Արցախից բռնի տեղահանված անձինք այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ խնդրելով, որպեսզի Ֆրանսիան իրենց հումանիտար ապաստան տա։
«Մենք պահանջում ենք հանդիպում դեսպանի հետ, մեր հիմնական պահանջն այն է, որ Ֆրանսիայի Հանրապետությունից հումանիտար ապաստան ենք խնդրում։ Եթե մեկ կամ երկու տարի առաջ այստեղ հավաքվում էին 2020 թվականին բռնի տեղահանվածները, ապա այսօր արդեն հավաքվել են 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո բռնի տեղահանված արցախցիները։ Իրավիճակը գնահատելով՝ մենք բազմիցս ասել են, որ վերջը սա է լինելու։ Մեզ հանդիպումների ընթացքում միշտ վստահեցրել են, որ Արցախի հարցը ռազմական լուծում չի ունենալու։ Բայց փաստացի Արցախի հարցը, թեեւ փակված չէ, բայց լուծվել է ռազմական ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից բռնի տեղահանված Արթուր Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ բռնի տեղահանված մոտ 135 արցախցի այսօր գտնվում է ՀՀ տարածքում։ Նրանցից ոմանք արդեն արտագաղթել են Հայաստանից, Արթուր Ստեփանյանի խոսքով՝ մեծ արտագաղթ է սկսվել, հիմնականում դեպի Ռուսաստան։
Ըստ Արթուր Ստեփանյանի՝ այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-ից գալու են Ֆրանսիայի դեսպանատան մոտ, մինչեւ դեսպանն իրենց կընդունի։
Նա հավելեց, որ Արցախ վերադառնալու պահանջ դեռեւս 2020 թվականից իրենք բարձրացրել են։ «Մեզ եւ ԱՄՆ, եւ Ֆրանսիայի դեսպանատանը պատասխանել են, որ նման հարցեր պետք է բարձրաձայնվեն իշխանության մակարդակով։ Այսինքն՝ պետք է պետությունը նման հարցեր բարձրացնի, ոչ թե հասարակ քաղաքացիները։ Օրինակ՝ մենք պահանջել ենք ՄԱԿ խաղաղապահ ուժեր, ասել ենք՝ եթե հույսներս դրել ենք ՌԴ խաղաղապահ ուժերի վրա, ապա իրենք այսօր ի վիճակի չեն ապահովել մեր անվտանգությունը։ Մենք 2020 թվականի դեկտեմբերի 16-ից արդեն տեսել ենք ռուս խաղաղապահների աշխատանքը, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր ու Խծաբերդ գյուղերը հայաթափվեցին, դրանից հետո եղան մնացած գործողությունները, վերջում եկավ հասավ նրան, որ Արցախը լրիվ հայաթափվեց»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Հարցին, թե ինչո՞ւ են հումանիտար ապաստան խնդրում Ֆրանսիայից եւ չեն ցանկանում մնալ Հայաստանում, Արթուր Ստեփանյանը պատասխանեց. «Այսօր արցախցիներին պառակտում են, կարծես բաժանել են երկու մասի։ Այսինքն՝ վերջին շրջանում եկած 100 հազարից ավելի մարդիկ բռնի տեղահանվածներ են, ինչպես Փաշինյանն է ասում, իսկ մեր մասին կարծես խոսք չկա։ Իսկ մենք բազմիցս մեր խնդիրները ներկայացրել ենք կառավարությանը, պահանջել ենք, որ մեզ համար համայնք կառուցեն։ Մեզ միշտ պատասխանել են, որ ձեզ համար բնակարաններ ենք կառուցում Արցախում։ Ասել են, որ Արցախում միայն բնակարանաշինության համար հատկացվել է 181 մլրդ դրամ, 2022 թվականի սեպտեմբերին էլ՝ հավելյալ 30 մլրդ դրամ։ Այսինքն՝ այսօր մի մարդ կատարել է հանցագործություն, նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում ու միայն բնակարանաշինության համար Արցախում 211 մլրդ դրամ գումար է ներդրել։ Սա միանշանակ հանցագործություն է, ինչի՞ համար են այնտեղ այդքան գումար ներդրել, եթե այսօր չկա Արցախը։ Եթե այսօր ոչ ոք այդ գումարների համար պատասխան չի տալիս, սա միանշանակ եղել է փողերի լվացում»։
Արթուր Ստեփանյանը հավելեց, որ Հայաստանում վտանգ չեն տեսնում, բայց իրենց համար ապագա էլ չեն տեսնում։ «Մինչեւ Արցախը վերջնական կորցնելը մենք այդ հարցն ենք բարձրացրել, ասել ենք, մենք մեր համայնքով, ավանդույթներով պետք է կարողանանք պահել Հադրութի համայնքը, Շուշին։ Հիմա արդեն ընդհանուր Արցախի հարցն է։ Մենք պատերազմից չենք վախենում, որ թողնեք գնանք, մենք երկրի վիճակից ենք վախենում։ Ինչո՞ւ չկա հեռանկարային ծրագիր, որ արցախցիների համար բնակավայրեր սարքեն։ Այս անգամ արցախցիների արտագաղթը շատ է, վարձերը թանկ են, մարդիկ չեն կարողանում Հայաստանում ապրել»- նշեց նա։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանն ասաց, որ դեսպանատան մոտ հավաքվածները մտահոգ են իրենց սերունդների ապագայի համար։ Նա հիշեցրեց, որ 2020 թվականից արցախցիներն իրենց կաշվի վրա զգացել են, թե ինչ ապագա է սպասվում իրենց։ «Մեզ դեմագոգիկ պատասխան էին տալիս, ասում էին՝ ձեզ Արցախում ենք տուն տալու։ Եվ իրենց ապուշ քաղաքականության հետեւանքով ավելի քան 180 մլրդ դրամ են ներդրել Արցախում՝ տներ կառուցելու համար, որ իբր մեզ պետք է տեղափոխեին այնտեղ։ Այսինքն՝ մեր ոչ մի պահանջ չի բավարարվել, գումարած այս վերջին խայտառակությունները, փախստականներին էլ պառակտում են, որպեսզի հեշտ լինի կառավարել։ Ովքեր այս տարվա սեպտեմբերին են եկել, նրանց դրամական փոխանցումներ են տալիս, մեր փոխանցումները չկան, առանց այդ էլ մեզ 4 ամիս բնակվարձեր էին պարտք, դրան ավելացել է վերջին երկու ամիսների պարտքը։ Երբ հարցնում ենք՝ ի՞նչ է լինելու մեր բնակվարձերի ծրագիրը, ասում են՝ չգիտենք, Արցախի կառավարությունն էր ձեր ծրագիրն ապահովում։ Այսինքն՝ մարդիկ այսօր հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ խնդրելով հումանիտար ապաստան, որովհետեւ այստեղ ապագա չենք տեսնում։ Այստեղ ապագան շատ մութ է, Արցախի Հանրապետությունն արդեն կերել են, հիմա հարցը Հայաստանի Հանրապետությանն է, որը նույնպես ուտելու են։ Որեւէ քայլ չեն տեսնում՝ ՀՀ-ն պաշտպանելու համար։ Ինչպես Արցախի հարցում էին ամբողջ հույսը դրել ռուսական խաղաղապահ զորակազմի վրա, հիմա էլ նույնը Հայաստանի հետ են անում, սահմանների երկայնքով ռուսներին են կանգնեցնել։ Մենք Արցախի օրինակով գիտենք, թե ռուսներն ինչ արեցին, հենց թուրքերը գալիս են, իրենք նահանջում են, հայերին էլ ասում են՝ չկռվեք։ Մեր կառավարությունը հույսը դրել է ՌԴ վրա, դրա համար ես վախենում եմ նաեւ ՀՀ ապագայի համար»,- ասաց Հայրյանը։
Նա հավելեց, ոչ դեռ 2020 թվականից է ՀՀ կառավարությունը փախստականներին պառակտել, քաշաթաղցիներին բնակարանների գնման վկայականներ են տվել ՀՀ տարածքում, իսկ հադրութցիներին ու շուշեցիներին ասել են, որ տուն պետք է ստանան Արցախում։
Նա բարձրաձայնեց նաեւ հարցը, որ իրենց փախստականի կարգավիճակ չեն տալիս։ «Ասեմ՞ թե ինչու չեն անում, այս ապուշներին մտքին կա մեզ վերադարձնել Ղարաբաղ, ինտեգրել։ Այսինքն՝ մեր ժողովրդին պիտի պատրաստեն հաջորդ ցեղասպանությանը։ Մենք ասել ենք՝ առանց Արցախի հայկական ստատուսի որեւէ ղարաբաղցու թույլ չենք տալու վերադառնալ։ Ռուսների խաղաղապահությունը մենք 1991 թվականին տեսել ենք, երբ Ստեփանակերտի ու Հադրութի կենտրոնից հայ մարդուն վերցնում ու տանում հանձնում էին Բաքվին։ Մի քանի ամիս ծեծելուց հետո ռուսները գալիս հարազատներին ասում էին՝ մի քիչ փող տվեք, գնանք բերենք»,- ասաց Հայրյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ