Հարցազրույց Լիբանանի բանակի նախկին գեներալ, բանակի հատուկ ուժերի ջոկատի հրամանատար, գեներալ Նարեկ Աբրահամյանի հետ
– Գեներալ, սահմանը Լիբանանում եւ Իսրայելում թեժ է, երկու կողմերում՝ «Հըզբոլլահ»-ի եւ իսրայելական բանակի, բախումներ եւ ռմբակոծություններ, բայց տակավին որոշ չափով զսպված է եւ չի հասել ամբողջական ռազմական առճակատումի:
– Մինչ qետնի վրա մանրամասների մասին խոսելը, ես կփորձեմ բացատրել սկզբունքային հարցը, եւ կարող եք ինքնուրույն եզրակացություն անել, թե ինչ կարող է տեղի ունենալ։
Կա պատերազմի երկու տեսակ. ամբողջական եւ սահմանափակ, այն, ինչ հիմա կատարվում է «Հըզբոլլահ»-ի եւ Իսրայելի միջեւ, սահմանափակ պատերազմ է, քանի որ կատարյալ պատերազմի ժամանակ երկու կողմերն էլ օգտագործում են իրենց ողջ ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ տնտեսական հնարավորությունները՝ ջախջախելու թշնամու պայքարելու կամքը: Այսօր մենք այդ փուլում չենք: Իրավիճակը հասկանալու համար պետք է նշել, որ այն ուժերը, որոնք իրենց որակում են որպես «մերժող ուժեր», ինչպիսիք են «Հըզբոլլահ»-ը, «Համաս»-ը եւ այլք, Իրանը նրանց ղեկավարն է, ֆինանսական աջակցություն է տրամադրում, մարզում է նրանց, քաղաքականապես թիկունք է կանգնում, այս ուժերը Իրանի արտաքին բազուկն են։
Կարդացեք նաև
Իրանը չի գնա ամբողջական պատերազմի: Այս հակամարտությունը սկսվելուց երկու օր անց ԱՄՆ նավատորմը հասավ Միջերկրական ծով, եւ դրան զուգահեռ եվրոպական խոշոր երկրները, ինչպիսիք են` Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան, միացան ԱՄՆ-ին եւ շատ հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը։ Ասում էին` եթե պատերազմ լինի, մենք այստեղ ենք, Իրանը, որը տարածաշրջանային կարեւոր ուժ է, եւ ցանկացած ուժ, որը նրան սատարում է, հասկացան, որ եթե հակամարտությունը սրվի, ամեն ինչ այլ ճանապարհով կգնա, ռազմական տարբերակը վերջին միջոցն է, որին դիմում են պետությունները, իրենց աշխարհաքաղաքական եւ տնտեսական շահերը հետապնդելու համար: Սկզբում սկսում են դիվանագիտական միջոցներ կիրառել, հետո տնտեսական պատժամիջոցներ, արհեստական բանականություն եւ հիբրիդային մարտավարություն, եւ երբ այս ամենը ձախողվում է, նրանք դիմում են ռազմական տարբերակների…
– Սա սահմանափակ պատերազմ է, որը սկսվել է ոչ դասական մեթոդներով (ոչ թե արցախյան 44-օրյա պատերազմի նման) «Համաս»-ի, որը դասական բանակ չէ, եւ իսրայելական դասական բանակի միջեւ, հայտնի համբավով եւ բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներով: «Համաս»-ը կարողացավ շատ հաջող գործողություն կատարել, ձախողության մատնելով այս տեխնոլոգիան:
– «Հըզբոլլահ» -ն ունի իր ռազմավարական թիրախն այս գործողությունից, որն է նպատակը։ Պատասխանը կերեւա պատերազմի ավարտին, իհարկե, նա իր հաշվարկում գիտակցեց իսրայելական բանակի հսկայական ռազմական կարողությունները, բայց հարց է, թե արդյոք նա կարողացա՞վ հաշվարկել, թե որքան հեռու է գնալու Իսրայելի բանակի ռազմական պատասխանը: Եթե Իրանը որոշել էր լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ, ինչո՞ւ չներգրավվեց այդ ռազմական գործողություններին Լիբանանի հարավից եւ սիրիական Գոլանի բարձունքներից, որոնք Իսրայելին կդնեին շատ ավելի անհարմար դրության մեջ: Չցանկացավ բացել այդ ճակատները կամ որոշեց դա անել փուլ առ փուլ, իմ կարծիքով, եթե ընտրեր աստիճանական փուլ առ փուլ, դա կլիներ ռազմական սխալ, Իսրայելին հնարավորություն տալով լուծել առաջին ճակատի հարցը եւ սկսել հաջորդ ճակատից ավելի հարմարավետ պայմանների ներքո…
Ո՞րն է Իրանի նպատակը, չենք կարող գնալ ամբողջական պատերազմի, Իսրայելը տիրապետում է ե՛ւ միջուկային, ե՛ւ մարտավարական միջուկային զենքի: Նրան ստիպելը օգտագործել դրանք՝ բացառվում է, դա կնշանակի 3-րդ համաշխարհային պատերազմ, բացի այդ, Իրանը չի ցանկանում առճակատման գնալ Արեւմուտքի հետ, կարծում եմ, որ Լիբանանը «Հըզբոլլահի» միջոցով չի պատերազմի Իսրայելի հետ:
Ռուսաստանը ներգրավված է ուկրաինական պատերազմում, միայն հետեւապահ է, նրա վիճակն անկայուն է տարածաշրջանում, Սիրիայում: Նա միակ խաղացողը չէ ամերիկացիների հետ, որտեղ ներկա են նաեւ իրանցիներն ու թուրքերը, ուստի Ռուսաստանը չունի մեծ շարժման ազատություն: Կարծում եմ, որ այս պատերազմից հետո լուծումը կլինի, եւ Իրանը հաստատում է իր ներկայությունը ցանկացած ապագա բանակցություններում, նա կփորձի կարգավորման հասնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ, եթե այդ տարբերակը ձախողվի, ամեն ինչ կարող է գնալ դեպի վատ: Իրանն ասում է՝ ես ներկա եմ, եւ տարածաշրջանում խաղաղություն չկա, եթե ես չհաստատեմ իմ դերն ու բաժինը, կարողացավ խափանել Իսրայելի եւ արաբական որոշ երկրների միջեւ հասունացող կայունացման գործընթացը։
-Ռազմավարական շատ վերլուծաբաններ այժմ կասկածի տակ են դնում Իսրայելի ռազմական հնարավորությունները, այն դիտելով որպես վակուում, զարմանալով, թե ինչպես է Իսրայելն իր բոլոր առաջադեմ տեխնոլոգիաներով, ինչպիսիք են արբանյակները եւ մոնիտորինգի սարքերը, չի կարողացել նկատել ռազմական նման լուրջ խախտում, նրանք նշում են, որ ակնհայտորեն Իսրայելի բանակի հնարավորությունները ինքնաբավ չեն, եւ այն կարիք ունի ԱՄՆ-ի եւ արեւմտյան ռազմական հովանավորության, նրանք եզրակացնում են, որ Իսրայելը երբեք չի կարողանա վերացնել պաղեստինյան դիմադրությունը եւ, ի վերջո, ստիպված կլինի ընդունել այն փաստը, որ այլ տարբերակ չունի, քան համաձայնության գալ այս հակամարտության վերջնական լուծման երկու պետությունների հիման վրա։
-Ինչպես ասացի, դասական պատերազմ է տեղի ունենում երկու դասական բանակների միջեւ։ Սա պատերազմ էր դասական իսրայելական բանակի եւ ոչ դասական պաղեստինյան ուժերի միջեւ, որոնք շատ հաջող գործողություն կատարեցին, դասական պատերազմներում իսրայելական բանակն առաջ է: Սա մեզ հիշեցնում է 1973 թվականի պատերազմը, Իսրայելի հետախուզությունը կասկածներ ուներ, որ արաբները կարող են հարձակվել իսրայելական տոների ժամանակ, բայց վստահ չէին, Եգիպտոսն ու Սիրիան անսպասելի հարձակվեցին եւ Իսրայելը դժվար օրեր ապրեց, բայց հետո, ԱՄՆ օդային կամրջի օգնությամբ իսրայելցիները, ի վերջո, վերականգնեցին իրավիճակը, առաջադեմ զենքերով եւ սկսեցին հակահարձակում: 100 000 հոգանոց եգիպտական բանակը շրջանցեցին Սինա անապատում, եւ սկսվեցին բանակցությունները, իսկ հետո Եգիպտոսն ու Իսրայելը ստորագրեցին «Խաղաղության պայմանագիր»: Այժմ այս գործընթացը կկրկնվի, ռազմավարական եւ քաղաքական նպատակները կիրականացվեն, պաղեստինցիներն անկախություն են ուզում, հիմա որքան Իսրայելը կվնասի «Համաս»-ին, որպեսզի նա ընդունի իր պայմանները իր այս գործողության ընթացքում, ի վերջո, երկու կողմերն էլ ընդհանուր լուծում կգտնեն այս հակամարտությունը դադարեցնելու համար:
Այս գործողությունը շատ լավ կազմակերպված էր, լիակատար գաղտնապահությամբ, թվում է, թե յուրաքանչյուր տառ ուներ որոշակի պարտականություն եւ այն իրականացվել է լիարժեք կարգապահությամբ։
Նախանձում եմ պաղեստինցիների բարձր պատրաստվածությունը, կազմակերպված բնույթն ու կարգապահությունը, որը 30 տարվա ընթացքում մեր ռազմական փորձագետները Հայաստանում դրա նման 1 տոկոսը չեն պատրաստել։ Սա իսկապես ցավալի է: Թող Հայաստանում մեր ռազմական փորձագետները դիտեն եւ սովորեն պաղեստինցիներից, հիմա մենք խոսում ենք Զանգեզուրի մասին, թող նրանք օրինակ վերցնեն, թե ինչպես է պատրաստվում ոչ դասական ժամանակակից պատերազմ, եւ ինչու չէ նաեւ` դասական։
Պաղեստինցիները շատ լավ էին պատրաստվել, ամենափոքր մանրամասնություններին ուշադրություն դարձնելով, գաղտնապահություն, կարգապահություն, խիզախության, նյութատեխնիկական ապահովման առումով: Միգուցե նրանք կարող էին կարճ ժամանակով հիբրիդային անջատել իսրայելական արբանյակներն ու մոնիտորինգի տեսախցիկները, իսրայելցիները նույնպես ակնհայտորեն ամբարտավան պահեցին, գերագնահատելով իրենց անվտանգությունը եւ թերագնահատելով պաղեստինցիներին։
Ոմանք ենթադրում են, որ Իսրայելը թույլ է տվել, որ այս ամենը կատարվի միտումնավոր: Ես այս միտքը անիրատեսական եմ համարում, հսկողություն իրականացնող բազմաթիվ զինծառայողների կտեղեկացնեի՞ն լռել, ունեին 1500 զոհ։
-Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը փոխկապակցված է, եւ որ ադրբեջանցիները ծրագրել են ավելի նոր հայկական հողեր գրավել Հայաստանից, այն Իրանից կտրելու համար եւ օգտագործել այդ հողերը, որպես հենակետ, որտեղ Իսրայելը հարձակվելու է Իրանի վրա։ Իսրայելը երբեք անկեղծ չի եղել խաղաղության գործընթացում։ Նա շարունակում էր բնակավայրեր կառուցել եւ նոր արաբական հողեր կցել, բայց ինչ վերաբերում է «Համաս»-ին, նրա արտաքին կապերը ինձ համար կասկածներ են հարուցում, ոչ միայն Իրանի դաշնակիցն է, որը Հայաստանի բնական դաշնակիցն է, այլ նաեւ Էրդողանին, ինչպես եք հասկանում իր սերտ կապերն երկու հակադիր նախագծերով երկրների հետ:
-Սա նաեւ դաս է հայերի համար: Մենք նույնպես պետք է աշխատենք լինել ճարպիկ եւ հնարավորինս լավ հարաբերություններ հաստատել յուրաքանչյուր երկրի հետ, հիմա ե՛ւ «Համաս»-ը, ե՛ւ Իսրայելը լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ, սրանք իրար հակասող չեն, «Համասը» գիտի, որ Թուրքիան ռազմավարական կապեր ունի Իսրայելի հետ, եւ Թուրքիան գիտի, որ «Համաս»-ը ռազմավարական կապեր ունի Իրանի հետ, դա նորմալ է, մի փուլում կարող են հանդիպել երեք կողմերի շահերը, եւ «Համաս»-ը կարող է դեր խաղալ, մոտենալու երկու երկրները, երբեմն Թուրքիան եւ Իրանը որոշ հարցերում համաձայնում են միմյանց հետ:
Մենք չպետք է ենթադրենք, որ եթե Գազայում պատերազմ է, ապա Անդրկովկասի շրջանը կարող է միաժամանակ չսրվել, կան հակամարտություններ, որոնք այժմ սառեցված են, բայց կարող են սրվել, ինչպես Թայվանը, ամբողջ տարածաշրջանը Մերձավոր Արեւելքից մինչեւ Միջին Արեւելք եւ Ուկրաինան փոխկապակցված են անուղղակի, բայց ոչ ուղղակի, Գազայի ճակատը միշտ բռնկում է, անկախ Զանգեզուրի հարցից։
Մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրասենյակը հերքել է այն լուրերը, թե նա զգուշացրել է, որ Ադրբեջանը պատրաստվում է ներխուժել Հայաստան, գրասենյակն ընդգծել է, որ կտրականապես մերժում է երկրների տարածքային ամբողջականության ցանկացած խախտում եւ կտրուկ պահանջում է սահմանային անձեռնմխելիւթյունը հարգել, ինչը բերանացի դրական հայտարարություն է Հայաստանի օգտին, հիմա ԱՄՆ-ը ցույց է անում, այս դեպքում երբեմն բերանացի, իսկ Իսրայելի նավատորմի հայտնվելու դեպքում, նույնպես հստակ ուղերձ է, որ միշտ անպայման ուժ կիրառելով չէ:
Բլինքենը ուղերձ է հղել Ադրբեջանին, չհատել Հայաստանի տարածքային ամբողջականության կարմիր գծերն ու սահմանները, բայց դա մեր գրավական երաշխիքը չէ, կարեւոր խնդիրն այն է, որ մենք` հայերս, լավ պատրաստված լինենք: Նայեք «Համաս»-ին, այսօր, չնայած Գազայում շատ ուժեղ ռմբակոծություններին, նրանք կարող են հակահարված տալ, մենք նստած աղաչում ենք ուրիշներին, որ գան մեզ փրկեն:
Մենք պետք է նաեւ սովորենք իսրայելական դասը. ինչպես ընդդիմությունը հայտարարեց, որ ոչ թե պառակտման, այլ միասնության ժամանակն է, մենք՝ հայերս, նույնպես պետք է համախմբվենք մեր իշխանությունների շուրջ, որոնք այսօր ներկայացնում են մեր պետականությունը, հետո երբ դուրս գանք այս վիճակից, եկեք ազատ ընտրություններ կազմակերպենք:
Եկեք դաս քաղենք նաեւ «Համաս»-ից, որը իսրայելական բանակի ներսում անհավասարակշռություն առաջացրեց, եթե մի կողմից չափենք «Համաս»-ի եւ Իսրայելի միջեւ ուժային հարաբերությունների տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, անշուշտ, տարբերությունը շատ ավելին է պաղեստինյան սցենարի մոտ:
-Իրատեսական չի լինի ենթադրել, որ պաղեստինցիները կհաղթեն այս պատերազմում ռազմական իմաստով: Ինչ եք դուք կարծում, որ նրանք քաղաքական հաղթանակի կհասնեն, դիմանալով այնքան, որ կստիպի իսրայելցիներին ճանաչել երկու պետությունների լուծման պաղեստինյան արդար իրավունքները, փոխարեն Իսրայելի կեղծավորության եւ բնակավայրեր կառուցելու քաղաքականությա՞ն:
-Այո, նրանք կգնան լուրջ բանակցությունների, հովանավորված մեծ պետությունների կողմից: Իսրայելն ունի երկու տարբերակ, մեկը, Գազայի ամբողջական ոչնչացումը, որը դժվար է մարսել, եւ մեծ երկրները թույլ չեն տա դա անել, կամ սպանել «Համաս»-ի առաջին կարգի առաջնորդներին։ Եթե Իսրայելը չկարողանա հստակ հաղթանակի հասնել, նա ստիպված կլինի ընդունել որոշակի պայմաններ, որոնք կլինեն երկու պետությունների լուծումը, կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ-ն է ցանկանում տեսնել այս լուծումը, բայց դեռեւս չի կարողանում Իսրայելին ստիպել դրան:
Հարցազրույցը վարեց
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2023