«Շուրջ 150 բուժառու շարունակում է իր առողջության վերականգնումը հայաստանյան տարբեր բժշկական հաստատություններում: 24-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը ծայրահեղ ծանր»,- նշեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության «Հումանիտար կենտրոնի» կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Նա ասաց, որ առաջնային առողջության պահպանման կենտրոններում արդեն իսկ 42000 մարդ գրանցվել է, ինչը նշանակում է, որ ամբուլատորիային եւ պոլիկլինիկային նման թվով մարդիկ են կցագրվել, որոնցից 333-ը հղիներ են, արդեն նաեւ 88 ծնունդ է գրանցվել:
«Այսօրվա դրությամբ 100 հազարական հրատապ դրամական աջակցության շրջանակում արդեն իսկ վճարվել է 95200 բռնի տեղահանված մեր հայրենակիցների, այդ թվում՝ 24000 երեխաների եւ 71200 մեծահասակների: Մնացած մասով տվյալների մշակումը շարունակվում է: Ունենք տեղեկություններ, որ դեռեւս մինչեւ վերջ չմշակված դիմումները վերաբերվում են այն երեխաներին, որոնց համար փոխհատուցման դիմումներ ներկայացրել են ծնողները: Սահմանված կարգով մշակումը կհասցվի ավարտին եւ առաջիկա օրերի ընթացքում բոլոր այն տվյալների դեպքում, որոնք վերջնականացված են եւ նույնականացված, վճարումները կհասցվեն ավարտին»,-նշեց «Հումանիտար կենտրոնի» աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Փոխվարչապետի խոսքով. «Երկրորդ կարեւոր միջոցառման՝ կեցության վայրի եւ կոմունալ ծախսերի փոխհատուցման միջոցառման շրջանակներում դրամական հատկացումներն այսօր նույնպես կմեկնարկեն, քանի որ նախորդ շաբաթվա ավարտին արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները ավարտվել են: Հոկտեմբեր ամսվա դիմումների կարիք չկար, եւ վճարումները կատարվելու են ինքնաշխատ եղանակով…
Իսկ 40000-ական դրամ կստանան բոլոր այն անձինք, որոնք բնակարան եւ տուն չունեն Հայաստանի Հանրապետությունում: Այս միջոցառման միակ բացառությունը նախորդ աջակցության ծրագրի նկատմամբ այն է, որ բացառության խումբը կկազմեն նրանք, որոնք ունեն բնակարան կամ տուն: Մնացածի վերաբերյալ փոխանցումները կկատարվեն նույն բանկային հաշվեհամարներին, ինչպես նախորդ դեպքում՝ անչափահաս երեխաների համար դրամական փոխանցումները կկատարվեն ծնողներից մեկի հաշվեհամարին: Հուսով ենք, որ այս շաբաթվա ընթացքում վճարման հիմնական մասը տեղի կունենա»:
Կարդացեք նաև
Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ սկզբունքորեն որոշել են, որ աջակցության բոլոր ծրագրերը պետք է լինեն թիրախային:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասն տեսանյութում՝ քիչ անց: