Թե ինչի է բերում ամեն ինչում «սեփական կետից սկսելը»՝ տեսնում ենք մեր աչքերով։ Ի՞նչ ցնցումների մեջ ընկաք, ոչ մի գնահատական չտվեցի։ Պարզապես ասացի՝ տեսնում ենք։ Դուք էլ եք տեսնում, հասկանում եք ողբերգության աստիճանը, բայց հետևություն անելու կամ ունակություն չունեք, կամ էլ ցանկություն։ Ավելի հեշտ է առանց իրար մատով կպնելու, գոռգոռալ՝ բա նախկինները, բա հիմա ինչ է․․․ Հետո գնալ քուչեն «պպզել», մի երկու բաժակ խմել, մի երկու թայլա նարդի կամ բլոտ խաղալ։ Վերջում էլ գոռալ 7-րդ հարկում ապրող կնոջը՝ «աղջի հՌոզ, պալդոն քից, ցրտից մեռանք, ես քու․․» ու վերջ։
Այդ ընթացքում իշխող ուժը անցել է «ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, ինչը կրթագիտական համակարգի հետագա բախտի սեփական կետից սկսելու դատավճիռն է։ «Ուզում եմ հիշեցնել, որ այս պատմությունը սկսվել է այն արձանագրումից, որ բարձրագույն կրթությունը, գիտությունը և հետազոտական հատվածը պետք է հնարավորինս ինտեգրվեն, ինչպես ընդունված է ժամանակակից կրթական համակարգում»- բառացի մեջբերում վարչապետի կառավարության նիստում ելույթից։ Վերջում էլ ավելացրեց, որ նախընտրական ծրագրի մաս է եղել սա և շատ բաներով կանխորոշելու է ՀՀ ապագան։ Արձանագրումը տեղի է ունեցել 2021 թ․-ի մարտի 27-ին Արմավիրի մարզի Արագած (նախկին Խզնավուզ) գյուղի մշակույթի տան աստիճանների վրա, նախընտրական ելույթ էր։ Ոչ թե ԳԱ ակադեմիայում, ոչ թե համալսարանում՝ հայ-եզդիական Խզնավուզ գյուղում։
Մի կողմ թողնենք, թե ինչ բախտի արժանացան մյուս նախընտրական խոստումները։ Կարևորը, որ կառավարությունը միաձայն հաստատեց ակադեմիական քաղաքի հայեցակարգը։ Երկու հոգի էլ, երևի նախարար կամ նման մի բան, հանգստացրին վարչապետին՝ բա թե 700 հեկտար հողերի կարգավիճակը եթե փոխելու կարիք եղավ-մեր թագավոր ախպեր, դու պրոբլեմ չունես։
Ոչ մի ցանկություն չունեմ մարդկանց այս խմբի հետ քննարկել գիտության և կրթության կազմակերպման պրոբլեմները։ Տարրական գիտելիքների բացակայությունից զատ չունեն լսելու ունակություն։ Իսկ եթե ինչ որ բան էլ լսում ու պատահաբար հասկանում են՝ անում են հակառակը։ «Սեփական կետից» սկսելու բարդույթն է երևի։
Կարդացեք նաև
Մոռանանք, որ Քութաիսիի նոր համալսարանը, որի կառուցման արժեքը 1,2 մլրդ եվրո էր, տարեկան 250 ուսանող է ընդունում 4 ֆակուլտետներում։ Ծրագրի դատարկությունը ընդգծող 44000 ուսանող և աշխատող թիվը (ոչ թե շուրջ 40 կամ 50 հազար, այլ հստակ ինչ որ թիվ) հուշում է, որ մի քանի տասնյակ մլրդ եվրո է պետք։
Մոռանանք, որ Սթենֆորդի համալսարանը զբաղեցնում է 3300 հեկտար իր 17000 ուսանողներով։ Մենք մեր կետից ենք սկսում և մի քանի անգամ «կլաստեր» անիմաստ բառը կրկնելով «իմաստավորում ենք» հայեցակարգը։
Էս ամենին պարտավոր էր արձագանքել, իմաստավոր վերլուծություն աներ ԳԱ ակադեմիան։ Բայց մի քանի «պատի թերթում» տպագրված հոդվածներով դոկտորական պաշտպանած և ծիծաղաշարժ հղումներով ակադեմիկոս դարձած մարդկանցից անիմաստ է որևէ բան պահանջել։ Նրանք նույնիսկ ալիևյան ոհմակի վայրահաչոցին չեն պատասխանում։ Չեմ ասում ինչ որ վարկանիշ ունեցող ամսագրերում հերքող հոդվածներ տպագրելով, գիտեմ՝ որ անկարող եք։ Բայց գոնե յություբյան ալիքներով ռուսերեն պատասխանեք՝ թե՞ դրան էլ ունակ չեք։ Այս հայեցակարգը անթաքույց ակադեմիական համակարգից համալսարանականին անցնելու անգրագետ դատարկաբանություն է։ Հարգելի ակադեմիկոսներ, ձեր հացն են կտրում։ Գոնե այդ պատճառով ձայն հանեք։
Կհարցնեք, թե ի՞նչ եմ առաջարկում։ Գիտության կազմակերպման հարցերի մասին մոտ 100 հոդված եմ գրել, վերապատմելն արդեն իմաստ չունի։ Առաջարկում եմ ակադեմիայի նախաձեռնությամբ ստեղծել հանրային հանձնաժողով, որում լինեն նաև համալսարանների ներկայացուցիչներ։ Անունը դրեք, որ քննարկում եք արդեն ընդունված հայեցակարգը, ինչը խորհուրդ էր տալիս վարչապետը։ Բայց իրականում խնդիր դրեք, որ ամեն եռամսյակ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը ձեզ հաշվետվություն տա, թե ինչ է արել և ինչպես ծախսել գումարները (չգիտեմ, թե որտեղից ճարած)։ Դժվարացնելով փողերի անիմաստ մսխելը միգուցե կարողանաք կարգավորել ընթացքը, մինչև իրենք էլ հասկանան նախաձեռնության անիմաստությունը։ Հայ չինովնիկը եթե չկարողանա «փող փախցնել»-կսկսի մտածել։ Ուրիշ ելք չեմ տեսնում։
Նախկինների ժամանակ, Տիգրան Սարգսյանի կառավարության ընդունած գիտության մասին ծրագրերից մեկը անվանել էի մտավոր հաշմանդամի զառանցանք, կարող եք հոդվածս գտնել ինտերնետում։ Իսկ ժամանակաշրջանը բնութագրել էի որպես ոչնչությունների դիկտատուրա։ «Ակադեմիական քաղաք»-ը թավշյա զառանցանք է, բայց փող փախցնելու մեծ մարտադաշտ է ստեղծում։ Ժամանակը կարելի է բնութագրել «ախուրյանցիանո-ների դիկտատուրա», բայց վախենում եմ հայտնի անալոգիան աշխատի՝ «Քաղաքն ակադեմիական է և վերջ․․․»։
Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին ԵրՖԻ նախկին աշխատակից
Շնորհակալություն Ձեզ, ընտիր , սպառիչ, անվախ, բացեիբաց վերլուծության եվ տպագրության համար։ Ինքս բազմիցս արել եմ հետեվյալ բնութագրումը ՝ Վասյուկին․․․