Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավինյանն ընտրվել է 40+1 տոկոս ձայնով, անտրամաբանական է, որ իր լիազորություններն ուժի մեջ չմտնեն երդմնակալության նիստին 50+1 ձայնի բացակայության հիմքով»․ Արմեն Գալջյան

Հոկտեմբեր 24,2023 18:55

«Քաղաքապետի երդման արարողությունը արարողակարգային նիստ է, նիստի ժամանակ որեւէ որոշում  ավագանին չի ընդունել,  հետեւաբար, որպես այդպիսին իրավազորության հարց չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Բանն այն է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողության նիստը ավագանու ընդդիմադիր խմբակցությունները համարում են ոչ իրավազոր, քանի որ նիստն անցկացնելու համար քվորում չի եղել։ Ընդդիմադիրները չեն մասնակցել։

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ Հոդվածի համաձայն՝ «Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը»:

Ավինյանի երդման արարողության նիստին մասնակցել են միայն ավագանու  ՔՊ եւ «Հանրապետություն» խմբակցության անդամները, նրանց ընդհանուր թիվը 30 է, իսկ ավագանիում 65 անդամ է, ուստի քվորում ապահովելու համար հարկավոր է ավագանու առնվազն 33 անդամի մասնակցություն, ինչ արձանագրվում է նրանց ստորագրությամբ։

Aravot.am-ը Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից խնդրեց Ավինյանի երդման արարողության նիստի արձանագրությունը, որպեսզի պարզեինք այդ նիստին ավագանու անդամներից ովքեր եւ քանիսն են մասնակցել, սակայն մեզ վստահեցրին, որ նման ընթացակարգ չի եղել։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված երդման նիստի արձանագրություն էլ ընդամենը երդման մասին է, մասնակիցների եւ նրանց ստորագրությունների մասին ոչինչ չկա նշված։

Ավագանու «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ երդման նիստին չեն մասնացել, «Հանրային ձայնից» էլ Aravot.am-ին վստահեցրին՝ իրենց խմբակցության անդամներն այդ օրն անգամ մուտք չեն գործել քաղաքապետարանի շենք։

 Արմեն Գալջյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Հաշվի առնենք որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն քաղաքապետ կարող է ընտրվել մի դեպքում 40+1 տոկոս  ձայնով, Ավինյանի ընտրվելն այս դեպքն է եղել, եւ հետեւաբար, եթե 40+1 տոկոսով է ընտրվում, անտրամաբանական է, որ  իր լիազորություններն ուժի մեջ չմտնեն երդմնակալության նիստին 50+1 ձայնի բացակայության հիմքով։ Դա ընդամենը արարողակարգային նիստ է, եւ որեւէ որոշում չի կայացվել եւ իրավազորության հարց որպես այդպիսին չկա»։

Մեր դիտարկմանը՝ եթե անգամ արարողակարգային նիստ է, նիստն էլ կարգավորվում է Երեւանի ՏԻՄ օրենքով, ոչ թե տրամաբանությամբ, Գալջյանն ասաց՝  երդմնակալության նիստն առանձին է կարգավորվում եւ այդտեղ քաղաքապետի երդումը ոչ թե ավագանուն է տրվում, այլ՝ երեւանցիներին․ «Օրենքում այդպես էլ գրված է՝  երկու պայման կա՝ երդման տեքստ եւ նիստի օր։ Նիստը տեղի է ունեցել, քաղաքապետն իր երդումը տվել է երեւանցիներին՝ համապատասխան օրենքում գրված տեքստի»։

Ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 47-րդ հոդվածի՝  Քաղաքապետը իր լիազորությունները ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում Երևանի բնակիչներին տրված երդմամբ։  Այստեղ առանցքայինը «․․․ օրենքի ուժով հրավիրված նիստում․․․» ձեւակերպումն է,  եւ օրենքի ուժով հրավիրված նիստում քվորում պետք է ապահովվի, հակառակ դեպքում այս նիստի իրավազորությունը հարցականի տակ է, մեր այս դիտարկմանն ի պատասխան Գալջյանն ասաց․«Հիմա շատ մանր իրավաբանության մեջ ենք մտնում, որն այս ֆորմատով դժվար կկարողանանք իրականացնել։ Ես կրկնում եմ՝ Իրավազորության հարց որպես այդպիսին չկա, որովհետեւ ավագանին որեւէ որոշում չի ընդունել այդ նիստում»։

Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի երդման արարողության նիստի իրավազորությունը դատական կարգով պարզելու նախադեպը կա Փարաքար համայնքում։

Տիգրան Ավինյանի երդման արարողության նիստը քվորում չունենալու հիմքով նիստը առոչինչ համարելու պահանջով, ըստ էության ավագանու ընդդիմադիր անդամները  կարող են  դիմել դատարան, սա նաեւ, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՏԻՄ փորձագետներից մեկը, որպես հայցի ապահովում կարող են պահանջել կասեցնել Ավինյանի լիազորությունները։ Թեեւ, մինչ օրս ավագանու խմբակցություններից նիստի իրավազորությունը վիճարկելու մասին հայտարարություն չի եղել, չնայած որ եղել են հայտարարություններ քվորում չլինելու մասին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031