«Երրորդ եռամսյակը գնահատում ենք որպես գերլարված ժամանակաշրջան՝ լրագրողների եւ լրատվամիջոցների համար: Իհարկե, պետք է հիշենք Արցախյան ճակատագրական իրադարձությունները, երբ շրջափակումից հետո սուր հումանիտար ճգնաժամ սկսվեց, որից հետո Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան, 100 հազարավոր հայերի բռնի տեղահանումը Հայաստան: 10-նյակ հազարավոր ընտանիքների տեղավորման եւ սոցիալական հարցերը լուսաբանելու համար հայաստանյան խմբագրություններից, լրագրողներից չափազանց մեծ ջանքեր էր պահանջում »,-«Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2023թ. երրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
«Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցները կարողացան այդ բարդ պայմաններում հանրությանը ներկայացնել ծանր իրավիճակը, նաեւ սոցիալական դեր կատարելով՝ կարծես թե փորձ էր կատարվում համախմբել հասարակության ուժերը, որպեսզի բռնի տեղահանվածները տեղավորվեն, նրանց սոցիալական հարցերը հնարավորինս արագ լուծվեն: Լրատվամիջոցների գործունեությունն այս առումով կարեւորվում է, քանի որ խնդիրները դեռ կան»,-հավելեց նա:
«Երրորդ եռամսյակում տեղի ունեցան նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները՝ անզիջում քարոզչական պայքարով եւ հետընտրական զարգացումներով: Մենք շատ լավ գիտենք, որ նման իրադարձությունները մեզանում սովորաբար զուգորդվում են հասարակական-քաղաքական մթնոլորտի լարմամբ: Այս անգամ նույնպես այդ լարված իրավիճակն առկա էր, ինչը նույնպես անդրադառնում էր ԶԼՄ-ների եւ լրագրողների աշխատանքի վրա: Երբ բողոքի ցույցերը լուսաբանվում էին, լրատվամիջոցների աշխատակիցները հաճախ բռնության եւ տարատեսակ ճնշումների էին ենթարկվում:
Պետք է նշեմ, որ նախորդ եռամսյակների ընթացքում բավականին դրական միտում էր նկատվել, որեւէ լրագրող կամ օպերատոր բռնության չէր ենթարկվել՝ առաջին կիսամյակում առհասարակ, սակայն, ցավոք երրորդ եռամսյակում արձանագրեցինք ֆիզիկական բռնության 3 դեպք, եւ 3-ն էլ կապված են հենց այդ լարված հասարակական-քաղաքական իրավիճակի հետ:
Կարդացեք նաև
Նախ այդ 3-ից մեկը տեղի է ունեցել Ստեփանակերտում, որտեղ նույնպես ցույցեր էին, լարված իրավիճակ էր, եւ այդ ցույցերը լուսաբանելու ընթացքում էր, որ Սիվիլնեթի Ստեփանակերտի թղթակիցը ճնշման, հետո նաեւ բռնության էր ենթարկվել: Եվս 2 բռնություն տեղի է ունեցել Երեւանում, մեկը Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, մյուսը հետընտրական գործընթացների ժամանակ»,-փաստեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Աշոտ Մելիքյանը հավելեց. «Երրորդ եռամսյակում տարատեսակ ճնշումները 13-ն են, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումները 33-ն են»:
Նա անդրադարձավ լրագրողներին սպառնալու եւ վիրավորելու դեպքերին. «Շատ հազվադեպ է այդպես լինում, որ լրագրողներն իրենց նկատմամբ վիրավորանքները եւ սպառնալիքները չեն անտեսում եւ դիմում են դատարան: Այս եռամսյակում մենք այդպիսի գործընթացներ արձանագրել ենք, եւ ըստ Դատալեքսի տվյալների՝ 3 դատական հայց է ներկայացվել ընդդեմ սոցցանցերի այն օգտատերերի, որոնք վիրավորանք են հասցրել կամ սպառնալիքներով լի գրառումներ են կատարել: Կարծում եմ, որ սա լրագրողների կողմից ճիշտ մոտեցում է: Իրենք ոչ թե վիրավորանքներով եւ ատելությամբ պետք է պատասխանեն իրենց հոդվածներում, այլ դրա համար կա դատարան, որտեղ նման խուլիգանական գործողությունների համար պետք է փորձել պատասխանատվության կանչել: Այնպես որ, շատ ճիշտ որոշում է, որ լրագրողն իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար դիմում է դատարան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ