Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 19-ին Նոր Հաճնի համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանի որդու մասնակցությամբ միջադեպը եղել է միջանձնային հարցերի շուրջ: Համայնքապետի որդին Նոր Հաճնի երկու այլ երիտասարդների հետ վիճել է մեքենայի հետ կապված հարցերով: Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, համայնքապետի որդու հետ վիճողները դանակի հարվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ: Վեճի մասնակիցները նախկինում միմյանց չեն ճանաչել, որեւէ կապ չեն ունեցել։
Համայնքապետի որդուն մեղադրանք է ներկայացվել, վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, սակայն դատարանի որոշմամբ տնային կալանք է ընտրվել։
Համայնքապետ Գագիկ Մաթեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում միջադեպի մասին որեւէ հարցի պատասխան չգիտեր, ասաց՝ որդին ձերբակալվել է ու ինքը չի հասցրել դեպքի մանրամասներից հարց ու փորձ անել: Մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն տեղեկություններ են հասել, որ որդին էլ է դանակի հարվածներ ստացել: Որքան էլ զարմանալի է, բայց համայնքապետը որդու՝ տնային կալանքի մասին էլ տեղեկություն չուներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ