Լրահոս
Օրվա լրահոսը

Դալլասի հայկական փառատոնի շրջանակում անցկացվել է դրամահավաք՝ Արցախից տեղահանված 50 ընտանիքի համար

Հոկտեմբեր 23,2023 10:45

Հոկտեմբերի 20-22-ը ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում կայացավ ամենամյա «Armenia Fest» հայկական փառատոնը: Արցախի հայաթափումից հետո փառատոնն այս տարի այլ խորհուրդ ուներ:

Քանի որ հայկական փառատոնին մասնակցում են մեծ թվով այլազգիներ, ինչպես ամերիկացիներ, այնպես էլ օտարերկրացիներ, փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեին հնարավորին չափ ուշադրություն սևեռել Ղարաբաղի հարցի, Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ այդ հանցագործությունների պատճառով Հայաստանում ապաստանած արցախցիներն աջակցության կարիք ունեն:

Հայկական խոհանոցից, երաժշտությունից, պարարվեստից, Հայ առաքելական եկեղեցու առանձնահատկությունների մասին ցուցադրություններից և հայկական ձեռքի աշխատանքների ու կտավների վաճառքից զատ, Հասմիկ Ղարաղազարյանի, Արուսյակ Հարությունյանի և Աննա Խաչատրյանի նախաձեռնությամբ տեղահանված ընտանիքների համար անցկացվեց դրամահավաք:

«Օտարազգի այցելուներին ներկայացնում էինք Արցախի պատմությունը և այն իրավիճակը, որի մեջ հայտնվել են այսօր արցախցիները», – պատմում է նախաձեռնողներից Արուսյակ Հարությունյանը:

Աննա Խաչատրյանն ավելացնում է. «Մոտավորապես կեսը լսել էր «Արցախ» կամ «Ղարաբաղ» անվանումները և, թեկուզ փոքր, բայց որոշակի գիտելիք ունեին կատարվածից: Մյուս կեսն էլ բացարձակապես անծանոթ էր թեմային, և մեզ համար շատ կարևոր էր տեղեկացնել նրանց Արցախին և Հայաստանին պատուհասած հիմնահարցերի մասին», — Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ պատմեց նախաձեռնողներից Աննա Խաչատրյանը:

Նախաձեռնողները մանրամասնում են, որ աջակցության համար հավաքագրել են Արցախից բռնի տեղահանված 50 ընտանիք:

Հասմիկ Ղարաղազարյանն ընդգծում է. «Այս դրամահավաքի նպատակն է՝ օգնել նրանց գումարով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրականացնել իրենց կարճաժամկետ ծրագրերը»:

Փառատոնի ընթացքում Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Աճամեանը հանդես եկավ ուղերձով, շեշտեց՝ այն ինչ կատարվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործություն է և կոչ արեց ներկաներին կապվել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների և սենատորների հետ և գործուն քայլեր պահանջել:

Նա նաև աղոթեց Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարօրության, անվտանգության և ապագայի համար, Աստծուն խնդրեց իմաստություն շնորհել Հայաստանի ղեկավարներին՝ երկիրն այս խճճված իրողությունից դուրս բերելու համար:

Ամենամյա «Armenia Fest»-ը անցկացվում է արդեն 28 տարի անընդմեջ (բացառությամբ 2020-ին): 3 օրերի ընթացքում ներկայացվում են հայկական մշակույթը, խոհանոցը և քրիստոնեական հավատքը:

Փետրվարին մեզ հետ զրուցելիս, Տեր Ղևոնդը մասնավորապես նշել էր. «Փառատոնի ընթացքում եկեղեցին նույնպես բաց է, որպեսզի անծանոթները մտնեն և ծանոթանան մեր հավատքին և հասկանան, թե ովքեր են հայերը և ինչ փորձությունների միջով են անցել: Մենք ներկայացնում ենք ոչ միայն մշակույթը, այլ նաև հավատքը, որովհետև Քրիստոսը հյուրընկալ էր և ընդունեց բոլորին: Ով մոտենում է մեզ, մենք դիմավորում և ընդունում ենք նրան որպես քույր կամ եղբայր»:

Փառատոնին ներկա էր նաև Քերրոլթոն քաղաքի Քաղաքային խորհրդի անդամներից մեկը:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031