Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերի 27-ին իմ երկրորդ չարաբաստիկ առավոտը եղավ․ քաղաքապետը եկավ, թե պիտի տեղահանվեք Ասկերանից»․ Սնեժանա Թամրազյան

Հոկտեմբեր 24,2023 20:45

Արցախից բռնի տեղահանված ու Կապանում բնակություն հաստատած Սնեժանա Թամրազյանն այս օրերին միացել է Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի անդամներին՝ կամավորական աշխատանքների մեջ ընդգրկվելով, Արցախից տեղահանված  հայրենակիցների համար առաջին անհրաժեշտության պարագաներ հավաքագրելով։

Երիտասարդ աղջիկը, որն Արցախի անունը լսելիս՝ հազիվ է զսպում արցունքները, իր մեջ ուժ է գտել կյանքը շարունակելու։

Նա  Aravot.am-ի հետ զրույցում պատմում է, որ Ասկերանը լքելուց հետո երկար ժամանակ ուշքի չէր գալիս, անդադար լացում էր։

«Անընդհատ լացում էի, ոչինչ չէի կարողանում անել, բայց հետո ուժ հավաքեցի ու հասկացա՝ ինձանից վատ վիճակում գտնվող մարդիկ կան։ Սեպտեմբերի 25-ին բենզինի լցակայանում տեղի ունեցած պայթյունից լիքը կորուստներ ենք ունեցել, անգամ պատերազմից այդքան շատ կորուստներ չենք ունեցել։ Ու այնտեղ գտնվող հիմնական մասն Ասկերանից էին, այնքան տղաներ են զոհվել, լիքը մարդու դեռ չեն կարողացել գտնել։ Շատ տղաներ հիմա այրվածքներով գտնվում են Երևանում։

Սեպտեմբերը մեր ազգի համար անիծված ամիս է։ Հասկանալով, որ այնքան կորուստներ ունենք, վերադարձնել չենք կարող, որոշեցի, որ որևէ կերպ ես էլ պիտի կանգնեմ իմ արցախցիների կողքին, և ինչպես Արցախում էի հասարակական գործունեությամբ աջակցում նրանց, այստեղ էլ որևէ կերպ օգնեմ, ցույց տամ, որ նրանց կողքին եմ»,-ասում է Սնեժանա Թամրազյանը։

Սնեժանան Կապան է տեղափոխվել ծնողների հետ, սկզբում բնակություն են հաստատել հորաքրոջ տանը, այնուհետ տուն վարձել։ Նա վստահ է, որ հայ երիտասարդները դեռ կկարողանան իրավիճակում փոփոխություն մտցնել։

«Հիմա եմ հասկանում՝ ինչքան էլ դժվարություններ ենք տեսել, Արցախում  մենք ամենաերջանիկն էինք, մենք մեր հողում էինք, մեր տանն էինք»,-ասում է մեր զրուցակիցը։

Երիտասարդ աղջիկն Արցախում  հիմնադրել է «Երիտասարդների միավորում հանուն արդարության» ՀԿ-ն։  Նա ասում է՝ 2020 թվականի պատերազմից հետո  երիտասարդներին հաջողվեց միավորել ու բազմաթիվ ծրագրեր իրագործել։ Առաջին ֆլեշմոբը, որ արել են, կոչվել է․ «Ես ապրելու եմ Արցախում»։

«Մեր ֆլեշմոբը միտված էր նրան, որ մենք կարողանայինք համախմբել ոչ միայն արցախցիներին, այլև Սփյուռքում և Հայաստանում գտնվող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ Արցախում կյանքը շարունակվելու է, մենք՝ երիտասարդներս, հստակ որոշում ենք կայացրել ապրել հենց Արցախում»։

2021 թվականի նոյեմբերին էլ «Ցավդ տանեմ, Արցախ» խորագրով մշակութային փառատոն են կազմակերպել, որի ժամանակ 300-ից ավել երեխաներ պատկերել են Արցախը, իհարկե, երբևէ չմտածելով, որ երբևէ բռնի կտեղահանվեն հայրենիքից։

Երիտասարդ աղջիկը հիշում է, որ սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտում՝ ընկերուհու հետ համալսարան գնալու ճանապարհին ձայներ են լսել ու տեսնելով խուճապի մեջ գտնվող մարդկանց՝ հասկացել են՝ պատերազմ է սկսվել։

Թաքնվել է նկուղներում՝ չկարողանալով կապ հաստատել Ասկերանում բնակվող իր ծնողների հետ։

Բայց երբ արդեն կարողացել է միանալ ծնողներին՝ Ասկերանում, շուտով ստիպված են եղել հայրենի քաղաքին հրաժեշտ տալ։

«Սեպտեմբերի 27-ին իմ երկրորդ չարաբաստիկ առավոտը եղավ․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և 2023 թվականի սեպտեմբերի 27-ն ամենասարսափելին էին։ Սեպտեմբերի 27-ին, երբ թվում էր, թե Ասկերանում ինչպես ապրում էինք, այնպես էլ կշարունակեինք, մեզ մոտ եկավ քաղաքապետը և տեղեկացրեց, որ ասկերանցիները ևս պետք է տեղահանվեն, մինչ այդ այդ Մարտակերտի և Մարտունու բնակչությանն էին տեղահանել»,-պատմում է Սնեժանան։

Մի քանի շոր վերցնելով՝ ճանապարհ են ընկել․ իսկ Հայաստան բերող 2 ժամվա ճանապարհը տևել է 28 ժամ։

Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031