Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեր առօրյան լցնենք սգի օրերով, այդքան էլ նպատակահարմար չէ. Հովիկ Աղազարյանը՝ արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված սգո օր հայտարարելու մասին

Հոկտեմբեր 23,2023 23:40

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի համոզմամբ՝ արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին սգո օր հայտարարելու նպատակահարմարություն չկա: Ըստ նրա՝ եթե այդ մտքով առաջնորդվենք, ապա ամեն դժբախտ պատահարից կամ պատերազմական գործողությունից հետո սգո օր պետք է հայտարարել:

«Ես ընդհանրապես դեմ եմ նման բաներին՝ սգի օրերին: Մեր հայրենակիցները գտնվել են պատերազմական իրողությունների մեջ, մեր պետությունն էլ դեռ խաղաղության մեջ չէ, հետեւաբար, նմանատիպ բաներ կարող են լինել՝ դիվերսիոն գործողություններ, տարրական մարդկային սխալի հետեւանքով դժբախտություններ,հետեւաբար, կարծում եմ՝  նման իրավիճակներում, եթե մեր առօրյան լցնենք սգի օրերով, այդքան էլ նպատակահարմար չէ: Կներեք, հազար անգամ եմ ներողություն խնդրում բոլոր զոհվածների, դժբախտ պատահարի հետեւանքով մեր հայրենակիցների հարազատների կորուստների համար, բայց սա իմ անձնական կարծիքն է»,- այսպես է արձագանքում պատգամավորը Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի հարցադրմանը՝ ինչո՞ւ առ այսօր ՀՀ  կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին:

Հիշեցնենք, որ ըստ Բեգլարյանի՝ նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին:

«Ինչ վերաբերում է զոհվածների հիշատակի օր ընդունելուն, դրան կատեգորիկ դեմ եմ: Սուգ հայտարարելն էլ կառավարության տիրույթում է, բայց իմ անձնական կարծիքով, դրա նպատակահարմարությունը չկա: Արցախի ժողովուրդը գտնվել է պատերազմական իրողությունների շրջանում եւ այդ պատերազմական իրողությունների ժամանակ շատ ցավալի դեպքեր են տեղի ունենում, դա դարձնել հիշատակի օր, տեղին չէ, որովհետեւ պատերազմի ժամանակ նման բաներ լինում են»,- շարունակեց Աղազարյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031