Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արթիկում բնակություն հաստատած Դանիելյանների ընտանիքին։
Անյա Դանիելյանը 3 որդիների ընտանիքների հետ Շիրակի մարզ է եկել Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից։ 14 հոգանոց ընտանիքն Արթիկում տուն է վարձել, մարզպետի հետ զրույցում նշել են, որ հյուրընկալությունից ու վերաբերմունքից գոհ են։
Մուշեղ Մուրադյանը վստահեցրել է՝ ամեն ինչ կարվի նրանց հոգսերը թեթևացնելու, խնդիրներն օր առաջ լուծելու համար և հետաքրքրվել նրանց կարիքներով․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հոգսերի թեթևացմանն են միտված մեր կառավարության ջանքերը։ Մենք ևս, որպես մարզային իշխանություն, պատրաստ ենք անելու հնարավորը ձեր խնդիրների լուծման համար։ Գիտեմ՝ դժվար է ձեզ համար, բայց և ուրախ եմ, որ մեր մարզը հավանել եք, մենք էլ սիրով ձեզ հետ կանենք ամեն ինչ, որպեսզի բարդությունները հաղթահարեք»։
Մարզպետն աշխատակազմի պատասխանատուների հետ տեսակցել է նաև Ֆարմազյան ընտանիքին, լսել նրանց մտահոգություններն ու կարիքները, պատասխանել հուզող հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։
Նշենք, որ Արթիկում և բնակավայրերում հաստատվել է բռնի տեղահանված 111 ընտանիք` 398 անձ, նրանցից 130-ը անչափահասներ են։
Շիրակի մարզպետի աշխատակազմ