«Պարո՛ն Անդրեասյան, երբ դուք ներկայացնում էիք թեկնածուներին, մի լուր կարդացի, որ ԲԴԽ-ն որոշման նախագիծ է ուղարկել դատավորներին, համաձայն որոնց՝ տղամարդ դատավորները պարտավոր են սափրված, կամ դեմքի խնամված մազածածկով ներկայանալ: Ու ես անմիջապես հիշեցի, որ երբ դուք սափրված էիք եւ Մարդու իրավունքների պաշտպան էիք, ինչ լավ զեկույցներ էիք ներկայացնում, գնացուցակներ էիք ներկայացնում արդարադատության ընկալումներն էիք ներկայացնում: Ու հիմա լսում էի ձեր պատասխանները, մեղմ ասած զարմացած էի, ժպտում էի ընդամենը»,- ԱԺ-ում այսօր Վճռաբեկ քրեական եւ քաղաքացիական պալատի դատավորների թեկնածուների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ խոսելով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին:
Դիմելով հանրությանը՝ նա ասաց, որ այսօր շատ ճառեր կարող են լսել իշխանականների կողմից, թե ինչպիսի արդարադատություն կա մեր երկրում, ինչպիսի ժողովրդավարության բաստիոնում ենք ապրում, բայց վերջին իրադարձությունները այլ բանի մասին են խոսում. «Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, այստեղ՝ կառավարության մոտ իրենց ընտանիքի անդամներից մի մասին Արցախում թողած երիտասարդները եւ ոչ միայն նրանք, ինքնաբուխ խաղաղ բողոքի ակցիաներ էին կազմակերպել ու պահանջում էին լուռ դիտորդի կարգավիճակ ստանձնած կառավարությունից առնվազն ապահովել իրենց հարազատների անվտանգ տեղափոխումը Հայաստան: 2 օրվա ընթացքում միայն պաշտոնական տվյալներով շուրջ 700 քաղաքացի է բերման ենթարկվել, պատկերացնո՞ւմ եք ինչ ռեսուրս է ծախսվել այդ քաղաքացիներին բերման ենթարկելու համար: Հանցանք փաստող տեսանյութերի բացակայության պայմաններում բացառապես երկու եւ ավելի ոստիկանների ցուցումների հիման վրա քրգործեր են հարուցվել ու որպեսզի իշխանության սրտի դատավորները քիչ նեղություն քաշեն, զանգածային անկարգությունների հոդվածով քրեական գործեր են հարուցվել ու մեր տասնյակ քաղաքացիներ կալանավորվել են: Երեկ մեր գործընկերների հետ «Նուբարաշեն», Արմավիր» ՔԿՀ-ում էինք, տեսակցել ենք պայքարի մեր ընկերներին, բայց չկարողացանք գնալ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ կանանց գաղութ, որտեղ գտնվում է Տաթեւիկ Վիրաբյանը: Գիտե՞ք ինչու, որովհետեւ Քննչական խմբի ղեկավար Գագիկ Ալավերդյանը միջնորդել, իսկ ձեր կոլեգա դատավոր Մանվել Շահվերդյանը որոշել է, որ Տաթեւի տեսակցությունները փակեն, որ Տաթեւը գրեթե սերիական մարդասպան է եւ երկու անչափահաս երեխաների մայրը պետք է գտնվի տեսակցությունների արգելքի տակ: Սա եղել է դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը»:
Նշենք, որ ԲԴԽ նախագահը Մանվել Շահվերդյանի թեկնածությունը ներկայացրել է՝ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի համար:
Ագնեսա Խամոյանը հորդորեց ցույց տալ գեթ մեկ օրինակ, երբ կալանավորվել է որեւէ իշխանական քարոզիչ՝ ներազգային ատելություն, թշնամանք տարածելու համար. «Դուք չեք կարող բերել նման օրինակ, որովհետեւ չկա նման օրինակ: Ձեր արդարադատությունը ընտրովի է: Ձեր արդարադատությունը ելնում է նրանից, թե նախորդ օրը Նիկոլ Փաշինյանը ի՞նչ լայվ է անում, այդ լայվի ժամանակ նախկին նախագահներից մեկի որդու եւ ընկերների մասին ինչպիսի կոչ է անում, հաջորդ օրը այդ մարդուն կալանավորում են, հաջորդ օրը արձանագրվում է, որ երեք ոստիկան խոշտանգել են վերջինիս, իր մարմնական վնասվածքները բժշկական կենտրոնում արձանագրվում է, բայց վերջում այդ մարդն է հայտնվում ճաղերի հետեւում: Այ դա է ձեր արդարադատությունը, ունի կոնկրետ անուն ազգանուններ: Այս դեպքում, օրինակ, Մասիս Մելքոնյան: Իր որոշման մեջ գիտե՞ք ինչ է գրել, որ կալանավորում է մարդուն, որ հետո հանրահավաքներին չմասնակցի: Ձեր արդարադատությունը Մասիս Մելքոնյանն է»:
Կարդացեք նաև
Խամոյանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դեպքին. «Գեղամ Մանուկյանը այստեղ նստած է, մի ենիչերի այդ բողոքի ակցիաների ժամանակ հարձակվել է Գեղամ Մանուկյանի վրա, հարվածել, վերջինիս քիթը կոտրվել է: Քրեական գործ անգամ հարուցված չի, այ սա է ձեր արդարադատությունը: Ես հիմա դիմում եմ Վահե Ղազարյանին՝ դուք չգիտե՞ք ով է այն ոստիկանը, որը հարձակվել է ԱԺ պատգամավորի վրա: Շատ լավ գիտեք այդ ոստիկանին, նա շարունակում է իր ծառայությունը, ինչպես շարունակում են այն ոստիկանները, որոնք բռնություն են գործադրել քաղաքացիների վրա, հետո ցուցմունքներ են գրել, որոնց հիման վրա այդ քաղաքացիները կալանավորվել են ու հիմա առոք-փառոք պարգեւավճարները ստացած՝ շարունակում են իրենց ծառայությունը: Սա պաշտոնական տվյալ է՝ որեւէ ոստիկանի գործունեություն չի կասեցվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ