Այսօր առավոտյան՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- Տրանշ 4-ի պայմանագրի ստորագրումից առաջ, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել և կարևորել է Մեհրդադ Բազրփաշի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ այն նշանավորվեց Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագրի ստորագրմամբ:
Նախարար Սանոսյանը բարձր է գնահատել Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը, որի բաղկացուցիչ մասն է ապահով և որակյալ ենթակառուցվածքային համակարգի առկայությունը: «Լիահույս եմ, որ այսօր Ձեր ներկայությամբ ազդարարված կարևոր ծրագրի մեկնարկը կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալների աճին»,-ասել է Սանոսյանը։
Կարդացեք նաև
Մեհրդադ Բազրփաշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել ենթակառուցվածքների զարգացման ոլորտում Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության վերաբերյալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Մասնավորապես քննարկվել է ճանապարհային տուրքի վերաբերյալ հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ զրոյացնել ճանապարհային տուրքերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խթանել իրանական ընկերությունների մասնակցությունը հայաստանյան շինարարական գործընթացներում՝ մասնավորապես՝ դպրոցաշինական, ճանապարհաշինական ծրագրերում։
Նախարար Մեհրդադ Բազրփաշի խոսքով իրանական ընկերությունները լուրջ փորձառություն ունեն այդ ոլորտներում և հնարավորության դեպքում կարող են մասնակցություն ցուցաբերել այդ ծրագրերին։
Հիշեցնենք, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը մեկօրյա այցով Հայաստանում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն