Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խստացումներ ՌԴ-ում միգրանտների հաշվառման ոլորտում, փորձագետն ահազանգում է, որ կարող են ավելանալ մուտքի արգելքի դեպքերը

Հոկտեմբեր 23,2023 20:33

ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններով խստացումներ են եղել աշխատանքային միգրանտների համար։ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ միգրացիոն հարցերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը մանրամասնում է փոփոխությունները։ Փորձագետը նախ հիշեցնում է, որ Հայաստանի միգրանտների ավելի քան 96 տոկոսը գնում են Ռուսաստան։

«Հերթական օրենսդրական փոփոխությունն է տեղի ունեցել։ Միգրացիոն օրենսդրությունում կատարված փոփոխությունները հոկտեմբերի 24-ից ուժի մեջ են մտնում։ Առաջին կարեւոր փոփոխությունը, որը տեղի է ունենում օրենսդրության մեջ, միգրացիոն հաշվառման հետ կապված փոփոխությունն է։ Ընդհանրապես այսպես է կարգը, երբ ցանկացած միգրանտ, այդ թվում՝ ԵԱՏՄ քաղաքացին գնում է ՌԴ, որոշակի ժամանակահատված ունի՝ հաշվառման կանգնելու համար։ ԵԱՏՄ քաղաքացիների համար 30 օր ժամկետ է սահմանվում։ Միգրացիոն հաշվառումը կատարվում է հետեւյալ կերպ՝ այն բնակարանի տերը, որը միգրանտը վարձակալում է, միգրանտի հետ գնում է տարածքային միգրացիոն ծառայություն կամ բազմաֆունկցիոնալ կենտրոն եւ տեղյակ է պահում, որ այս անձը բնակվում է իր տանը։ Եվ իրեն տալիս են համապատասխան թերթիկ։

Հիմա օրենքում եղել է փոփոխություն, որ այսուհետ միգրանտն ինքնուրույն կարող է հաշվառման կանգնել այն դեպքում, երբ տան տերը պետք է հաշվառեր նրան։ Եթե տան տերը չէր հաշվառում, անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածով կարող էր կրել վարչական պատասխանատվություն։ Հիմա ամբողջ պրոցեսը դառնում է օնլայն, gosuslugi.ru կայքում պետք է գրանցվեն եւ միգրանտը, եւ տան տերը, եւ եթե միգրանտն ունի պայմանագիր տան տիրոջ հետ, ներբեռնելու է այդ պայմանագիրը համակարգ։ Երեք օրվա ընթացքում տան տերը պետք է հաստատի, եթե հաստատեց, միգրանտը համարվում է հաշվառված։ Թվում է, թե շատ լավ բան են արել, բայց իրականում սա բարդացնում է միգրանտի կյանքը։ Որպես կանոն՝ տան տերերը տրամադրված չեն հաշվառման վերցնելու միգրանտներին, չնայած իրենք ոչ մի հարկային պարտավորություն չունեն։ Մենք ունենք դեպքեր, երբ տան տերերը միգրանտի հետ պայմանագիր են կնքում, բայց չեն գնում միգրանտին հաշվառելու։ Եթե տան տերը երեք օրվա մեջ չհաստատի եւ չհաշվառի միգրանտին, նոր օրենսդրությամբ տան տիրոջը ոչ մի պատիժ չի հասնում, բայց եթե միգրանտը 30 օրվա ընթացքում չհասցրեց հաշվառման կանգնել, մուտքի արգելք է ստանալու»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը։

Որպեսզի միգրանտը կարողանա հաշվառման կանգնել, պետք է ունենա հարկ վճարողի նույնականացման համարանիշ։ Որպեսզի ունենա հարկ վճարողի նույնականացման համարանիշը, անձը պետք է ունենա միգրացիոն հաշվառում, եւ որպեսզի ունենա միգրացիոն հաշվառում, պետք է ունենա հարկ վճարողի համարանիշը։ Ըստ Տաթեւիկ Բեժանյանի՝ աբսուրդ իրավիճակ է ստացվում։ Նա, ով առաջին անգամ է գնում Ռուսաստան, չունի հարկ վճարողի համարանիշ, այս մարդկանց համար գրեթե անհնար է դառնալու հաշվառվելը։ «Այսինքն՝ ոչ թե հեշտացրել են, եւ միգրանտն այլեւս տան տիրոջից կախված չէ, այլ ինչքան հնարավոր է, տան տիրոջից է հիմա կախված։

Միգրացիոն հաշվառում չունենալը եւ չբնակվելն այն հասցեում, որտեղ հաշվառված ես, դա թիվ մեկ խնդիրն է, որի պատճառով մեր միգրանտները մուտքի արգելք են ստանում։ Այդ հոդվածը հոկտեմբերի 24-ից ուժի մեջ է մտնելու, եւ ՌԴ Դաշնային ծառայության բոլոր գերատեսչությունները պատրաստ չեն, gosuslugi.ru-ում նույնիսկ ձեւաթուղթը չկա, թե ինչպես պետք է միգրանտն ինքն իրեն հաշվառման կանգնեցնի։ Խոստանում են, որ մինչեւ դեկտեմբերի 1-ն այդ ձեւաթուղթը պատրաստ կլինի։

Իսկ եթե անձի միգրացիոն հաշվառումը լրանում է, օրինակ, հոկտեմբերի 26-ին, նշանակում է մինչեւ դեկտեմբերի 1-ն ինքը դառնում է անօրինական։ Ոչ կարող են երկարացնել այդ ընթացքում, ոչ կարող են հաշվառման կանգնել։ Եթե այդ անձինք այս ընթացքում սահմանը չհատեն, ՌԴ տարածքից դուրս չգան, մինիմում երեք տարի մուտքի արգելքով գալու են Հայաստան։ Այսինքն՝ մենք մուտքի արգելքով նոր քաղաքացիներ ենք ունենալու, ովքեր նոյեմբեր-դեկտեմբերին կգան Հայաստան եւ շատ հնարավոր է՝ երեք տարի չեն կարողանա գնալ Ռուսաստան։ Մենք համարում ենք, որ սա խստացում է, բերելու է անօրինական միգրանտների թվի աճին։ Օրենքն ուժի մեջ մտնելու, բայց գործիքակազմը չկա, եւ մենք ունենալու ենք մուտքի արգելք ունեցողների մեծ թիվ»,- հավելեց նա։

Տաթեւիկ Բեժանյանի խոսքով՝ վերջին տարիներին ՌԴ-ում միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով մուտքի արգելքների թիվն ավելացել է, նվազել է Հայաստանից դեպի ՌԴ միգրանտների հոսքը։ Օրինակ՝ 2022 թվականի դեկտեմբերի 2021 թվականի դեկտեմբերի համեմատ 8,7 տոկոսով նվազել է Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացի միգրանտների թիվը։

«Ես մեր քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս, որ եթե իրենց ժամկետը լրանում է մինչեւ դեկտեմբերի 1-ն ընկած հատվածը, իրենք այդ ժամանակ լքեն ՌԴ տարածքը, որովհետեւ չեն կարողանալու միգրացիոն հաշվառում երկարացնել։ Եթե անձը ՌԴ-ում հաշվառման կանգնել է մի հասցեում, բայց բնակվում է մեկ այլ հասցեում, հայտնաբերման պարագայում այս անձին ոչ միայն վարչական տուգանքի են ենթարկելու, նաեւ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել՝ դատապարտելով մեկ տարով, քանի որ իրենց Քրեական օրենսգրքով դա համարվում է պետությանը կանխամտածված կեղծ տեղեկատվության տրամադրում։ Այս պարագայում, երբ տան տերը պատրաստ չէ հաշվառել միգրանտին, մենք շատ հաճախ ենք ունենալու դեպքեր, երբ միգրանտը հաշվառվելու է մի տեղ, բնակվելու է այլ տեղ։ Ավելի լավ է չունենալ միգրացիոն հաշվառում, քան գրանցվել մի տեղ, բայց բնակվել մեկ ուրիշ տեղ։ Միգրացիոն հաշվառում չունենալու դեպքում անձն ընդամենը կենթարկվի վարչական պատասխանատվության, իսկ եթե մյուս դեպքում կսահմանվի նաեւ քրեական պատասխանատվություն»,- հավելեց Բեժանյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031