«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում բացառեց, որ քրեական գործով կարողանային վախեցնել Արմեն Չարչյանին։ Նրա՝ մանդատը վայր դնելու որոշման մասին ասաց, որ իմացել են ֆրակցիայի նիստում, ափսոսում է․ «Մենք կուզեինք, որ ֆրակցիայում մնար, բայց դա Չարչյանի որոշումն է։ Ամեն դեպքում, նա մնալու է մեր թիմում»։ Չարչյանն ինքն էլ էր ասել, որ շարունակելու է մնալ դաշինքի կողքին։ Օհանյանին հարցրինք՝ կարո՞ղ է խորհրդարանական ճգնաժամ ստեղծելու նպատակով «Հայաստան» խմբակցությունը հետեւի Չարչյանի օրինակին, եւ ողջ կազմով մանդատները վայր դնեն։ Օհանյանն ասաց․ «Դա քայլերից մեկը կարող է լինել, բայց մենք երբեւիցե չենք քննարկել»։ Սակայն հայտնի է, որ մանդատները վայր չդնելու բուն պատճառն այն է, որ դաշինքի ցուցակով առաջադրված ոչ բոլոր անձինք վայր կդնեն մանդատները` գործող պատգամավորների հրաժարվելու դեպքում, նրանք կվերցնեն մանդատները եւ կգնան խորհրդարան, ու կստացվի, որ ընդդիմությունը մեծ ծառայություն մատուցեց ՔՊ-ին` ԱԺ գործուղելով իշխանամետ զանգված։
Ինչ վերաբերում է Չարչյանին, ապա դաշինքի ցուցակում հաջորդը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է, որը չվերցնելու պատճառ չի տեսնում, մարտական է տրամադրված, աշխատելու ցանկությունը՝ տեղը։ Երեկ պարզվեց, որ Արմեն Չարչյանը Միհրդատ Մադաթյանին «նվեր» է մատուցել` մանդատից հրաժարվելով հենց նրա ծննդյան օրը։
«Այսօր ծնունդս է, ավելի լավ է՝ ծնունդս շնորհավորեք»,- մեզ հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ ասաց Մադաթյանը։ «Այո, վերցնելու եմ մանդատը։ Խորհրդարանը խրամատ է, որտեղ պետք է պայքարել, եւ ոչ մի «ռազմի դաշտ» բաց թողնել չի կարելի»,- ասաց Մադաթյանը։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: