Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների և ադրբեջանցի մի խումբ «փախստականների» հետ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, համայնքի անդամները պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին: Ըստ տեղեկատվության Միատովիչը կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում և հավելել, որ զբաղվելու է այդ հարցով իր լիազորությունների շրջանակում:
Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանն անդրադառնալով այս հանդիպմանը՝ գրել է․ «Ի՞նչ է սա նշանակում, որ ԵԽ-ն ընդունում է Ադրբեջանի՝ Հայաստանի հանրապետության նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացնող այս կառավարական կառույցը, որը ստեղծվել է Իլհամ Ալիևի ուղիղ հրահանգով։
ՀՀ ԱԳՆ-ն պետք է շտապ նոտա ներկայացնի այս հանդիպման առթիվ ու հայտարարությամբ հանդես գա, որ նման հանդիպումները դիտվելու են որպես ՀՀ-ի նկատմամբ տարածքային հավակնությունների «արդարացում»։ Պետք է կանխել նմանատիպ հետագա հանդիպումները»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել էր Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Կողմերը քննարկել էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: