Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել:
Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում մրցաշարին Հայաստանից և Վրաստանից, ընդհանուր առմամբ, 55 հեծանվորդ է մասնակցել:
Անջատ մեկնարկ մրցաձևում Էդուարդ Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր՝ 12 կմ մրցատարածությունը հաղթահարելով 17:46 վայրկյանում: Նույն մրցաձևում Վահե Վիրաբյանն արծաթե մեդալ է նվաճել՝ 24 կմ մրցատարածությունն անցնելով 33:26 վայրկյանում: 24 կմ մրցատարածությունում երկրորդ արդյունքն է ցույց տվել նաև Արթուր Վարելջյանը՝ երիտասարդների պայքարում: Նա արծաթե մեդալ է նվաճել՝ գրանցելով 34:07 վայրկյան արդյունք:
Մրցումային երկրորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, հայ հեծանվորդները հանդես են եկել խմբային մրցաերթում: Վահե Վիրաբյանը նվաճել է ոսկե, իսկ Արթուր Վարելջյանը՝ բրոնզե մեդալ: Էդուարդ Գրիգորյանը պատանիների պայքարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Կարդացեք նաև
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը բարձր է գնահատում հայ մարզիկների մրցելույթները 2023 թվականի վերջին մրցաշարում: Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ՝ լեհական «Գրուդիոզ ՍՏԱԼ» ակումբի նախագահ Ադամ Սիեզկովսկին Թբիլիսիում հետևել է հայ հեծանվորդների ելույթներին: Կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի երեք հեծանվորդներ՝ Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը, 2024 թվականի ապրիլից կմարզվեն լեհական ակումբի կազմում և կնախապատրաստվեն հուլիսի 9-14-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մինչ այդ՝ նոյեմբերի 5-ից, Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը 10 մարզիկով ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Նախապատրաստական ևս մեկ փուլ հայ հեծանվորդները կանցկացնեն հունվար-մարտ ամիսներին, ինչից հետո Վահե Վիրաբյանը, Արթուր Վարելջյանը և Սվետլանա Մկրտչյանը կմեկնեն Լեհաստան:
«Լեհաստանում կայանալիք նախապատրաստական փուլը շատ կարևոր և օգտակար կլինի մեր մարզիկների համար: Ամեն շաբաթ նրանք միջազգային մրցումների կմասնակցեն»,- նշում է Արմեն Գյոզալյանը:
Գլխավոր մարզչի խոսքով՝ հայ հեծանվորդները 2024 թվականի օգոստոսին նաև աշխարհի առաջնության կմասնակցեն:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ