Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանի ուշադրությունը կենտրոնացած է ԼՂ-ի և տեղահանված բնակչության համար ստեղծված ողբերգական հետևանքների, ՀՀ-ին սպառնացող վտանգների վրա. Կալյուրանդը՝ Թագուհի Թովմասյանին

Հոկտեմբեր 23,2023 10:37

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար տիկին Մարինա Կալյուրանդը, արձագանքելով  Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի վայրագությունների մասին ահազանգող նամակներիս, իր պատասխան նամակում հավաստիացրել է Արցախի Հանրապետության և այնտեղից բռնի տեղահանված բնակչության իրավիճակի, ինչպես նաև հենց Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրության մասին։

Նա մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ տիկին Թովմասյան,

Եվրոպական խորհրդարանի նախագահ տիկին Ռոբերտա Մեցոլան խնդրել է ինձ՝ որպես Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության նախագահ, պատասխանել Ձեր նամակներին։

Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Եվրախորհրդարանի ամբողջական ուշադրությունը կենտրոնացած է 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման համատեքստում Լեռնային Ղարաբաղի և իր տեղահանված բնակչության համար ստեղծված ողբերգական հետևանքների, ինչպես նաև Հայաստանին սպառնացող վտանգների վրա:

Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների կողմից սեպտեմբերի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, ինչպես նաև խորհրդարանի 2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձևում, մենք խստորեն դատապարտում ենք նախապես ծրագրված և չհիմնավորված ռազմական հարձակումը և կոչ ենք անում նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պատասխանատու անձանց նկատմամբ։ Ինչպես գիտեք, մեր նախորդ բանաձևերում և հայտարարություններում մենք արդեն միաձայն դատապարտել և պահանջել ենք պատժամիջոցներ Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման համար, որն իրականացվել է 2020 թ. հրադադարի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի հրամանների բացահայտ խախտմամբ։

Թույլ տվեք իմ խորին ցավակցությունը հայտնել այս ռազմական հարձակման, դրա հետևանքների, այդ թվում՝ Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով Ղարաբաղի հայերի զոհերի համար։ Ես նաև իմ խորին զորակցությունն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները։ Մենք կշարունակենք նպաստել փախստականների վերադարձի իրավունքի իրացմանը և նրանց անվտանգության ու բարեկեցության համար Ադրբեջանի պատասխանատվությանը՝ միջազգային երաշխիքներով։ Սա պետք է ներառի միջազգային ներկայությունը տեղում՝ ապահովելու թափանցիկություն և վստահություն, ինչպես նաև այլ առաջնահերթ խնդիրների, ինչպիսին է՝ մշակութային ժառանգության պահպանումը:

Մենք քաջատեղյակ ենք Հայաստանի Հանրապետությանը սպառնացող Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության և ռազմական կուտակումների մասին։ Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում, ԵՄ-ի աջակցությամբ կայանալիք հանդիպմանը մասնակցելու Ադրբեջանի նախագահի մերժումն այս առումով ցավալի է, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս կայուն խաղաղության ձգտման Բաքվի հանձնառության բացակայությունը։ Սա է նաև պատճառը, որ մենք կոչ ենք անում համապարփակ վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Թեև մենք վստահում ենք և կոչ ենք անում վերսկսել խաղաղ բանակցությունները, Բաքվի հետ «բիզնեսը, ինչպես միշտ» բանաձևն ակնհայտորեն այլևս անընդունելի է։

Այս դժվարին ժամանակահատվածում, երբ Ձեր երկիրը բախվում է մի շարք արտաքին սպառնալիքների, Եվրախորհրդարանը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը: Այն ձգտում է Հայաստանին տրամադրվող ԵՄ աջակցության էական ավելացմանը՝ մարդասիրական օգնության անմիջական կարիքներից դուրս: Մենք կարծում ենք, որ դա, որոշակի պայմաններում, պետք է ներառի նաև Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցությունը:

Ի վերջո, թույլ տվեք նշել, որ ես ողջունում եմ վերջերս Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Սա կարևոր քայլ է հօգուտ միջազգային արդարադատության, որը հստակ ուղերձ է հղում պոտենցիալ ագրեսորներին և Հայաստանն ավելի է մոտեցնում Եվրամիությանը»,- ի պատասխան իմ նամակների՝ գրել է Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը:

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031