Արցախից բռնի տեղահանված ու Գյումրիում բնակություն հաստատած Ռադա Հայրապետյանը, որը մասնագիտությամբ մանկավարժ է, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ չի պատկերացնում ադրբեջանցիների հետ համատեղ բնակեցում։
«Ես չեմ պատկերացնում Արցախում խելքը գլխին մարդ մնացած լինի․ կամ իրենց հետ համագործակցողներ կլինեն, կամ խելքը կորցրած։ Չեմ պատկերացնում, որ նորմալ մարդը էսքանից հետո, մեծ անդունդ ստեղծվելուց հետո․ 1988 թվականից մինչև օրս մեծ անդունդ է ստեղծվել երկու ազգի միջև, ուզի ապրել ադրբեջանցիների հետ։
Անհնար է իրենց հետ ապրելը, ես Բաքվում եմ ծնվել, ութամյա դպրոցն այնտեղ եմ ավարտել, իրենց լեզվին էլ տիրապետում եմ, բայց չեմ ապրի իրենց հետ։
Ես դպրոցում եմ աշխատել, ռուսաց լեզվի ուսուցչուհի եմ, երբեք դպրոցում չեմ ասել՝ էս մեկը մեր թշնամին է, երեխեքին բացատրել եմ՝ ով սրերով կգա մեր վրա, նա է մեր թշնամին, բայց ափսոսում եմ, պիտի դաստիարակեի, որ թուրքը մեր թշնամին է։ Հենց այդ կարգախոսով պիտի դաստիարակեի երեխեքին, ինչպես իրենք»,-ասում է Ռադա Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Տիկին Ռադան նշում է՝ մինչև վերջ մեծ հույս ունեին, որ Արցախի փրկության համար մի բան կանեին, երբևէ չէին մտածում, որ Արցախը կհայաթափվի։
«Պատմության մեջ չի եղել նման բան, որ Արցախը հայաթափվեր, ոչ էլ պատկերացրել ենք, որ երբևէ նման բան կգրանցվեր, բայց դե վախն այնպիսի գործոն է, որ բոլորին հանեց-բերեց էստեղ», -տխրում է մեր զրուցակիցը։
Նա նշում է՝ արցախցիներին սովամահ լինելուց փրկել է «մսի երկիր» լինելը։
«Ճիշտ է՝ միսը թանկ էր, բայց կար, մեկ էլ ժամանակին պետության սուբիսիդավորումը, որ տվել էին գյուղմթերք արտադրելու համար, դա էլ օգնեց․ սնունդ գյուղից բերում էին քաղաք, բայց երբ վառելիքն էլ խնդիր դարձավ, դա էլ չկար։ Ինչ հերթեր էին գոյանում, գոյատևման պայքար էր, ուղղակի տեսնել էր պետք։
Մեր բարի, դրական քաղաքը վերածվել էր չգիտեմ ինչի, ով հասցրեց, նա կերավ։
9 ամիս դիմացել ենք, վերջին 3 ամիսը ոչինչ չկար, մարդիկ անգամ շաքարավազ չունեին իրենց երեխաների համար, տնտեսական ավազը, որը ճանապարհների համար էին նախատեսում, մշակում էին, սննդի համար աղ էին ստանում ու ստացվում էր։
Մենք բոլորս աշխատող էինք ու սկեսուրիցս եկած դաստիարակություն ունեմ, ասում էր՝ կապ չունի քաղաքին մոտ եք կամ խանութը լիքն է, պետք է «զապասով ապրեք»։ Դա մեզ որոշ տեղեր փրկել է, բայց ընտանիք կար, որի միջին աշխատավարձը 60 հազար դրամ էր, եթե անգամ շատ ուզեին «զապասով» առևտուր անել, չէր ստացվում, այդ մարդկանց վիճակն ահավոր էր, չեք պատկերացնում, հերթում ուշագնաց էին լինում։
Մի քիչ գյուղերում էր թեթև վիճակը, ով բարեկամ ուներ, ով գյուղերից հասցնում էր ինչ-որ բան քաղաք բերել, կարողանում էր գոյատևել։ Գյուղը, ինչպես առաջին պատերազմի ժամանակ, հիմա էլ մի քիչ օգնել է քաղաքին։ Քաղաքի ժողովուրդը ահավոր վիճակում էր։
Ասում են, թե ռուս խաղաղապահները թանկ գներով ապրանք են վաճառել, լսել եմ, բայց անձամբ չեմ օգտվել։ Քաղցր ջեմը, մուրաբան, որ ժամանակին եփել էինք, դրանով ենք յոլա գնացել, բա մյուսներն ինչ անեին։
Մեր տները թողեցինք լիքը-լիքը, դատարկ ձեռքով դուրս եկանք», -մեծ ցավով ասում է մեր զրուցակիցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ