ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը:
Բաքոյանն առաջարկում է ավելացնել, որ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն եւ որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարում բնակվել է ՀՀ-ում: Այսպես, ըստ նրա, նպաստավոր պայմաններ են ստեղծվում հատկապես ազգային փոքրամասնությունների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց. «Այնտեղ նշած կա՞, թե ովքեր են հանդիսանում ազգային փոքրամասնությունները Հայաստանում, մենք ունե՞նք սահմանում ընդհանրապես որ ազգերն են մտնում դրա մեջ: Ես առաջարկում եմ գրել այն ազգերը, որոնք պետություն չունեն»:
Կարդացեք նաև
Բաքոյանը պատասխանեց. «Այս հարցը դեռ 2-3 տարի առաջ քննարկման առարկա է դարձել: «Ազգային փոքրամասնությունների մասին» նախագիծը edraft-ում դրված էր, բայց որոշ հարցերի պատճառով անընդհատ հետաձգվում է: Այդ նախագծում սահմանված է ովքեր են ՀՀ ազգային փոքրամասնությունները, բայց նշեմ, որ ՀՀ-ում կա 11 ազգային փոքրամասնություն, բայց երկու ազգություն կա, որ պետականություն չունեն, խոսքը եզդիների եւ ասորիների մասին է, իսկ քրդերն ունեն ինքնավարություն: Այս օրենքի փոփոխությամբ հատկապես եզդիական, ասորական, ինչպես նաեւ ռուսական համայնքի ներկայացուցիչները ունենում են հնարավորություն: Հատկապես ռուս-ուկրաինական պատերազմից հետո հարյուրավոր դիմումներ են եղել, որ ստեղծենք հնարավորություն, որ իրենք կարողանան քաղաքացիություն ձեռք բերել: Իհարկե, խոսքն այն անձանց մասին է, ովքեր ծնվել են ՀՀ-ում, որոնց ծնողները կամ զավակները ՀՀ քաղաքացիներ են եւ բազմաթիվ կողմերով իրենք կապված են ՀՀ-ի հետ»:
Գեղամ Նազարյանը մտահոգություն հայտնեց, որ ազգային փոքրամասնությունների անվան տակ Հայաստանում կարող են քաղաքացիություն ստանալ նաեւ այլ ազգերի ներկայացուցիչները՝ ոչ եզդիները, ռուսները, ասորիները:
Բաքոյանը հերթականությամբ թվարկեց, թե որոնք են 11 ազգային փոքրամասնության մեջ մտնում. «Մենք ունենք ազգային փոքրամասնություններ, որոնք թիվը ՀՀ-ում 60-ի է հասնում: Հայաստանը համարվում է ցավոք մոնոէթնիկ երկիր, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը 1,2% է հասնում: Այս օրենքի փոփոխությունով մենք դեմոգրաֆիական փոփոխություն չենք ունենալու»:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց. «Խոսքը չի վերաբերվում ավտոմատ եղանակով նշված անձանց քաղաքացիություն տրամադրելուն, խոսքը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ պատկան մարմիններին դիմելու իրավունք վերապահելուն: Եթե անկեղծ խոսենք, մենք գնում ենք որոշակի առումով կոշտացման, որովհետեւ եթե գործող օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչուր անձ, ում ծնողը ինչ-որ իքս ժամանակահատվածում եղել է քաղաքացի եւ որն ունենում է զավակ, որը 18 տարին լրանալուց հետո երեք տարվա ընթացքում դիմում է ներկայացնում, այդ դիմումը պետք է առնվազն քննվի եւ վարչարարություն իրականացվի: Մենք գնում ենք խստացման ճանապարհով: Մենք ասում ենք՝ այն պարագայում կարող ես դիմել, եթե մեկ տարի անընդմեջ բնակվել ես ՀՀ-ում, օրինական կարգով բնակվել ես ՀՀ-ում եւ ունեցել բնակության մշտական կարգավիճակ: Ձեր մտավախությունը հասկանում եմ որտեղից է գալիս, բայց դրանք շատ լուրջ հիմքեր չունեն, որովհետեւ քաղաքացիություն շնորհելը պետության իրավունքն է՝ շնորհել, թե ոչ: Մենք հիմա խոսում ենք դիմելու իրավունք վերապահելու մասին»:
Հարակից զեկուցող, պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասաց. «Իրականում նախագիծը միտված է որոշակի առումով նախորդ կարգավորումների համեմատ թեթեւացնելու ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ ունեցած ազգությամբ ոչ հայերի զավակների կողմից ավելի մատչելի ու հեշտ ժամանակում քաղաքացիություն ստանալը»:
Կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասաց. «Հիմա հնարավորություն են տալիս այն անձանց, ում ծնողներից որեւէ մեկը ծնված է եղել ՀՀ-ում կամ ունեցել է քաղաքացիություն, դիմել քաղաքացիության համար՝ առանց ունենալու 3 տարվա մշտական բնակություն եւ առանց հանձնելու հայոց լեզվի թեստը: Կատարված փոփոխությունները բարելավում են, պահպանում են մեր քաղաքացիության օրենսդրության տրամաբանությունը, այն է՝ իրավական կապի ապահովումը մեր պետության հետ: Մեր օրենսդրությունը չի կառուցված՝ «տարածքում ծնվածը քաղաքացի է» սկզբունքով, այլ կառուցված է՝ քաղաքացիներից ծնվածը քաղաքացի է» լոգիկայում, այսպես ասած արյան սկզբունքով: Մեկ տարվա մշտական բնակություն է սահմանվում միայն: Դա ձեւավորում է հավելյալ իրավական կապ ՀՀ-ի հետ, որը հիմք է տալիս, որ անձը դիմի քաղաքացիության համար: Քաղաքացիություն շնորհելը եւ մերժելը ՀՀ նախագահի լիազորությունն է»:
Գեղամ Նազարյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան նույնպես դիմումներ է ստանում՝ քաղաքացիություն ստանալը հեշտացնելու խնդրանքով, բայց մյուս կողմից կան մտահոգություններ, որոնք այս օրենքի նախագծով փարատված չեն. «Ես վտանգներ եմ տեսնում մեզ համար, ձեռնպահ ենք քվեարկելու մի շարք պատճառներից ելնելով: Բայց ուզում ենք, որ այս օրենքը ընդունելուց հետո ավելի ուշադրությամբ մոտենանք այս հարցին: Ես տեսնում եմ, որ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար այս օրենքը կարող են օգտագործել չարակամները այս ու այն կերպ: Օրինակներ չեմ ուզում բերել, թե ինչպես կարող է մի երկիր այսպես ճնշում գործադրել, բայց որ եզդի, ասորի, մեր հույն բարեկամները չմտածեն, որ դեմ ենք, մենք ուզում ենք, որ վտանգները փարատվեն ու չեզոքացվեն»:
Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ձեր մտավախությունները կիսելով՝ սատարելու եմ ես այս նախագծին, որովհետեւ եթե ուշադրություն դարձնեք, ապա ձեր կողմից բարձրացրած մտահոգությունները շատ ավելի բարձր են գործող կանոնակարգումներով, քան այն կանոնակարգումներով, որը նախատեսվում է»:
ՔՊ-ականների քվեարկությամբ՝ նախագիծը ստացավ դրական եզրակացություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ