Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ՝ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է․ ԿԳՄՍ փոխնախարար

Հոկտեմբեր 24,2023 13:25

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է պատվիրակության անդամներին և կարևորել ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցության ընդլայնումը ու զարգացումը:

«Մեր երկրների միջև համագործակցության ներուժը թույլ է տալիս խորացնելու հարաբերությունները մշակույթի, կրթության, գիտության, ինչպես նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ հատկապես ուզում եմ մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ: Հույս ունեմ, որ Հունգարիան կկիրառի իր հեղինակությունը և գործուն քայլեր կձեռնարկի կանխարգելելու վանդալիզմը, որի հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ավելի մեծ է»,- նշել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանն առաջարկել է նաև դիտարկել մշակույթի այլ ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ իրականացնելով համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային գործիչների փոխայցելություններ և այլն:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-հունգարական համագործակցության հեռանկարին կրթության բնագավառում:

Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ ոլորտային համագործակցության զարգացման հեռանկարները: Վերջինս ընդգծել է՝ Պազմանի կաթոլիկ համալսարանում ակտիվ գործունեություն է ծավալում հայագիտության ամբիոնը:

Կողմերը կարևորել են ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման և միջմշակութային կապերի զարգացման հնարավորությունների ստեղծումը:

Հանդիպման ընթացքում քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031