ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը այսօր ԱԺ նիստում ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը», որով առաջարկվում է ամրագրել, որ օդանավակայանի հատուկ սրահից նաեւ կարող է օգտվել պաշտոնաթող վարչապետը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, որը հարակից զեկուցող էր, ճշգրտեց, որ այս կարգավորումը վերաբերում է միայն 2018-ից հետո պաշտոնաթող վարչապետերին, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը եւ մեր մյուս նախկին վարչապետերը սրանից չեն կարող օգտվել:
Գործող կարգավորմամբ ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնաթող ՀՀ նախագահը, ինչպես նաեւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամները կարող էին օգտվել օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից: Հիմա ավելացվում է, որ պաշտոնաթող վարչապետն էլ կարող է օգտվել՝ փաստացի հիմք ստեղծելով, որ Փաշինյանն ու իր ընտանիքի անդամները նրանց պաշտոնաթողությունից հետո կարողանան օդանավակայանի հատուկ սրահից օգտվել:
Ինչպես ասաց Մարիա Կարապետյանը, Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցում է կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգ եւ այս փոփոխությունը բխում է դրանից:
Կարդացեք նաև
Այսուհետ նաեւ վարչապետը կսահմանի ՀՀ-ում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների եւ օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ