Ադրբեջանական ագրեսիան և արցախահայության բռնի տեղահանումը հումանիտար աղետ ստեղծեց Արցախում և Հայաստանում: Նման կարծիք է հայտնում տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Ընդգծում է՝ առաջին փուլը բնակարանով ապահովելու հարցն է: «Ըստ իս, կառավարությունը հիմնականում այն ձախողեց, հաշվի առնելով այն, որ արցախցիներից քչերն են օգտվել կառավարության տրամադրած բնակարաններից: Բացի դա, մինչ այժմ էլ մեծ թվով արցախցիներ տեղակայված են դպրոցների, մանկապարտեզների դահլիճներում կամ ընդհանուր հավաքատեղիում: Կառավարությունը սա ներկայացնում է որպես արցախցիների տեղավորման փաստ, բայց դա իրականությունից բավականին հեռու է: Մարդկանց կեցության հարցը դեռևս լուծված չէ: Հաջորդ փուլով կառավարությունը փորձում է ընթացիկ խնդիրները լուծել»,-նշում է մեր զրուցակիցը:
«Կառավարության հայտարարած ծրագրերի համար վեց ամսվա հաշվարկով մոտավորապես 50 մլրդ դրամ կծախսվի: Խոսքը տրամադրվող ֆինանսական աջակցության մասին է, բացի դա, առաջիկա վեց ամիսն արցախցիները ստանալու են անվճար կրթություն և օգտվելու են առողջապահական համակարգից: Եթե որոշում ենք կայացրել արցախցիների վերաբնակեցման ծրագիր իրականացնել, ապա կառավարությունը պետք է սկսի բնակարանաշինական ծրագրեր իրականացնել, սա կարող է մի քանի հարյուր միլիոն, նույնիսկ միլիարդ դոլար պահանջել: Բացի դա, Արցախի բանկերը մոտավորապես 200 մլրդ դրամի չափով վարկեր էին տրամադրել բիզնեսներին: Արցախում գործող վեց բանկերն այդ գումարը հետ են պահանջելու, իսկ դրանց երաշխավորը Հայաստանի կառավարությունն է: Այն պետք է նաև այս տարիների ընթացքում բանկերի՝ կուտակված պարտքերը վճարի: Հայաստանի կառավարությունն ընթացիկ ծախսեր անելու դեպքում խնդիր չի ունենա, խոսքը 50 միլիարդի, նաև բանկերի սպասարկման մասին է, բայց դա թույլ չի տալու արցախցիներին ինտեգրել, ամբողջությամբ նրանց խնդիրները լուծել: Պետք է բավականին մեծ գումարներ գտնել բնակարանաշինության և այլ խնդիրները լուծելու համար»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։