Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանը: Նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ձայների 150 «կողմ» 5 «դեմ» հարաբերակցությամբ Կոնգրեսի նախագահ ընտրվեց Մարկ Քուլսը (Բելգիա)՝ 2,5 տարվա մանդատով։ Մարկ Քուլսը Կոնգրեսի Անկախ և Լիբերալ-դեմոկրատների խմբի նախագահն էր։
Իր ելույթում նորընտիր նախագահը հայտարարեց․ «Կոնգրեսի նախագահության՝ իմ նպատակներն են ամրապնդել Կոնգրեսի` որպես երկրորդ քաղաքական պալատի դիրքերը Եվրոպայի խորհրդում, ամրապնդել երկու ընտրված ժողովների՝ Խորհրդարանական վեհաժողովի և Կոնգրեսի դերը ԵԽ-ում որոշումների կայացման գործընթացներում, ապահովել, որ Կոնգրեսը լինի ԵԽ նախաձեռնությունների կենտրոնը դեպի տեղական ժողովրդավարություն և որ այն ստանա բավարար ֆինանսավորում իր գործունեության համար»։
Մարկ Քուլսը նաև կարևորեց կայացնել և իրականացնել Կոնգրեսի՝ մարդու իրավունքների կոնկրետ գործողությունների ծրագիրը։ Նորընտիր նախագահի համար առաջնահերթություն է նաև կոռուպցիայի դեմ պայքարն ու հանրային էթիկայի պաշտպանությունը համայնքներում, ինչպես նաև զարգացնել քաղաքային դիվանագիտությունն ու ակտիվորեն ներգրավել Կոնգրեսին։
Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում կընտրվեն նաև Կոնգրեսի երկու պալատների նախագահներ ու փոխնախագահներ։ Արդյունքները պարզ կլինեն հոկտեմբերի 25-ին։
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 25-ին Կոնգրեսի լիագումար նիստի ընթացքում տեղի կունենա սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցի քննարկումը։ Հիշեցնենք՝ Կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելությամբ Հայաստանում էր։ Այն դիտորդական առաքելություն իրականացրեց Երևանի 12 ընտրատարածքներում։
Հոկտեմբերի 26-ին՝ ԵԽ Կոնգրեսի նստաշրջանի վերջին օրը, տեղի կունենա «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարության քննարկում և քվեարկություն։
ԵԽ Կոնգրեսի նորընտիր նախագահի հետ Aravot.am-ի հարցազրույցը՝ շուտով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ