Ավելի քան 21,000 դպրոցահասակ երեխաներ մեկ ամիս առաջ ստիպված են եղել լքել իրենց տները իրենց համայնքներում ռազմական գործողությունների սրացման հետևանքով. նրանցից 3-ից 1-ին կրթությունը դեռ հասանելի չէ:
ԺՆԵՎ/ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի, 2023թ. – Ռազմական գործողությունների սրացումից մեկ ամիս անց, իրենց բնակավայրը բռնի լքած և Հայաստանում ապաստանած 21 000 փախստական երեխաների երկու երրորդն ընդգրկվել է դպրոցական համակարգում: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր նշել է, որ ջանքերն այժմ պետք է կենտրոնացնել դեռևս դպրոց չհաճախող երեխաների համար կրթությունը հասանելի դարձնելու վրա:
Հայաստանում ապաստանած երեխաները վերջին տարիներին որակյալ կրթություն ստանալու շարունակական հնարավորություն չեն ունեցել, ինչը էլ ավելի է կարևորում ներառական կրթական համակարգի ուղղությամբ աշխատանքները, որպեսզի բաց թողնված դասերը լրացնելու և անհատական կրթական կարիքները բավարարելու ուղղությամբ աջակցություն տրամադրվի:
«Դպրոցներն ավելին են, քան պարզապես ուսումնառության վայր, հատկապես տեղահանության և անորոշության պայմաններում: Կրթությունը շարունակելու հնարավորություն ունենալը փախստական երեխաներին որոշակիության զգացում և աջակցություն է տրամադրում, ինչն անհրաժեշտ է, որպեսզի նրանք հաղթահարեն իրենց հետ տեղի ունեցածը: Դպրոցները երեխաներին տրամադրում են նաև սնուցման, հոգեկան առողջության ծառայություններ, սոցիալականացման հնարավորություններ ու շատ ավելին՝ նպաստելով նրանց առողջությանն ու բարեկեցությանը», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Կարդացեք նաև
«Ներդրումների ընդլայնումը կարևոր է դպրոց չհաճախող փախստական երեխաների կրթության հասանելիության, ինչպես նաև բոլոր երեխաների համար դպրոցների ներառականության ապահովման համար
ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է ՀՀ կառավարության և այլ գործընկերների հետ՝ օժանդակելու փախստական երեխաներին ստանալ իրենց անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիտարկում է ներկայիս կրթական կարիքներն ու բացերը, ներառյալ այն ոլորտները, որոնց ամրապնդման կամ ընդլայնման դեպքում կաջակցենք բոլոր փախստական երեխաների արդյունավետ ինտեգրմանը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի շարք համայնքների տրամադրել է իր գլոբալ կրթական փաթեթներից, այդ թվում՝ «դպրոցը տուփի մեջ» և վաղ ուսումնառության համար նախատեսված հավաքածուներ: Բացի այդ, գործընկերների հետ արդեն բաշխել ենք թվով 1000 դպրոցական պայուսակներ՝ գրենական պարագաներով համալրված: Ի լրումն, ընթացքի մեջ է լրացուցիչ 2000 դպրոցական պայուսակների գնումների գործընթացը՝ լրացուցիչ կարիքներին արձագանքելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև պատրաստ է աջակցելու ուսումնական տարածքների ընդլայնմանը նոր աշակերտներ հյուրընկալող դպրոցներում և նախադպրոցական կենտրոններում:
Մինչ հիմա ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ, ինչպես նաև առողջապահական և սնուցման աջակցություն է տրամադրել մինչև 10,000 փախստական երեխաների և նրանց խնամակալներին: Գործընկերների հետ նաև տրամադրել ենք դեպքի վարման աջակցություն ավելի քան 1000 երեխաների և խնամակալների, իսկ ավելի քան 3000-ին՝ հոգեբանական առաջին օգնություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 12.6 միլիոն ԱՄՆ դոլարի հանգանակության կոչ է արել՝ առաջիկա վեց ամիսների ընթացքում կենսական նշանակության ծառայությունների, այդ թվում՝ կրթության, առողջապահության, երեխայի պաշտպանության, սնուցման, ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար:
ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան