Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՔՊ խմբակցության պատգամավորները սկսեցին արձագանքել ընդդիմադիրների ելույթներին ու հեգնել: Արփի Դավոյանն ասաց. «Ձեր ելույթներ գրողին հուշեք, որ այլ բանի վրա ֆիքսվի: Այդ ելույթները արդեն բոլորս անգիր գիտենք սկզբից մինչեւ վերջ: Էսօր մի քիչ փոփոխությունների էիք ենթարկել, վերջում «հեռացեք» բառը չէիք ասում: Ձեզ միայն լուրջ են վերաբերվում ՀՀ սահմանից դուրս որոշակի շրջանակներ»:
Դիմելով «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին՝ Դավոյանն ասաց. «Դուք, որպես ՀՅԴ ներկայացուցիչ, երբեք ազգային շահերի դավաճանությունից չխոսեք, որովհետեւ այդտեղ Դաշնակցությունն անմրցելի է եւ ապացուցվել է ձեր 130 տարվա կատարողականով»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը բանաստեղծություն էր ասել: ՔՊ-ական Լուսինե Բադալյանին դուր եկավ, ասաց՝ տարբերվող է. «Խնդրեմ, շարունակեք նույն ոճով»:
Կարդացեք նաև
Ընդհանուր առմամբ Բադալյանը ընդդիմադիրներին մաթեմատիկայի դասերի հորդորեց հաճախել՝ բողոքելով, թե լավ չեն հաշվում արցախցիներին տրամադրվող օգնությունները, ուստի դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին. «Այս ամեն ինչը գումարելով, հանելով՝ հասկանում ես, որ մաթեմատիկայի հետ խնդիր կա: Այն, որ ժամանակ առ ժամանակ ԱԺ-ն դասընթացներ է կազմակերպում, օրինակ, ֆրանսերենի, կամ ինչի անհրաժեշտություն կա, ես ձեզ խնդրում եմ, պարզ մաթեմատիկայի դասընթացներ կազմակերպել մեր ընդդիմության համար»:
Դիմելով Լիլիթ Գալստյանին՝ նա ասաց. «Պետությունը 550 մլրդ դրամի եւ ավելի քան հազար անշարժ գույքի բռնագանձման հայց է ներկայացրել: Մի քիչ ուշադիր եղեք, որպեսզի իմանաք դրա մեծ մասը ում է պատկանում, կամ ձեր որ հարազատի, բարեկամների շրջանակներին է պատկանում, հետո նոր եկեք էստեղից մեծ-մեծ խոսեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ