ՌԴ Պետդումայի պատգամավորները որոշել են անժամկետ հետաձգել ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության նպատակով ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական վկայականների ճանաչման նախագծի քննարկումը, հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
Անդրադառնալով հարցին՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ օրինագիծն ըստ էության առաջարկում է լրացուցիչ արտոնություններ շնորհել Հայաստանին, այն դեպքում, երբ Հայաստանի պատգամավորները, ղեկավարությունը, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ «Տեսնում ենք, որ Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակ չկա, վերջին որոշումներն ամենևին ուղղված չեն այդ ոլորտում հարաբերությունների զարգացմանը»։
Օրինագծի քննարկումը դադարեցնելու առաջարկով հանդես է եկել Պետդումայի տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, որի կարծիքով տվյալ նախաձեռնությունն այժմ չի բխում Ռուսաստանի շահերից։