ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Արսեն Թորոսյանի հետ հանդիպել ենք Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Լուի Ժան դը Նիկոլայի գլխավորած պատվիրակությանը:
Կարեւորել եմ Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում` այս համատեքստում հիշատակելով Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների գումարումը եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի երկու այցերը Հայաստան:
Համոզմունք եմ հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միջխորհրդարանական միությունը:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Լուի Ժան դը Նիկոլայը իր աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ նշել, որ մարտահրավերների հաղթահարման գործում Ֆրանսիան Հայաստանի կողքին է, աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ժողովրդավարությանը: