ԱԺ-ում այսօր Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որն ասել էր՝ Մամիկոն Ասլանյանը 2 տարի նստած է միայն այն բանի համար, որ իշխանությունները չեն ուզում ընդդիմադիր համայնքապետ լինի:
Ալեն Սիմոնյանն ասաց. «Մեկն էլ լսի, կմտածի՝ Մամիկոն Ասլանյանը այդպես իշխանության ամենամեծ, ամենավախենալու բանն էր: Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ՝ ինչի՞ նստած չեն այն մարդիկ, ովքեր որ վաղուց պետք է նստած լինեին: Ինչի են մարդկանց, որ բռնում-տանում են, մի քանի ժամ հետո բաց են թողնում, ինչի՞ համար: Նախ, պետք է երեւի չբռնեն այն մարդկանց, ում հետո բաց են թողնելու: Այն մարդիկ, որոնք հեղափոխությունից սկսած՝ արդեն վաղուց պետք է դատված լինեին, այդ մարդիկ ինչի՞ հիմա նստած չեն: Իմ հարցն էլ դա է: Հիմա դատական իշխանությունը ի՞նչ անի, մի ոտքից մյուս ոտքն է թռնում: Կա երկու իրականություն՝ ձեր իրականությունը եւ կա այլ իրականություն՝ նստած չեն այն մարդիկ, որոնք հանցագործություններ են արել: Խոսքը ծաղկեցնելու համար մանիպուլյացիաներ են արվում՝ զգայուն թեմաների շուրջ: Պարոն Մինասյանը եկել ասում է՝ սա այն արդարադատությունն է, որտեղ դատարանի դահլիճում մարդ է մահանում: Դատարանի դահլիճում մահացած այդ մարդուն ես անձամբ ճանաչում եմ, Աստված հոգին լուսավորի: Դատարանի պատճառո՞վ է մահացել, որ հիմա դրա մասին խոսում եք: Բոլորս գիտենք չէ՞, որ բնական պատճառներով է դա եղել, ինչի՞ է պետք բերել, գցել էս կողմ, արդար չի:
Տիկին Խամոյանը եկել ասում է սեպտեմբերի 19-ին մարդիկ վրդովված էին եւ այլն: Էդ էն քֆուրներով փողոցներում վազվզող, մեքենա ջարդող տղաների՞ մասին եք ասում: Իրենց պետք էր տապալել պոլին, ինչը արվեց եւ ղրկել այնտեղ, որտեղ լինում են մարդիկ, որոնք Երեւանում խուլիգանություն են անում»:
Ալեն Սիմոնյանը հիշեցրեց «Հաց բերողին». «11-12 հիվանդությունով տարան նստացրեցին՝ մեռավ: Այնքան պահեցին էդ մարդուն, որ մահացավ: Լրագրող Գեղամ Մանուկյանը խի՞ չգնաց օրվա իշխանություններին ասեր՝ էս ի՞նչ եք անում: Հիմա եկել եք մեզ ինչ-որ բան եք ասում: Եկեք հասկանանք, որ կա երկու իրականություն: Այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռնտու չէ: Մարդիկ, որոնք Մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, ովքեր թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն: Իմ հարցը դա է: Քաղաքացիները մեզ են այդ հարցով դիմում: Մենք էլ, որպես ժողովրդավարական իշխանություն, երկու քարի արանքում ենք, չենք միջամտում դատական գործերին»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր ի հեճուկս ընդդիմադիրների գնահատականների, միջազգային կազմակերպությունները միաբերան ասում են, որ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբեւէ այսքան բարձր չի եղել, ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ