Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա 44-օրյա պատերազմից ավելի սարսափելի էր, արցախցիների 99 տոկոսը չեն գնա Արցախ՝ ադրբեջանցիների հետ ապրելու»

Հոկտեմբեր 23,2023 10:32

Արցախից բռնի տեղահանված Գայանե Վանեսյանի ընտանիքն արդեն երեք անգամ տուն է կորցրել։ «Մեկը 1993 թվականի հայրական տունս կորցրեցինք Ստեփանակերտում, մյուսը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տունը Շուշիում»,- թվարկում է Գայանեն։ Երրորդ անգամ այս տարվա սեպտեմբերի վերջին տասնօրյակում Ստեփանակերտում են թողել իրենց բնակարանը, որը պետությունը հատկացրել էր այս ընտանիքին 44-օրյա պատերազմից հետո՝ որպես բազմազավակ ընտանիք։

Ծնունդով ստեփանակերտցի Գայանեն ամուսնացել էր Սիսիանում, կարճ ժամանակ անց ամուսնու հետ վերադարձել ու բնակություն էր հաստատել Արցախում՝ Շուշի քաղաքում։ Գայանեն ունի 6 երեխա, 5 տղա, մեկ աղջիկ։ Նախքան 44-օրյա պատերազմը նրա ընտանիքն ապրել է Շուշիում, պատերազմից հետո կարճ ժամանակով տեղափոխվել են Սիսիան, այնուհետեւ մեկնել են Ստեփանակերտ ու բնակություն հաստատել այնտեղ։ Արցախից բռնի տեղահանվել են այս տարվա սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։

Գայանե Վանեսյանի ընտանիքն այսօր ապրում է Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Աղիտու գյուղում, սկեսրոջ տանը։ Ընտանիքի 11 անդամներով ապրում են կիսախարխուլ տան մեջ, որտեղ ձմռանը, Գայանեի խոսքով, շատ ցուրտ է լինում։ Տունը չունի կոմունալ տարրական պայմաններ, պատուհանները հին են, չունեն անհրաժեշտ գույք, նախատեսում են տունը ջեռուցել փայտի վառարանով։ Ստեփանակերտից դուրս գալիս այս ընտանիքը հասցրել է միայն հագուստ ու անկողին վերցնել իր հետ։

«Ներկա պահին հլա աշխատանք չկա, երեխեքը ծառերի պոպոքն են հավաքում, որ ձմռանն ուտենք։ Երեխեքը, ամուսինս աշխատանք են փնտրում, բայց երեւի ոչ մի հնարավորություն չկա Սիսիանում աշխատանք գտնելու։ Ես կուզեմ, որ տեղափոխենք այլ մարզ, բայց ամուսինս չի ուզում, ինքը դեռ շոկի ու սթրեսի մեջ է»,- ասում է Գայանեն։

Պատմում է, թե սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական հարձակման օրը ինչ իրավիճակ էր Արցախում։ «Ամուսինս ինֆարկտ տարած է, մենք գնացել էինք հիվանդանոց՝ հերթական ստուգումների։ Թոռնիկներիս ու հարսիս թողել էինք տանը, հիվանդանոցում էինք, երբ սկսեց։ Աղջիկս 7-րդ դասարանում է սովորում, ահավոր խուճապ էր, մենք մեզ կորցրել էինք, ոչ այն է՝ երեխաների մասին մտածեինք, ոչ այն է՝ մեծահասակ ծնողներիս։ Սա 44-օրյա պատերազմից ավելի սարսափելի էր, որովհետեւ ընդհանրապես չէինք պատկերացնում, որ այսպես կլիներ»,- ասում է Գայանեն՝ չկարողանալով զսպել արցունքները։ «Սա էթնիկ զտում է, մենք չէինք պատկերացնում, որ կարող է Ստեփանակերտը տային։ Կողքից ասում էին՝ նախօրոք իմացել են, բայց իմ ծանոթների մեջ մարդ չի եղել, ով իմացել է։ Մենք ընդհանրապես չենք պատկերացրել, որ Ստեփանակերտը կհանձնեին»,- հավելում է նա։

Գայանե Վանեսյանը մանրամասներ ներկայացրեց, թե Հայաստան տեղափոխվելիս ինչպես են անցել Հակարիի կամրջում տեղակայված ադրբեջանական անցակետով․ «Սովորական անցել ենք, չեն նեղել մեզ, բայց շատ էինք սարսափում տղաներիս համար։ Մեզ հարցեր չտվեցին, տղաներիս հարցեր տվեցին, ուղղակի աղջիկս ահավոր վախեցավ։ Նույնիսկ սկսել է դպրոցում չսովորել, երեխեն շատ է կոտրվել։ Երեք ժամվա ճանապարհը երեք սուտկա եկել ենք, երկրորդ օրը երեխեքս սոված-ծարավ էին, անտանելի էր»։

Արցախում շրջափակման մեջ կյանքը բարդ է եղել, ասում է՝ ամեն ինչ շատ թանկ էր, ինչքան գումար ունեին, ծախսել են սննդամթերք գնելու վրա։

«Ամեն ինչ շատ սարսափելի է եղել, մենք Շուշիում հսկայական տուն ենք ունեցել, ամեն ինչ ունեցել ենք, ամուսինս շինարար էր, մենք լավ էինք ապրում։ Ինձ համար շատ ծանր է այս ամենը»,- հավելում է նա։

Գայանեն նշում է, որ ադրբեջանցիների հետ ապրել չի պատկերացնում, քանի դեռ նրանք Արցախում են։ «Քանի դեռ իրենք այնտեղ են, ես հետ չեմ գնա։ Ես երեխա եմ եղել, իրենց հետ ապրել ենք, ճիշտ է, մեր հարեւանները վատը չեն եղել, բայց հիմա, երբ իրենք այսքանն արել են, սարսափելի է, անձամբ ես չեմ գնա։ Արցախցիների 99 տոկոսը չեն գնա Արցախ ադրբեջանցիների հետ ապրելու»,- ասաց նա։

Գայանեի երկու որդիները սեպտեմբերյան հարձակման օրերին դիրքերում են եղել, մնացել են շրջափակման մեջ։ Որդին պատմել է, որ ստիպել են զենքերը հանձնել, հետո իջնել դիրքերից։

Ընտանիքի անդամների մի մասը 100 հազարական դրամ միանվագ աջակցությունը ստացել են, մյուս մասը՝ դեռ ոչ։ Բայց հիմնական խնդիրը աշխատանք գտնելն է, ասում է նա։ Ըստ Գայանեի՝ Սյունիքում իրենց շատ լավ են ընդունել․ «Ընտիր հարեւաններ ունենք, շատ լավ են մեզ ընդունել, բոստանի եղածը տալիս են, կարեւորը հոգեպես շատ լավ են տրամադրված, մեզ շատ լավ են ընդունել, ինչի համար շատ շնորհակալ ենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031