ԱԺ-ում այսօր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին, որը ԲԴԽ անդամ է 2021-ից:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը թեկնածուին հարցրեց՝ այս խորհրդարանը ձեզ 5 տարով գործուղել է ԲԴԽ, ո՞րն է մոտիվացիան, որ մինչեւ ժամկետի ավարտը այլ պաշտոնի եք ուզում անցնել:
Խաչատուրյանը պատասխանեց. «Ես մշտապես ձգտել եմ եւ սա շատ լավ հնարավորություն է, որ իմ գիտելիքները, փորձը, իրավունքի փիլիսոփայությունը, այդ ամբողջը ներդնեմ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներում: Աշխատանքի ամենասիրելի հատվածը իմ համար եղել է ԲԴԽ որոշումների վրա աշխատելը, որտեղ կարողացել ենք հստակ տարանջատում մտցնել, օրինակ՝ դատական վերահսկողության, դատախազական հսկողության միջեւ: 2000-2005-ին, երբ ես աշխատել եմ փորձաքննությունների վարչությունում, մենք նաեւ ապահովում էինք Վճռաբեկ դատարանի ապագա դիրքորոշումների կամ արդեն պատճառաբանության ընթացքում տալիս էինք եզրակացություններ, աջակցում էինք, որպեսզի ապահովի դատական ակտերի համապատասխանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների: Իմ դատական կարիերան նաեւ սկսել եմ Վճռաբեկ դատարանից, իմ 4 մենագրությունը եւ տասնյակ հոդվածներ նվիրված են դատական իշխանությանը՝ լիազորություններին ու բարեփոխումներին»:
Սոնա Ղազարյանն արձագանքեց, որ չի վիճարկում նրա գիտելիքները, հմտությունները, ցանկությունները. «Բայց եթե ժամանակը հետ տանենք, 2021-ին դուք կրկին տպավորիչ ներկայացրել եք ձեր հմտությունները, կարողությունները, որոնք պետք կգան ԲԴԽ-ում: Գնահատելով ձեր ցանկությունները՝ ո՞րը պիտի լինի պատգամավորի մոտիվացիան ձեզ քվեարկելու՝ այն պարագայում, երբ դուք ավարտին չեք հասցրել 5 տարի ժամկետով ձեր գործառույթները ԲԴԽ-ում իրացնելու ձեր պարտականությունը»:
Կարդացեք նաև
Խաչատուրյանը պատասխանեց. «Ես ոչ թե գլուխ գովելու համար նշեցի այդ ամեն ինչը, այլ նրա համար, որ ունեցել եմ ԲԴԽ-ում փորձ, այդ ամեն ինչը ներառելու եւ Վճռաբեկ դատարանում այդ հմտությունները իրացնելու ավելի մեծ դաշտ կա: ԲԴԽ-ում կոնկրետ ինձ համար առաքելությունը իրականացված համարում եմ ոչ թե ժամկետային, որ աշխատել եմ կեսը, այլ իմ պոտենցիալի համարյա 90%-ն եմ իրացրել: Օրինակ, որոշումներ կան, որ առաջին ատյանի դատարանները կալանքների հարցերով վկայակոչում են հենց ԲԴԽ-ի որոշումները»:
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին նույնպես անհասկանալի էր՝ Խաչատուրյանը ինչո՞ւ է ԲԴԽ անդամի պաշտոնը թողնում, դառնում դատավոր. «Այդ հարցը չէր առաջանա, եթե դուք ՍԴ դատավորի պաշտոնին հավակնեիք: Փաստորեն, մենք ձեզ ընտրել ենք ԲԴԽ անդամ՝ հաշվի առնելով ձեր մակարդակը այդ ոլորտում, նաեւ փորձը, դուք նշեցիք, որ գրեթե 3 տարվա ընթացքում 5 տարվա գործ եք արել, սա նորից ապացուցում է մեր ճիշտ ընտրությունը, հետեւաբար կխնդրեի պարզաբանեք մոտիվացիան՝ ինչո՞ւ եք Վճռաբեկ ուզում գնալ: Երկրորդը՝ այս իրավիճակը վիրավորական չի՞ ԱԺ-ի համար, եթե մենք ձեզ ընտրել ենք ԲԴԽ անդամ, մոտ 3 տարի հետո դուք հավակնում եք այլ պաշտոնի: Եթե դուք չլինեիք ԲԴԽ անդամ, ապա ձեր աշխատանքային ստաժը, փորձը կբավարարե՞ր Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար»:
Խաչատուրյանը փարատեց Աղազարյանի կասկածները, որ ԲԴԽ-ն այսպես ասած որպես «աստիճան» է օգտագործել՝ իր երազանքի պաշտոնին հասնելու համար. «Իհարկե, կբավարարեր, դա թղթերում կա՝ աշխատանքային փորձը, տեւողությունը, 15 տարուց հաստատ շատ է՝ առանց ԲԴԽ-ի: Իմ ամբողջ գործունեությունը՝ նաեւ գիտական, դասախոսական, ԲԴԽ-ում, նվիրած է եղել իրավունքի զարգացմանը: Սա ոչ թե վիրավորվելու առիթ կարող է լինել, այլ նույն հմտությունների իրացման ավելի մեծ հնարավորությունների ընձեռում կարող է լինել ԱԺ-ի կողմից: Ես աշխատել եմ Վճռաբեկ դատարանում, նաեւ դասավանդել եմ 5 առարկա, դատախազության դպրոցում եմ դասավանդել»:
Աղազարյանը նաեւ հարցրեց՝ դուք պրակտիկ դատավոր չեք եղել, այդ բացը չի՞ խանգարի Վճռաբեկ դատարանի դատավոր լինել՝ նա պատասխանեց՝ լավ կլիներ, որ պրակտիկ փորձ լիներ, բայց Վճռաբեկը իրավունքի դատարան է, փաստի դատարան չի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ