Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախը չի լուծարվել եւ այդ թուղթը սահմանադրական ուժ չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ ասաց. «Թող կողմնորոշվի ՝ վերջը ստորագրե՞լ է, թե՞ չի ստորագրել: Եթե չի ստորագրել, այդ դեպքում ինչի՞ է գտնվում Հայաստանում, ինքը պետք է պաշտոնավարեր Արցախում: Ասում է՝ փաստաթուղթը ուժ չունի, այդ դեպքում հարց է առաջանում՝ արցախահայությունն ինչի՞ լքեց իր բնակավայրերը»:
Թե ինչու է Անդրանիկ Քոչարյանը մեղադրում Արցախի 10 օրվա իշխանություններին՝ տպավորություն ստեղծելով, թե ընդհանրապես կապ չունեն այն մարդիկ, որոնք Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ պատասխանեց «Ամեն մեկը պատասխան պետք է տա իր արածի կամ չարածի համար: Ես պատասխան կտամ իմ արածի համար, բայց այն, ինչ արվեց մինչեւ Արցախի հայաթափումը, դրա համար պատասխան պետք է տան այն մարդիկ, որոնցից պահանջում է նաեւ արցախահայությունը»:
Հարցին՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում գրել էր, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, դուք այդ մասով ամեն ինչ արե՞լ էիք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ամեն ինչը այնքան մեծ միջավայր է: Արվել է հնարավորինս ամեն ինչ: Այն, ինչ ստացվեց արդյունքում եւ ինչի չստացվեցին այն նպատակները, որոնք արձանագրված էին ծրագրերով՝ դա ուրիշ հարց է: Դրա համար ստեղծվում են հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրում են: Հիմա այս հանձնաժողովի աշխատանքը դեռ չավարտած՝ պետք է ուզենք թե չուզենք ստեղծենք մի հատ էլ հանձնաժողով, որ պարզենք՝ վերջին հաշվով ի՞նչը ստորագրվեց, ո՞ւմ կողմից թելադրվեց, «շպարգալկեն» ո՞վ ստացավ, ի՞նչ էր գրված այդտեղ եւ արդյունքը այն է, որ Արցախը հայաթափված է այս պահին: Բայց դա արդյոք հեռանկարից զրկում է: Հեռանկարից զրկումն այն է, որ այն մարդը, որը վերցրել էր 22 ձայնով պատասխանատվությունը, երդվել էր գործող ԱՀ Սահմանադրության առջեւ, այդ պարտականությունները չկատարեց, մի հատ էլ Հայաստան տեղափոխվելուց ասում է՝ այդպիսի թուղթ չկա: Եթե չկա, ես բնական հարց եմ հնչեցնում՝ այդ դեպքում ինչո՞ւ ինքը Արցախում չի, գտնվում է Հայաստանում: Ո՞նց ստացվեց, որ նախկին նախագահները հիմա Բաքվում են, պարոն Շահրամանյանը բարեհաջող չգիտեմ ինչ ճանապարհով, կարծում եմ, նույն կամրջով անցավ, բայց ո՞ւմ ուղեկցությամբ, Արցախի անվտանգության աշխատողների ուղեկցությամբ տեղափոխվել է այստեղ»:
Հարցին՝ թե ինչո՞ւ ինքը չի հանդիպում Արցախի ներկայացուցչության հետ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ գեներալներից մեկը օրերս իր մոտ է եղել ու միասին քննարկել են անվտանգային հարցեր:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ