1990թ․ մայիսին կայացած ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության անդամ Համբարձում Գալստյանի թեկնածությունը, որպես պատգամավորի թեկնածու, առաջադրված էր Չարենցավանում։ Նրա հիմնական մրցակիցը Չարենցավանի քաղխորհրդի նախագահ Խոսրով Հարությունյանն էր։ Ընտրություններում բավականին մեծ առավելությամբ հաղթեց Խոսրով Հարությունյանը։ Համբարձումի ցասմանը չափ ու սահման չկար։ Նա երկար ժամանակ ինքն իրեն չէր գտնում, մեղադրում էր բոլորին, որ չեն աջակցել իրեն, որպեսզի դառնա պատգամավոր։
Որպես մխիթարանք, հետագայում նա մասնակցեց Երևանի քաղխորհրդի ընտրություններին և դարձավ քաղխորհրդի պատգամավոր։
Որքան հիշում եմ, Համբարձումը ոչ թե ընտրվեց, այլ վարչապետ Վազգեն Մանուկյանի կողմից նշանակվեց Երևանի քաղխորհրդի նախագահ։ Նույն օրը ՀՀՇ վարչության նիստ էր։ Բոլորս լցված էինք տոնական տրամադրությամբ, շնորհավորում էինք Համբարձումին, միմյանց, կատակում։ Հիշում եմ իմ կատակը․
-Այսօր, Երևանում, Համբարձումի գալստյան օրն է։
Կարդացեք նաև
Հետևեց, Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխան-կատակը․
-Իսկ հեռացումը, կդառնա Գալստյանի համբարձման օրը։
Ահա այսպիսի տոնական տրամադրություն էր տիրում Տեխնիկայի տանը, որը դարձել էր ՀՀՇ գրասենյակը։ Սա ՀՀՇ վարչության այն հազվադեպ նիստերից էր, երբ բացի ուրախ զրույցներից, կատակներից, այլ հարցեր չքննարկվեցին։ Երբ արդեն ցրվում էինք, ես առաջարկեցի․
-Կարծում եմ, որպես Երևանի քաղաքապետ, Համբարձումի առաջին որոշումը պետք է լինի Լենինի արձանի ապամոնտաժումը։
Չնայած հարցը չդրվեց քվեարկության՝ վարչության բոլոր անդամները առաջարկիս հավանություն տվեցին, համարելով, որ ամեն ինչ պարզ է։
Անցավ որոշ ժամանակ, բայց դեռևս Երևանի քաղխորհուրդը Լենինի արձանի հետ կապված որոշում չէր կայացնում։ Արդեն 1991 թվականն էր, երբ Հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով ցուցադրվեց Համբարձումի զբոսանքը Լենինի անվան հրապարակում, լրագրողի և օպերատորի ուղեկցությամբ և նրա թունդ «մասնագիտական» խոսքը․
-Այս հրապարակի ամեն շենք, դետալ, կազմում են այս ընդհանուր գեղեցիկ անսամբլի անքակտելի մասերը, այդ թվում՝ Լենինի արձանը։ Այնպես որ, ես, որպես ազգագրագետ-մասնագետ, դեմ եմ այս փառավոր անսամբլի խեղաթյուրմանը, այդ թվում՝ Լենինի արձանի ապամոնտաժմանը, որը կխաթարի հրապարակի ճարտարապետությունը։
Հաջորդ օրը «Մաշտոց» միավորման, որի նախագահն էի,հերթական նիստի օրն էր։ «Մաշտոցի» բոլոր անդամներն անչափ զայրացած էին Համբարձումի ելույթից։ Նրանցից ոմանք առաջարկեցին, ոմանք էլ պահանջեցին ինձնից հրաժարական տալ ՀՀՇ անդամակցությունից։ «Մաշտոցի» անդամներին փորձեցի հանգստացնել, բացատրելով, որ շուտով կկայանա ՀՀՇ վարչության նիստ, կքննարկվի հարցը և համոզված եղեք, որ որոշում կկայացվի հօգուտ ԼԵնինի արձանի ապամոնտաժման։ Բայց, «Մաշտոցի» արմատական անդամները չէին հանգստանում և նրանց հանգստացնելու համար առաջարկեցի հաջորդ օրն անցկացնել «Մաշտոցի» արտահերթ նիստ, հրավիրելով Համբարձում Գալստյանին։ Այս առաջարկին, բոլորը համաձայնեցին։
Ինքս բավական ժամանակ չէի հանդիպել Համբարձումին և հաջորդ օրը, հեռախոսով, դժվարությամբ նրան համոզեցի մասնակցել «Մաշտոցի» նիստին և պատասխանել անդամներին հուզող հարցերին։
Հաջորդ օրը երեկոյան, բավականին ուշացումով, Համբարձումը բարեհաճեց գալ «Մաշտոցի» նիստին։ Երբեք չեմ մոռանա այդ հանդիպումը։ Չէի պատկերացնում, թե մարդ ինչպես կարող է փոխվել, մեծամտանալ՝ բարձր պաշտոնի նշանակվելով։ Համբարձումը արհամարհանքով և վերևից էր նայում «Մաշտոցի» անդամներին և հարցերին պատասխանում էր վիրավորական և վերամբարձ տոնով։
Այսպես, Ալավերդու դպրոցներից մեկի աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանի հերթական հարցին նա արձագանքեց․
-Դու ի՞նչ մասնագետ ես։
-Աշխարհագրության ուսուցիչ։
-Դե՛, իմացիր, քո դիմաց կանգնած է մասնագետ-ազգագրագետը և ես քեզնից չէ, որ պետք է խորհուրդներ ստանամ։ Եվ ես, որպես մասնագետ որոշել եմ, որ Լենինի արձանը պետք է մնա։
Անհարմար զգալով, մի կերպ ընդհատեցի նիստը, չուզենալով, հրապարակային հակադրվել ՀՀՇ վարչության անդամ, իմ գործընկերոջ հետ։
Այնուամենայնիվ, չդիմացա և մինչ ՀՀՇ վարչության հերթական նիստը, եղբորս՝ Վահանի խմբագրած «Մաշտոց» թերթում, երգիծական հոդված հրապարակեցի « Երևակայական հարցազրույց Համբարձում Գալստյանի հետ» վերնագրով։
Հոդվածը մեծ արձագանք ունեցավ։ Համբարձումի կատաղությունը չափ ու սահման չուներ։ Նա զանգահարել էր հորս ու մորս և իր դժգոհությունն ու բողոքն էր հայտնել իմ մասին։ Նրա առաջարկով, հոդվածի հրապարակման հաջորդ օրը հրավիրվեց ՀՀՇ վարչության արտահերթ նիստ՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը, երբ ՀՀՇ վարչության անդամը գրում է մեկ այլ անդամի դեմ։
Մինչ նիստի սկսվելը, ՀՀՇ վարչության անդամները, շատ սառն էին ինձ հետ։ Նիստը բացեց և օրակարգը ներկայացրեց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։ Օրակարգում մեկ հարց էր, իմ հոդվածի քննարկումը և ըստ այդմ, որոշման ընդունումը։ Առաջինը խոսքը տրվեց Համբարձումին։ Նա զայրացած խոսեց իմ դեմ, պահանջելով ինձ հեռացնել ՀՀՇ-ից, որպես հիմնավորում ասելով, որ չի կարելի ՀՀՇ վարչության մեկ անդամը մյուսին հրապարակային քննադատի։ Համբարձումի խոսքին հետևեցին ՀՀՇ վարչության այլ՝ բազմաթիվ անդամների, նույնպես զայրացած, ինձ պախարակող ելույթները, համաձայնելով ինձ ՀՀՇ-ից հեռացնելու առաջարկի հետ։
Երբ բոլոր ցանկացողները խոսեցին, Վանոն ինձ առաջարկեց պատասխանել։
Իմ խոսքում անդրադարձա ՀՀՇ սկզբունքներին, այդ թվում՝ Հայաստանի անկախությանը, հիշեցրի ՀՀՇ վարչության անդամների համաձայնությունը Լենինի արձանի ապամոնտաժման մասին։ Այնուհետև ներկայացրեցի Համբարձումի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը, «Մաշտոց» միավորման նիստին Համբարձումի պահվածքը։ Ելույթիս վերջում ասացի, որ չեմ զղջում հոդվածի համար, քանի որ Համբարձումը «Մաշտոցի» նիստում վիրավորել էր անդամներին և վարկաբեկել ՀՀՇ-ին։
Խոսքիս ավարտին բոլորն անհամբեր սպասում էին Վանոյի արձագանքին, քանի որ նրանից էր կախված որոշման ընդունումը։1990թ․ , իշխանության գալուց հետո, շատ բան էր փոխվել ՀՀՇ-ում։ ՀՀՇ անդամների մեծամասնությունն այլևս չուներ ինքնուրույն կարծիք և հետևում էր, թե ինչ կասեն ՀՀՇ բարձրաստիճան պաշտոնյաները, որ իրենք էլ կրկնեն։ Եվ նրանց համոզմամբ, Վանոն արտահայտում էր ՀՀՇ վերնախավի կարծիքը, որն ի դեպ, միշտ չէ, որ այդպես էր։
Ահա, մոտավորապես Վանոյի խոսքը․
-Ավո ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում։ Ուղղակի, ավելի ճիշտ կլիներ, որ համբերեիր և եթե այդ բոլոր հարցերը բարձրացնեիր վարչության նիստում։ Առաջարկում եմ Ավոյի հարցով ոչ մի որոշում չընդունել։ Իհարկե, պետք է ստիպենք Համբոյին հանել Լենինի արձանը։ Դնում եմ քվեարկության՝ Լենինի արձանը ապամոնտաժելու հարցով։ Ովքե՞ր են կողմ։
Վարչության բոլոր անդամները «կողմ» քվեարկեցին։ Դրանով նիստն ավարտվեց։ Երբ ցրվում էինք, այն նույն վարչության անդամները, որոնք փրփուրը բերաններին խոսում էին իմ դեմ, մոտենում էին ինձ և ժպտալով ասում․
-Դե, ինչ ասեմ Ավո ջան, դու ճիշտ ես․․․
Որոշ ժամանակ անց, Երևանի քաղխորհրդի որոշմամբ, Լենինի արձանը ապամոնտաժվեց։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ