Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցում կոնսենսուս չկա. Միխայել Ռոթ

Հոկտեմբեր 23,2023 19:33

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը խոստանում է՝ եթե ​​Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ եւ սադրիչ քաղաքականությունը, պատժամիջոցներ կկիրառվեն այդ երկրի նկատմամբ. այս մասին նա այսօր հայտարարեց Երեւանում ճեպազրույցի ժամանակ:

Իր այցը Հայաստան Ռոթն անվանում է՝ «աջակցության ուղերձ Հայաստանին», իսկ  Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին հարկ է համարում նախազգուշացնել՝ «Եվրոպայում ռազմական սպառնալիքը չի հանդուրժվելու»։

«Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ուժի կիրառումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում էր, մենք խստորեն դատապարտում ենք նման պահվածքը։ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության եւ Ադրբեջանի ավտոկրատիայի միջեւ հավասարության նշան դնելու քաղաքականությունը ձախողվել է: Սա նշանակում է, որ քաղաքականությունը պետք է փոխել եւ հստակ դիրքորոշում որդեգրել»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներն արդեն մշակման փուլում են:

Պատասխանելով Բաքվի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ լրագրողների հարցերին, Միխայել Ռոթը մանրամասնեց, որ այս պահին նման նախագիծ չկա, սակայն, իր կարծիքով, կարելի է խոսել էներգետիկ ոլորտում համագործակցության ծավալների կրճատման մասին. «Ավտորիտար պետությունները հասկանում են մեկ լեզու, ուստի նրանք պետք է իմանան, թե ի՞նչ հետեւանքներ կունենան ռազմական գործողությունները, եթե նման բանի դիմեն»։

Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցները կարող են ընդունվել ԵՄ մակարդակով, սակայն Բունդեսթագի պատգամավորը միաժամանակ հայտարարում է՝ ցավոք, այս հարցում կոնսենսուս չկա։

Բանախոսը ողջունում է Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի ղեկավարի ջանքերը եւ Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայում կայացած հանդիպմանը: Նա նաեւ դատապարտում է Իլհամ Ալիեւի հրաժարումը հանդիպումից ու անհրաժեշտություն է տեսնում՝ համոզել Ալիեւին, որ վերադառնա բանակցությունների սեղան, ինչը բխում է իր իսկ շահերից։ Գերմանացի պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանն արդեն կորցրել է վստահությունը ու այդ երկիրը միջազգային հանրության կողմից չի համարվում վստահելի գործընկեր։ Միաժամանակ, գերմանացի պատգամավորը նաեւ վստահեցնում է, որ ԵՄ-ն ամեն ինչ կանի ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակելու եւ կայուն խաղաղության հասնելու համար։

Ռոթը նաեւ հայտարարեց՝ վերջին ամիսներին հայ գործընկերները խոսել են իրադարձությունների ռազմական զարգացման հնարավորության մասին, բայց դրանք «չեն լսել եվրոպական մայրաքաղաքներում»։

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնմանը, գերմանացի պատգամավորն ասաց, որ դա դրական քայլ է եւ միտված է Հայաստանի բնակչության անվտանգության ամրապնդմանը։ Այս առաքելության ընդլայնումը նա դիտարկում է Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին հնարավորինս մերձենալու մասով արած հայտարարության համատեքստում: Պատգամավորը պատրաստ է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու հարցում ներդնել իր ողջ ջանքն ու եռանդը: Իր գնահատմամբ, ԵՄ-ն պետք է Հայաստանի հետ հնարավորինս արագ ընդլայնի տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև ավելի լայն օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։

ՀՀ-ԵՄ մերձեցմանն, ըստ բանախոսի, կարող է մեծապես նպաստել վիզային ռեժիմի ազատականացումը: Բունդեսթագի պատգամավորն ընդգծեց նաեւ ՀՀ-ի կողմից Ստամբուլի կոնվենցիայի վավերացման կարեւորությունը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031