Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես մեզ չհաջողվեց 26 տարի շարունակ փակել յոթ շրջանների հարցը, այնպես էլ Ադրբեջանին չի հաջողվելու փակել Արցախի հարցը»

Հոկտեմբեր 23,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը։

– Պարոն Հայրապետյան, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից հետո Դուք ի՞նչ հնարավորություններ եք տեսնում արցախցիների վերադարձի համար, թե՞ այսպիսով՝ Արցախի հարցը փակվո՞ւմ է։

– Արցախի էթնիկ զտումից հետո այս պահին եւ մոտ ապագայում արցախցիների վերադարձի հնարավորություն չի երեւում. եւ պետք էլ չէ, եթե իհարկե հերթական անգամ չենք ուզում մեր արյունակիցներին դարձնել մեծ խաղացողների համար մանրադրամ։ Սակայն դա ամենեւին չի էլ նշանակում, թե վերջնականապես փակվում է Արցախի հարցը։ Եթե անգամ Հայաստանի ներկա իշխանություններն ուզենան էլ, չեն կարող փակել հարցը, քանի որ դա թույլ չեն տա հարցն առքուվաճառքի վերածած եւ միմյանց դեմ խորքային պատերազմի ելած ուժային կենտրոնները։ Ինչպես մեզ չհաջողվեց 26 տարի շարունակ փակել յոթ շրջանների հարցը, այնպես էլ Ադրբեջանին չի հաջողվելու փակել Արցախի հարցը։ Պետք է լրջորեն պատրաստվել շահեկան վիճակում հայտնվելու համար։

– Շատ է քննարկվում հարցը, որ Արցախի նախագահի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին որոշումն իրավական ուժ չունի։ Հետեւաբար, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ, հանրաքվեով հռչակված հանրապետությունը ինչպե՞ս է հնարավոր  մեկ անձի որոշմամբ լուծարել։

– 2020 թ.-ին բոլորս տեսանք, որ Արցախի հարցն ամենեւին էլ իրավական հարց չէր, որքան էլ որ աշխարհի անխտիր բոլոր խոշոր տերությունների առաջնորդները բազմիցս կրկնում էին, թե՝ «Արցախի հարցը չունի ռազմական լուծում»։ Բայց սա էլ լուծումը չէ, այլ ընդամենը հանգրվան – ցավագին ու ընկճող հանգրվան։ Իհարկե, խայտառակություն էր եւ հետագա դժվարությունների գայթաքար՝ Արցախի այսպես կոչված նախագահի՝ լուծարման մասին որոշումը, սակայն երբ նպաստավոր վիճակներ ստեղծվեն (իսկ այդպիսիք անպայման ստեղծվելու են երբեւէ), ոչ ոք չի էլ նայելու այդ նախագահ հորջորջվածի ողորմելի ստորագրությանը։ Կրկնեմ՝ պատրաստվել է պետք, ինչպես որ 26 տարի պատրաստվեց Ադրբեջանը։

– Ակնհայտ էր, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը կանգ չէր առնելու, եւ հերթական տարածքային պահանջներն են ներկայացվում Հայաստանին։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որում գտնվում ենք, իշխանության վարած այս զիջողական քաղաքականությունն ադեկվա՞տ է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում։

– Մենք չափազանցնում ենք, երբ կարծում ենք, թե կանգ առնողը կամ չառնողը Ադրբեջանն է. Ադրբեջանն ընդամենը բութ գործիքն է իրական դահճի ձեռքում։ Մեզանում էլ քիչ չեն նրանք, որոնք ոչ մի վայրկյան կանգ չեն առել «վեց վիլայեթների» պահանջներով. դա խորքում նույնն է, ինչ որոշներն էլ կանգ են առնում 29,8-ի վրա։ Մեր կանգ առնել-չառնելն էլ արժեք կներկայացնի միայն այն ժամանակ, երբ իրական պրոյեկտ ունենանք, որը կբխի պատմական պահի եւ քաղաքակրթական զարգացման տրամաբանությունից։ Մերոնց զիջողական քաղաքականությունն իրոք ադեկվատ չէ ներկա իրողությունների համատեքստում, մանավանդ որ նրանց զիջողականությունն արմատապես այլ՝ ավելի վտանգավոր տեղում է, ոչ թե անկլավների կամ միջանցքների խոսույթում։ Բայց սա շատ ավելի երկար եւ այլ թեմա է։

– Եվ, հետեւաբար, ի՞նչ պետք է անել, որպես ազգ մեր անելիքները որո՞նք պետք է լինեն, իրավիճակը բեկելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում։

– Որպես ազգ մեր հիմնական անելիքը՝ ճշտելն է, թե մարդկություն օրգանիզմի այս հատվածում ի՞նչ դերակատարում ենք պատրաստ ստանձնել, որ մեկ ուրիշը մեզնից լավ անել չի կարող. եւ դա ոչ թե հայ բանաստեղծության ծեքծեքուն մտքով ու լեզվով, այլ մե՛ր ժամանակի աշխարհի ընկալելի ու համոզիչ լեզվով, բայց ոչ սողալով, պաղատելով։ Մենք հենց սա՛ չենք կարողացել անել՝ սկսած Մադրասի խմբակի ժամանակներից, թեեւ Դավիթ-Բեկը, Գարեգին Նժդեհը տարտամ ու հաջողված փորձեր արել են։ Այսօր իրավիճակը, հիրավի, տագնապահարույց է, սակայն ձեր ասած բեկումն ամենեւին էլ անհնարին չէ. պարզապես դա դուրս է ոչ միայն ռուսական մի դրածոյին մեկ այլ դրածոյով փոխարինելու ապաքաղաքական պահանջի տիրույթից, այլեւ հրապարակային քննարկման թեմա չէ. չէ՞ որ ձեր հրապարակումը ոչ միայն հայ շինականն է կարդալու, այլեւ օտարը, որին սիրահոժար ծառայելու պատրաստակամների պակաս, ցավոք, այսօր չկա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031