Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիացի գործարարներին հետաքրքրում են հայկական հարուստ ընդերքը եւ նանոտեխնոլոգիաները

Հոկտեմբեր 23,2023 22:33

Թանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ՝ հայկական ադամանդը, ալյումինը եւ ցինկը. ահա թե ինչն է բելգիացի գործարարներին Հայաստան բերել: Այս օրերին Հայաստանում գտնվող բելգիացի գործարարների խումբը տարբեր հանդիպումներ, քննարկումներ է ունենում հայաստանյան կառավարական եւ բիզնես շրջանակների հետ՝ հասկանալու համար, թե փոխգործակցության ի՞նչ հնարավորություններ կան: Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ Արմինե Հարեյանի կարծիքով համագործակցության մեծ պոտենցիալ կա նաեւ ծառայությունների բնագավառում, այդ թվում եւ հիմնականում, տեղեկատվական տեխնոլոգիաների, որտեղ Հայաստանն արդեն իսկ մեծ համբավ ունի:

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը հայ-բելգիական համատեղ տնտեսական ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է համարում. այս օրերին ինքն էլ Հայաստան ժամանած բելգիացի գործարարների համար տարբեր ձեւաչափերով հանդիպումների մասնակցում, հայ եւ բելգիացի գործարարների ընթրիքներ կազմակերպում. այս ամբողջը՝ կոնկրետ ծրագրերի տեսքով, վստահ է, առաջիկայում տեսանելի կդառնա:

«Դեսպանություն ենք հիմնել Հայաստանում՝ ձեր երկրին օգնելու համար: Աջակցությունը մի քանի ուղղություններով է նախատեսվում. առաջին ուղին, որը որ կցանկանայիք բռներ Հայաստանը, դա խաղաղության ճանապարհն է: Ապա՝ ժողովրդավարությունը: Գրանցել ենք, որ շատ քաջ բարեփոխումներ են տեղի ունենում՝ հանուն ժողովրդավարության, կցանկանայինք աջակցել նաեւ այդ ուղղությամբ: Իմ գալուց ի վեր բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել՝ տնտեսական զարգացման ոլորտի պատասխանատու նախարարների, ԿԳՄՍ նախարարի հետ, կառավարության այլ անդամների հետ էլ են նախատեսված հանդիպումները. դրանցից յուրաքանչյուրն առիթ է դառնում, որպեսզի Հայաստանին աջակցության նոր գաղափարներ ծնվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դեսպանը:

Բելգիական հիդրոմետալուրգիական ընկերությունը, որը ներկայացնում է Լորան Դյուբուան, բարդ մետալուրգիական թափոնների մշակմամբ է զբաղվում: Ընկերությունում ուսումնասիրել են հայաստանյան միջավայրը եւ գիտեն, որ մեր երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն եւ այն: Հայաստանյան արդյունահանող ընկերություններին ցանկանում են առաջարկել վերամշակման ծառայություններ՝ նոր, հավելյալ արժեքներ ստանալու նպատակով:

Բելգիական ընկերությունում վերամշակումն իրականացնում են հիդրոլոգիական՝ ջրի օգնությամբ թափոնների զտման եղանակով: Առայժմ ծանոթանում են հայկական շուկայի հնարավորությունների, առաջարկների հետ. համագործակցության հնարավորությունները հետագա վերլուծությունների արդյունքում կպարզվեն:

Հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն էլ ասում է, որ 18 տարի է, ինչ փորձում են հայկական եւ բելգիական ձեռնարկությունները փոխկապակցել:

«Երբ սկսեցինք 18 տարի առաջ, մեր հանձնառությունն էր՝ ներկայացնել Հայաստանը, քանի որ շատ բելգիացիներ անգամ քարտեզի վրա Հայաստանի տեղը չէին պատկերացնում. այսինքն, շուկայագիտության մեծ աշխատանք ենք կատարել: Այսօրվա դրությամբ, կարելի է ասել, Հայաստանը հանդիսանում է առեւտրաարդյունաբերական խցանման միջոց, որը Բելգիայի գործարար շրջանակների համար կարող է ծառայել իբրեւ մուտք՝ դեպի այլ շուկաներ, ինչպես նաեւ հայաստանյան շուկա»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված, Բելգիան մտադրություն ունի հիմնավորվել Հայաստանում եւ Հայաստանի համար դառնալ վստահելի գործընկեր:

Հետաքրքրվեցինք՝ հենց աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Հայաստանը ռիսկային գոտի չէ՞ ներդրումների համար:

«Բնականաբար, ռիսկային գործոնը կա եւ դա մշտապես է ուսումնասիրվում, բայց ձեր հարցին այսպես պատասխանեմ՝ այսօրվա դրությամբ Շվեյցարիան համարվում է շատ ապահով եւ ցածր ռիսկայնություն ունեցող երկիր, բայց երբեք չենք կարող կանխագուշակել, թե վաղը երկրագնդի ո՞ր մասում եւ ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ»,- եղավ պատասխանը:

Մեր զրուցակիցը նաեւ հավելում է՝ Բելգիայի թագավորությունը դիրքորոշում է որդեգրել՝ Հայաստանի հետ համագործակցել, արդեն դեսպանություն է հիմնվել, ինչը նշանակում է նաեւ տնտեսական ամուր կապեր եւ մանրամասնում, որ Բելգիան շատ հայտնի է դեղագործության, սննդարդյունաբերության բնագավառներում, ինչը կարող է փոխադարձ հետաքրքրությունների հիմք հանդիսանալ: Նաեւ՝ նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ պոտենցիալ է տեսնում Վալերի Սաֆարյանը, որը որ Հայաստանում բավական զարգացած է:

Ի դեպ, բելգիահայ համայնքը նաեւ այս տարի իր 100 ամյակն է նշում: Բելգիայի հայերի կոմիտեի փոխնախագահ Արմինե Հարեյանը հստակեցնում է՝ Բելգիայի հայ համայնքը շատ ավելի հին է, 100 տարի առաջ համայնքային կառույցներն են հիմնվել. «Բելգիահայ համայնքը շատ ակտիվ է, բացի հայապահպանման խնդիրներից, նաեւ ՀՀ-ին աջակցության, լոբբիստական ծրագրեր են իրականացվում:

2020 թվականից սկսած Արցախի եւ արցախահայության իրավունքների պաշտպանության համար տարբեր ձեւաչափերով ցույցեր ու բողոքի գործողություններ են եղել, Բելգիայի խորհրդարանում մի քանի բանաձեւեր են ընդունվել՝ միաձայն, ադրբեջանական հարձակումները դատապարտող, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ազատ արձակման պահանջով, Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության մասին եւ այլն: Բայց բանաձեւերին հետամուտ պետք է լինի Բելգիայի կառավարությունը, որն այլ շահեր եւ հետաքրքրություններ ունի եւ այժմ Բելգիայի հայկական լոբբիստական կազմակերպություններն այդ ուղղությամբ են շատ ինտենսիվ աշխատանք տանում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031