ԱԺ-ում այսօր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Անահիտ Հակոբյանին:
Թեկնածուն ԱԺ գալու ճանապարհին ինչ-որ անձնական խնդիր էր ունեցել ու չէր ներկայացել: Ուստի պատգամավորները որոշեցին հարցեր ուղղել Կարեն Անդրեասյանին:
Նախ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին ի պատասխան՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ բացի Անահիտ Հակոբյանի հետ կապված թեմայից, որեւէ հարցի չի պատասխանի. «Եթե շատ անկախ այլ մարմիններ այստեղ գալիս են տարեկան զեկուցումներով, հաշվետվություններով՝ երբեմն նույնիսկ ամսական կամ շաբաթական, ԲԴԽ-ն անկախ ճյուղ է՝ օրենսդրին ու գործադիրին համապատասխան, եւ մենք հաշվետու չենք պատգամավորներին՝ մեր գործունեության համար»:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «ԲԴԽ-այն մարմինն է, որը երաշխավորում է դատարանների անկախությունը, ձեր գնահատականն էի ուզում միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ դատական համակարգին տրվող գնահատականների մասով: Երկրորդը՝ հանիրավի կալանավորման ինստիտուտի կիրառման հարցն է հիմա շատ քննարկվում, երբ ակնհայտ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց խափանման միջոցն ընտրում են կալանավորումը՝ որպես ավելի շատ պատժի տեսակ: Բոլորիս պարտավորություն է իրավական պետություն կերտելը, դուք ձեր տեսակետը, խորհուրդը ներկայացրեք»:
Կարդացեք նաև
Անդրեասյանը պատասխանեց, որ Անահիտ Հակոբյանի թեկնածության հետ տվյալ հարցը որեւէ կերպ չի առնչվում ու ինքը նպատակահարմար չի գտնում այդ բանավեճի մեջ ներքաշվել. «ԲԴԽ-ն, ներկայացնելով դատական իշխանությունը, չունի հաշվետվության գործառույթ ԱԺ-ում»:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ Անդրեասյանն ինքն էր ընտրվելիս նույն ԱԺ-ի առաջ խոստումներ տալիս, թե հանդես կգա ճշմարտություններ բացահայտող քննադատություններով: Անդրեասյանը պատասխանեց, որ իրեն իր խոստումները հիշեցնելու կարիք չկա. «Ես խոստանում եմ, որ 2024-ի հունվարից հետո ես հաշվետու կլինեմ հանրությանը: Մեզ միջնորդական հաշվետվություններ պետք չեն, ես ուղիղ կխոսեմ հանրության հետ, կներկայացնեմ իմ արածը եւ չարածը եւ իմ լիազորությունների մեջ կներկայացնեմ իմ բոլոր մտորումները»:
Ինչ վերաբերում է թեկնածուին, Մինասյանն ասաց, որ այդպիսի դեպք չի հիշում, որ թեկնածուն չներկայանա խորհրդարան, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ անձնական հանգամանքներ կան, դրա համար նպատակահարմար չի գտնում պատճառը հրապարակել:
Հաջորդ թեկնածուն Մանվել Շահվերդյանն էր, որին ներկայացրեց Կարեն Անդրեասյանը: Արծվիկ Մինասյանը նրանից հետաքրքրվեց, թե կալանքի քանի՞ որոշում է կայացրել, որոնք բեկանվել են՝ Շահվերդյանը չհիշեց նման դեպք ու ասաց, որ նման որոշում կայացնելիս օրենքի, Սահմանադրության, իր ներքին համոզման վրա է հիմնվել. «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ եթե կալանքի որոշում է եղել, դա ապօրինի է կամ պատժի տարր ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ