2021-ին, երբ 3+3 ձևաչափով առաջին հանդիպումն էր տեղի ունենում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այդ ձեւաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում:
«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», – ԱԺ ամբիոնից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:
Երեւանի մամուլի ակումբի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեցինք՝ նո՞ր օրակարգ է ընդգրկված 3+3 ձեւաչափով այսօր Թեհրանում կայանալիք հանդիպման ժամանակ, թե՞ այլ հարթակներում չքննարկված նոր հարցեր են հանդիպման սեղանին դրված:
Կարդացեք նաև
«Կամ օրակարգը ձեւավորված չէ ու հենց հանդիպման վայրում է դա որոշվելու, կամ Հայաստանը ցանկացել է չբացառել այն հնարավորությունը, որ ինչ-որ հարցեր, որոնց լուծումը չի ապահովվում այլ հարթակներում՝ կքննարկվեն այնտեղ, կամ պարզապես հաշվի են առել, որ Իրանի հետ հարաբերություններ փչացնելը չի բխում ՀՀ այսօրվա շահերից եւ պետք էր անկախ նրանից, թե ինչ է այնտեղ քննարկվելու, գնալ Թեհրան ու մասնակցել հանդիպմանը»,- իր տարբերակները թվարկեց Բորիս Նավասարդյանը:
Մեր զրուցակիցը այս ձեւաչափով հանդիպման մասնակցության առումով նաեւ որոշակի ռիսկեր է տեսնում. «Քանի որ մի շարք երկրներ, մասնավորապես՝ ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը կարող են պնդել, որ այդ օրակարգում լինի ադրբեջանական հակամարտության հետ կապված հարցերի լուծում կամ այդ ուղղությամբ որոշակի շարժ, ինչը Հայաստանի ԱԳ նախարարին կանգնեցնելու է բավականին բարդ իրավիճակում, որովհետեւ ինքը միայնակ ստիպված է լինելու հակադրվել այս հանդիպման մյուս մասնակիցներին: Դա արտացոլվում է այն ոչ հետեւողական քաղաքականությամբ նախորդ տարիներից, որը դրսեւորվում էր ՀՀ կողմից ու ստեղծում բազմաթիվ խնդիրներ ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար: Այսօր կարծես թե կա դիրքորոշում, այն արդեն արտահայտվել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների կողմից, որ հարթակից հարթակ տեղափոխվելը միայն վնասում է խնդիրների լուծմանը: Հուսով ենք, որ դա վերջնական դիրքորոշում է, ու ՀՀ-ն այլեւս հարթակից հարթակ չի տեղափոխվելու՝ խճճելով այն բոլոր հարցերը, որոնք դրված են հայ-ադրբեջանական հակամարտության հիմքում»:
Ի՞նչ կտա այս հանդիպումը Հայաստանին, ըստ Բորիս Նավասարդյանի. «Դա մի հանդիպում է, որին մասնակցում են մեր հարեւան երկրների ներկայացուցիչներ, չեմ բացառում, որ նրանց հանդիպման օրակարգում կարող են լինել հարցեր, որոնք այլ հարթակներում չեն կարող քննարկվել կամ չեն էլ քննարկվել մինչեւ այսօր: Եթե նման հարցերի օրակարգ լինի, միգուցե ՀՀ մասնակցությունը նպատակահարմար լինի, բայց այդ շատ մշուշոտ հեռանկարները ամեն դեպքում զիջում են այն ռիսկերին, որոնց հետ կապված է ՀՀ այնտեղ ներկա լինելը: Կտեսնենք այդ հանդիպման արդյունքում այդ հարթակի հեռանկարայի՞ն, թե՞ ռիսկային լինելն էր գերակշռում»:
Դեռ 2021-ին պաշտոնական Երեւանը 3+3 ձեւաչափի մասին ուներ շեշտված դիրքորոշում՝ ցանկացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ կարող է արդյունավետ լինել, եթե այն ամբողջական ու ներառական է և հիմնված է ներգրավված բոլոր պետությունների միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: Հակառակ պարագայում դա «կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմանի ձևաչափ, ինչն էլ կարող է հանգեցնել թե՛ այդ բազմակողմանի ձևաչափի, թե՛ երկկողմ երկխոսության խաթարմանը:
Բորիս Նավասարդյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու ՀՀ միջև փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումներ իր համար տեսանե՞լի են, ի պատասխան ասաց. «Այդ մեջբերված հայտարարության մեջ ես նաեւ այլ երանգ եմ տեսնում: Այսինքն՝ ՀՀ-ն, երբ անում էր այդ հայտարարությունը, կարեւորում էր Վրաստանի մասնակցությունը, այսինքն՝ Վրաստանի բացակայությունը լրացուցիչ հարցեր է առաջացնում հանդիպման նպատակահարմարության հետ կապված: Դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն ու Վրաստանը պետք է փորձեին ընդհանուր դիրքորոշում ձեւավորել եւ այդ դեպքում մեր գնալ կամ չգնալն ավելի հիմնավորված կլիներ եւ ավելի լուրջ կդիտվեր: Բայց ինչպես տեսնում ենք՝ Վրաստանը չի մասնակցում Թեհրանի հանդիպմանը, ՀՀ-ն մասնակցում է, դա նշանակում է, որ որեւէ համաձայնեցված դիրքորոշում Երեւանի ու Թբիլիսիի միջեւ չի ձեւավորվել, իսկ դա լավ նշան չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ