Խոսելով ՀՀ մտնող սպառազինության մասին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդհուպ տնային տնտեսուհիները քննարկում են, թե ՀՀ ի՞նչ զենք մտավ, որտեղի՞ց մտավ, նաեւ փորձարկումների մասին են խոսում. «Փորձարկումները շատ գոհացուցիչ են, երկրների ցանկը այնպիսին է, ինչպիսին քննարկվում է՝ գուցե մի քիչ ավել, պակաս, կարեւոր չի, կարեւորը, որ այդ ուղղությամբ աշխատանքները հաջողվում են»:
Ճշտեցին՝ ՌԴ-ն մեզ զենք մատակարարո՞ւմ է՝ 400 մլն-ի՝ նա պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից: Բայց այդ միլիոնները մենք տվել ենք՝ զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին: Ցանկացած պայմանագիր ենթադրում է եւ ժամկետներ, ե՛ւ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սահմանին մեծ աշխատանքներ են տարվել, այդ թվում՝ Ներքին Հանդում, որի մասին խոսում էր Աննա Գրիգորյանը. «Այդ բնագծերը միայն բետոններ չեն, դրանք պայմաններ են, որտեղ կռվողը ունենալու է կյանքի տեւողությունը տնօրինելու ավելի մեծ հնարավորություն: Եվ մեր ԳՇ-ն դրանք կիրառելով՝ ղեկավարման պրոցեսը կազմակերպելու է՝ արդեն նոր հնարավորությունների պարագայում»: Նա ասաց, որ եթե այդ աշխատանքները 44-օրյա պատերազմից առաջ արվեին՝ այլ պատկեր կունենայինք:
Խոսելով Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության մասին՝ նա ասաց. «Արձանագրենք, որ ՊՆ նախարարը պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում՝ Փարիզում հանդիպելու է իր գործընկերոջ՝ ՊՆ նախարարի հետ, քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ կրթականից սկսած՝ ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ»: Ըստ Անդրանիկ Քոչարյանի, այսպես Հայաստանը ռազմական համագործակցության շրջանակը մեծացնում է. «44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք բոլոր այդ հարթակներում պետք է լուրջ աշխատանք ծավալենք եւ ոչ միայն ունենանք բարեկամներ, այլեւ ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ Քոչարյանը նշեց. «Պլանային են դրանք: Մենք էլ ունենք պլանային գործողություններ, որոնց մասին խոսում ենք կամ չենք խոսում: Զորավարժությունները, իհարկե, որոշակի վտանգ ներկայացնում են, մեր հարեւանությամբ է տեղի ունենում, հիմա էլ նաեւ ավելացել են Արցախի տարածքում տեղի ունեցող միջոցառումների պլանի մեջ այդ դրվագները: Ուշադիր ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ