«3+3» ձևաչափը երբեք չի դիտարկվել որպես հակամարտությունների լուծման հարթակ։ Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանային խորհրդատվական հարթակ ստեղծելու գաղափարն առաջ է քաշել Ալիևը 2020 թվականի պատերազմից հետո, որի նպատակը եղել է Հարավային Կովկասի երեք պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) և անմիջական հարևանների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան) միավորումը՝ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները ուսումնասիրելու համար։
«Ըստ էության այս հարթակը երբեք նախատեսված չի եղել կոնֆլիկտային իրավիճակների լուծման համար։ Բայց, ցավոք, արտատարածաշրջանային արտաքին խաղացողների կողմից կան փորձեր, որոնք իրենց նպատակներն են հետապնդում տարածաշրջանում և փորձում են տարածաշրջանային խնդիրների համար պարտադրել իրենց լուծումները՝ հիմնվելով ներքին օրակարգի վրա։ Նրանք փորձում են լարվածություն հրահրել Հարավային Կովկասում՝ վտանգելով երկարաժամկետ խաղաղության հասնելու հեռանկարները»,-հավելել է նա։
Ամիրբեկովի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի հարցով բանակցությունները։ «Բայց դա չի լինի «3+3» հարթակի շրջանակում, այլ կլինի Երևանի և Բաքվի միջև ուղիղ անմիջական բանակցությունների միջոցով՝ հիմնված հիմնարար սկզբունքների վրա, որոնք արտացոլված են խաղաղության համաձայնագրի նախագծում»,-հավելել է Ալիևի ներկայացուցիչը։