները մշտապես խնդիրներ են ունենում հատկապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության հետ: Դեռ չեմ հիշում մի նախկին դատավորի, որը դատական ատյանով վերականգնած չլինի կամ դատարան դիմած չլինի իր կենսաթոշակի հետ կապված հարցերով:
Այս տարվա հուլիսի 3-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության դեմ՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով եւ 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3.1-րդ մասով սահմանված կարգով հայցվորի կենսաթոշակը հաշվարկելուն, որպես հետեւանք՝ ոչ իրավաչափ հաշվարկման արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարի չափով վերջինիս վճարելուն պարտավորեցնելու, որպես հետեւանք՝ հայցվորին վճարել ոչ իրավաչափ հաշվարկման արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարի չափով, պահանջի մասով ՀՀ վարչական դատարան է դիմել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր (Կենտրոն եւ Նորք -Մարաշ նախկին նստավայր) Ալեքսեյ Սուքոյանը:
Դատավոր Արթուր Ծատուրյանի հուլիսի 11-ի որոշմամբ այն ընդունվել է վարույթ: Դատարանի նույն օրվա որոշմամբ, որպես երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Նոյեմբերի 23-ին նշանակվել է նախնական դատական նիստը:
Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները, իսկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այս տարվա հունիսի 16-ին դիմել էր Սահմանադրական դատարան: Նա խնդրել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի որոշակի կետերից զատ՝ «Աշխատանքային օրենսգրքի» 114-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Սահմանադրության 28-րդ, 29-րդ եւ 49-րդ հոդվածներին հակասող (Խորհրդի կողմից իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով չի ապահովում դատավորների լիազորության դադարեցման արգելքը ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում):
Կարդացեք նաև
Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատավոր, ՀՀ արդարադատության նախարարի նախկին օգնական Արթուր Մկրտչյանի հայցադիմումը նույնպես Միասնական սոցիալական ծառայության դեմ է: Արթուր Մկրտչյանի՝ 27.03.2023թ. դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում նրա հաշվարկված կենսաթոշակի չափը 2023 թվականի հունվարի 1-ից ենթակա է վերահաշվարկման՝ 832.000 ՀՀ դրամի չափով պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ աշխատանքային ստաժի համար 24 տոկոսի չափով հաշվարկված 199.680 ՀՀ դրամի չափով հավելավճարի հանրագումարի՝ 1.031.680 ՀՀ դրամի 55 տոկոսի՝ 567.424 ՀՀ դրամի չափով: Միասնական սոցիալական ծառայությունը փաստաթուղթ պետք է տրամադրեր: Դատարանից այդ փաստաթուղթը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին է: Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանի որոշմամբ, նախնական դատական նիստը նշանակվել է այս տարվա դեկտեմբերի 13-ին: Այս գործով էլ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներգրավված է որպես երրորդ անձ:
Նախկին վարչապետի գործը նույնպես ՀՀ վարչական դատարանում է:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայցադիմումը Միասնական սոցիալական ծառայության դեմ գործի քննությունը ՀՀ վարչական դատարանում նշանակվել է գալիք տարվա՝ 2024թ. փետրվարի 13-ին:
Հրանտ Բագրատյանը դատարան էր դիմել այս տարվա սեպտեմբերի 15-ին, պահանջելով պարտավորեցնել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը իրեն տրամադրել 22.10.2021 թվականի դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը:
Դատավոր Վարազդատ Միքայելյանը հետազոտման անհրաժեշտությունից ելնելով, գտել էր, որ անհրաժեշտ է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունից, որպես ապացույց, պահանջել ներկայացնել նշյալ սոցիալական ծառայությանը ուղղված 22.10.2021 թվականի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ամբողջ նյութերը: Ի դեպ, դրա համար նշել էր անգամ ժամկետ՝ երկու շաբաթվա ընթացքում:
Իսկ դեռ անցյալ տարվա՝ 2022թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչական դատարան էր դիմել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (2006-2008) Գագիկ Ջհանգիրյանը, ով նախկինում եղել է ՀՀ զինվորական դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ (հրաժարական է տվել 2022թ. հուլիսին): Դատավոր Աննա Դիլբարյանի այս տարվա՝ 2023թ. հունվարի 3-ի որոշմամբ վարույթ էր ընդունվել Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության հայցապահանջը, որով Գ. Ջհանգիրյանը խնդրել է պարտավորեցնել նշյալ պատասխանողին՝ ծառայությանը, ընդունել «դատախազի կենսաթոշակ նշանակելու մասին» որոշում եւ անվավեր ճանաչել Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի 05.12.2022 թվականի գրությունը եւ 04.10.2022 թվականի որոշումը՝ հայցվորին դատախազի կենսաթոշակ չնշանակելու մասով:
Այս գործով էլ նախնական դատական նիստ, դատաքննություն հրավիրելուց հետո, փոխվել է դատավորը: Դատավոր Անի Չիլինգարյանի որոշմամբ ապրիլից դատաքննության փուլում գտնվող գործով հուլիսի 19-ին «նախնական դատական նիստ», ապա՝ դատաքննության փուլ հասել, ապա այս նոյեմբերի 7-ին նշանակվել նախնական դատական նիստ:
Նշեմ, որ երրորդ անձ ճանաչված ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է առարկություն: Դատարանը ապացույց է պահանջել նաեւ պատասխանող՝ Միասնական սոցիալական ծառայությունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.10.2023