Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խստացվում են ՌԴ քաղաքացիություն ստանալու հիմքերը, ցույցեր անելու համար կարող են զրկվել քաղաքացիությունից

Հոկտեմբեր 23,2023 21:40

Հոկտեմբերի 26-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիության մասին նոր օրենքը, որով փոփոխություններ են եղել քաղաքացիության ձեռքբերման եւ դադարեցման հիմքերի հետ կապված։ Այս փոփոխություններն ազդելու են թե երկքաղաքացիների, թե ազգությամբ հայերի վրա, ովքեր ունեն կամ արդեն պատրաստվում են ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն։

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը մանրամասներ է ներկայացնում նոր օրենքի մասին։ Նրա խոսքով՝ նախկինում ՌԴ քաղաքացու հետ երեք տարվա գրանցված ամուսնություն ունենալու պարագայում օտարերկրացին կարող էր պարզեցված կարգով դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար։ Նոր օրենքով գրանցված ամուսնությունից բացի պետք է նաեւ ընդհանուր երեխա ունենալ։ Եթե ընդհանուր երեխա չկա, միայն գրանցված ամուսնությունը բավարար չէ քաղաքացիություն ստանալու համար դիմելու։ Լավագույն դեպքում օտարերկրացին կացություն կարող է ստանալ։

Նախկինում, եթե օտարերկրացին ուներ ՌԴ քաղաքացի զավակ, կարող էր ուղիղ դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Նոր օրենքով նախ պետք է ստանա կացություն, հետո՝ քաղաքացիություն։ Նախկինում համարվում էր, որ եթե անձը ռուսաց լեզվի կրող է, քննություն էր հանձնում, հավաստագիր էր ստանում եւ պարզեցված կարգով ստանում ՌԴ քաղաքացիություն։ Հիմա այդ հիմքով միայն կացություն կարող է ձեռք բերել։ Այսօր, որպեսզի քաղաքացիություն ստանան, օտարերկրացիները բացի ռուսաց լեզվի քննությունից պետք է հանձնեն նաեւ Ռուսաստանի պատմության եւ օրենսդրության հետ կապված քննություններ։ Հանվել է ներդրումների եւ ձեռնարկատիրության համար պարզեցված կարգով քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորությունը։

Օրենքում ավելացել է քաղաքացիությունից զրկելու հասկացությունը։ Նախկինում կար քաղաքացիության չեղարկում, այսինքն՝ իրենց տված քաղաքացիությունը չեղարկում էին, եթե, օրինակ, կեղծ հիմքեր էին հայտնաբերվում, բայց հիմա ավելացել են զրկման ինստիտուտը եւ զրկման հիմքերը։ «Ես ուզում եմ զրկման հիմքերը ներկայացնել՝ եթե անձը մեղադրվում է հետեւյալ հանցագործությունների մեջ՝ բանդիտիզմ, զինված ուժերի վարկաբեկում, մասսայական անկարգությունների կազմակերպում, խոսքը նաեւ հավաքներին ու ցույցերին է վերաբերում, դավաճանություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն եւ այլն, զրկվում է քաղաքացիությունից։ Հետաքրքիր է, որ եթե կեղծ փաստաթղթերով քաղաքացիություն ձեռք բերելու համար կա վաղեմության ժամկետ՝ 10 տարի, նոր ավելացված հիմքերի պարագայում նշանակություն չունի՝ անձը երբ է կատարել այդ հանցագործությունը, այսօր, երեկ, թե՞ 25 տարի առաջ։ Օրինակ՝ եթե Ելցինի իշխանության օրոք քննադատել ու վարկաբեկել ես Ռուսաստանի զինված ուժերը, դա այսօր կարող է հիմք հանդիսանալ՝ քեզ քաղաքացիությունից զրկելու համար։ Կամ ինչ-որ ժամանակ աշխատանքդ քեզ դուր չի եկել, միտինգ ես արել, եթե ինչ-որ լրագրողի մոտ լինի տեսանյութ, դա կհանդիսանա հիմք՝ անձին քաղաքացիությունից զրկելու համար։ Սա ուղիղ անդրադառնալու է նաեւ հայերի վրա։ Իրենք ամեն ինչ կարող են ձեւակերպել «մասսայական անկարգություն» հոդվածի տակ»,- ասաց Բեժանյանը։

Քաղաքացիություն ստանալու հայտերի քննարկման ժամանակահատվածը նախկինում մեկ տարի էր, հիմա սահմանվել է երեք ամիս։ ՌԴ նախագահը սահմանելու է այն անձանց ցանկը, ովքեր իրավունք կունենան պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել։

Բեժանյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ հետեւանք կարող են ունենալ վերոնշյալ փոփոխությունները։ «Քաղաքացիության մասին օրենքի փոփոխություններով ազգությամբ հայ քաղաքացին, որը ՀՀ քաղաքացիություն չունի, ունի ՌԴ քաղաքացիություն, քաղաքացիությունից զրկվելու դեպքում կհայտնվի անհասկանալի վիճակում։ Արդեն իսկ մենք ունենք չեղարկված քաղաքացիությամբ ազգությամբ հայեր, ովքեր ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու համար ժամանակին դադարեցրել են ՀՀ քաղաքացիությունը։ Մենք արդեն ունենք դեպքեր, երբ այս անձանց քաղաքացիությունը դադարեցվել է, մեր օրենքում բաց կա, եւ այդ բացը պետք է շատ արագ լրացնել։ Երբ ՌԴ իշխանությունները դիմում են ՀՀ դիվանագիտական կառույցներին՝ հարցնելով՝ հանդիսանո՞ւմ է այս անձը ՀՀ քաղաքացի, թե՞ ոչ, եթե հանդիսանում է, գրում են՝ հանդիսանում է, եթե ոչ, գրում են՝ քաղաքացիության մասին տեղեկատվություն չկա։ Դա չի նշանակում, որ նա չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, բայց քանի որ տեղեկատվություն չկա, այս անձին չեն տալիս քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ։ Այսինքն՝ անձն իր ձեռքին չի ունենալու վավեր փաստաթուղթ, զրկվելու է ՌԴ քաղաքացիությունից, չունի որեւէ վավեր փաստաթուղթ, որ կարողանա դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այս պահին մենք ունենք դեպքեր, որ անձինք օդից կախված վիճակում են, չունեն որեւէ փաստաթուղթ, կարգավիճակ, եւ ՌԴ-ն նրանց կարող է որպես փաստաթուղթ չունեցող օտարերկրացու տանել միգրացիոն բանտ։ Բայց եթե նշվի, որ անձը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, գոնե կդիմեն իրավաբաններին՝ ձեռք բերելու քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ, որը ենթադրում է նաեւ փաստաթուղթ, որի հիման վրա ազգությամբ հայերը պարզեցված կարգով կստանան ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։

Բեժանյանի խոսքով՝ 2021 թվականին ստացվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու 8591 դիմում, 2022 թվականին՝ 25 515։ ՀՀ քաղաքացիություն ստացողների 99 տոկոսը ազգությամբ հայերն են։ «Մեր Քաղաքացիության մասին օրենքով, որպեսզի օտարերկրացին ձեռք բերի ՀՀ քաղաքացիություն, առնվազն երեք տարի պետք է բնակվի ՀՀ-ում, բացատրվի հայերենով եւ հանձնի Սահմանադրության թեստ։ Եթե օտարերկրացին այս պրոցեդուրաներով չանցնի, գրեթե շանս չունի դիմելու եւ քաղաքացիություն ստանալու»,- ասաց Բեժանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031