Պաշտպանը միաժամանակ միջնորդել է, որ բողոքը ոչ հիմնավոր համարվելու դեպքում, գոնե կիրառվի վատագույն միջոցը, տնային կալանքը։
ՀՀ Վերաքննիչ դատարանն այսօր բանավոր ընթացակարգով քննեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանքի մեջ գտնվող 18 ամյա Մարատ Հակոբյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ բողոքը: Որոշումը կհրապարակվի վաղը:
«Դատական նիստն, իմ գնահատմամբ, ընթացավ շատ արդյունավետ։ Մասնավորապես դատարանի հարցերից կարող եմ նախնական գնահատական տալ, որ կունենանք օբյեկտիվ որոշում, այսինքն՝ ձերբակալությունը կճանաչվի ոչ իրավաչափ, կալանքը ապօրինի և Մարատ Հակոբյանը վաղն ազատ կարձակվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարատ Հակոբյանի պաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը՝ հավելելով՝ սակայն, ելնելով այն փաստացի իրողությունից, որ այս գործերն ամբողջությամբ գտնվում են քաղաքական իշխանության հսկողության ներքո, որ կալանավորված անձինք քաղաքական հալածյալներ են, միաժամանակ միջնորդել է, որ բողոքը ոչ հիմնավոր համարվելու դեպքում, գոնե կիրառվի վատագույն միջոցը, տնային կալանքը։
«Ակնհայտ է, որ նույնիսկ այն պայմաններում, եթե ընդունենք, թե քննչականն ու դատախազությունը ամբողջությամբ ճիշտ են, ապա ակնհայտ է, որ նախաքննության ցանկալի արդյունքին հնարավոր է հասնել տնային կալանքի պայմաններում»,-ասաց Արսեն Բաբայանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Մարատ Հակոբյանին մեղադրում են զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, մինչդեռ, ըստ փաստաբանի, նա ընդամենը սեպտեմբերի 19–ին Հանրապետության հրապարակ էր եկել իմանալու, թե ինչ վիճակ է Արցախում, ուր հենց այդ օրը պատերազմ էր, որին մասնակցում էր նաև Մարատի հայրը, իսկ դրանից առաջ, շուրջ 9 ամիս, Մարատի մայրն ու քույրերը գտնվում էին շրջափակված Արցախում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ