Հարավային Կովկասի հարցով «3+3» հանդիպման ձևաչափը տեսանելի ապագայում կարող է աշխատել Վրաստանի հետ: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումից հետո:
«Թբիլիսիի ներկայիս իշխանությունները, ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ապացուցել են, իրենց բոլոր գործողություններում հիմնականում ելնում են ազգային հիմնարար շահերից: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում «3+3» ձևաչափը հնարավոր է գործի լիարժեք»,-ասել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարի խոսքով` հանդիպման ընթացքում բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ «3+3» ձևաչափի դուռը բաց է մնում Վրաստանի համար ։ «Մենք հասկանում ենք, թե ինչու է Վրաստանի ղեկավարությունը մինչ այժմ զերծ մնում այս «վեցյակին» միանալուց, և գնահատում ենք, որ Վրաստանի ղեկավարությունը ելնում է ապագայում դա անելու հնարավորությունից», – նշել է նախարարը։